Նիկոլ Փաշինյանը որոշել է «քամել» ժողովրդին բոլոր հնարավոր ճանապարհներով, և այդ նպատակով հաստատել է այսպես կոչված՝ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները»։ Նախորդ հրապարակմամբ անդրադարձանք այդ միջոցառումներից մեկին, որով նախատեսվում է ավելացնել շրջանառության հարկի չափը և նվազեցնել հարկվող շրջանառության բազան։ Դա նշանակում է, որ փոքր բիզնեսի վրա հարկանյին բեռը կծանրանա, շատերը կդադարեցնեն իրենց գործունեությանը, իսկ բնակչությանը մատուցվող ծառայությունները և վաճառվող ապրանքները կթանկանան։ Սակայն սա ամբողջը չէ։
Իշխող վարչախումբը որոշել է ավելացված արժեքի հարկ կիրառել առողջապահության և կրթության ոլորտների վրա, որոնք մինչ այժմ ազատված են այդ հարկատեսակից։ Հիմնավորումն էլ պարզապես ապշելու է՝ սոցիալական նկատառումներով։ Այսինքն, ըստ այդ հիմնավորման այս կամ այն առողջապահական կամ կրթական ծառայությունից օգտվելու համար 20 տոկոս ավելի (ավելացված արժեքի հարկի չափը) վճարելը կնպաստի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։ Ըստ այդ տրամաբանության, ավելի լավ է մարդը ծախսի 12 հազար դրամ, քան թե 10 հազար դրամ։ Իսկապես որ, մարդկանց հիմարացնելու փաշինյանական գործելաոճը սահմաններ չի ճանաչում։
Փաստորեն, առանց այն էլ թանկ առողջապահական ծառայությունները թանկանալու են 20 տոկոսով։ Ընդ որում, թե պետական, թե մասնավոր հաստատություններում, քանի որ ԱԱՀ-ից ազատված է ամբողջ ոլորտը։ Օրինակ, այս օրերին ամենից շատ իրականացվող թոքերի համակարգչային տոմոգրաֆիան 20 հազար դրամի փոխարեն կթանկանա ևս 4 հազար դրամով։
Նույնը նաև կրթական ոլորտում։ Այստեղ ևս, նախկին «թալանչի» իշխանությունը ոլորտն ազատել է ավելացված արժեքի հարկից։ Ներկայիս «ժողովրդի» իշխանությունը հիմա հակառակն է անելու։ Արդյունքում, մասնավոր կրթական հաստատություններում ուսման վարձը կթանկանա։ Եթե մասնավոր դպրոցները հասանելի են ունևոր խավին, ապա նույնը չես ասի բուհերի մասին։ Թե պետական, թե մասնավոր բուհերում ուսման վարձն ազատված է ավելացված արժեքի հարկից և եթե այդ որտոնությունը վերացվի, ապա առանց բացառության բոլոր բուհերում ուսման վարձերը կթանկանան։ Բնականաբար, դա առաջին հերթին հարվածելու է սոցիալապես ավելի թույլ ապահովված խավին, որոնք հիմա դժվարությամբ են վճարում այդ գումարները։
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանը որոշել է գյուղատնտեսությունը ևս ընդգրկել ավելացված արժեքի հարկի դաշտում՝ առայժմ առանց հարկելու, բայց պահանջելով գյուղմթերքներ արտադրողներից՝ գյուղացիներից հաշվարկային փաստաթղթեր տրամադրել։ Ակնհայտ է, որ սա նշանակում է գյուղմթերքների թանկացման նոր փուլ։ Եթե այժմ գյուղմթերքներ վաճառողները իրենց մատակարարված ապրանքների համար որևէ փաստաթուղթ չեն ստանում ԱԱՀ-ից ազատված գյուղացիներից, ապա հիմա ստանալու են։ Դա նշանակում է, որ նրանք հավելյալ 20 տոկոսի չափով հարկ են վճարելու և համապատասխանաբար թանկացնելու են իրենց վաճառած գյուղմթերքները։
Այսպիսով, արձանագրենք նոր 2021թ․ Նիկոլ Փաշինյանի կողմից մատուցվող «նվերը» «հպարտ» քաղաքացիներին՝ առողջապահական և կրթական ծառայությունների թանկացում, գյուղմթերքների գների աճի նոր փուլ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը