04 01 2021

«Աչքալուսանք» փոքր բիզնեսին՝ իշխանությունը բարձրացնելու է շրջանառության հարկը

«Աչքալուսանք» փոքր բիզնեսին՝ իշխանությունը բարձրացնելու է շրջանառության հարկը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն Արցախը ջախջախեց՝ նրա մեծ մասը հանձնելով Ադրբեջանին, Հայաստանի անվտանգությունը վտանգեց, այլև անցած ավելի քան երկու տարվա ընթացքում երկրի տնտեսությունը կանգնեցրեց աղետի եզրին։ Պետական բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան սկսեցին կտրուկ նվազել այն աստիճան, որ  կառավարությունը հարկադրված եղավ հոկտեմբերին 52 մլրդ դրամ վերցնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարից։ Այդուհանդերձ, աղետալի կացությունը անգամ դրանից հետո չբարելավվեց, և կառավարությունը հիմա էլ որոշել է գնալ իր բնորոշմամբ՝ «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» (համապատասխան նախագիծն արդեն տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում)։ Սա նշանակում է, ոչ ավել, ոչ պակաս սկսվելու է բիզնեսից լրացուցիչ գումարներ քերելու նոր փուլ։ Կառավարությունը այդ փաստաթղթով հայտարարում է շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացման և շրջանառության հարկի շեմի իջեցնելու մասին։ Սա նշանակում է, որ հարվածն առաջին հերթին ուղղվելու է փոքր բիզնեսին, որը գործում է շրջանառության հարկի դաշտում և որը վերջին երկու տարում  շրջանառության անընդհատ անկում և եկամուտների նվազում է ունենում։

Թե կոնկրետ որքա՞ն է բարձրանալու շրջանառության հարկը գործունեության այս կամ այն տեսակի համար, դեռ հայտնի չէ։ Հայտնի չէ նաև, թե թե հարկի շեմը որքանո՞վ են իջեցնելու։ Սակայն միանշանակ է, որ ավելի է վատացնելու մեր տնտեսության վիճակը։ Եվ դրա հետ մեկտեղ պետական բյուջեի եկամուտների էական աճի չի բերելու։  Բանն այն է, որ շրջանառության հարկից ստացվող եկամուտները չեն գերակացնում բյուջեի ընդհանուր եկամուտների 1-1,5 տոկոսը։ Այն կարող է բարձանալ առավելագույնը մինչև 2 տոկոսի չափին։ Դա աննշան ազդեցություն է բյուջեի համար։ Սակայն, բացառված չէ նաև եկամուտների անկումը, քանի որ հարկային բեռի ավելացման հետևանքով շատ տնտեսվարողներ կարող են փակվել,  կամ ավելի խորը ստվերային դաշտ մտնել, կամ էլ ստիպված լինեն աշխատատեղեր կրճատել։

Այսինքն, փոքր բիզնեսը ստիպված է լինելու պաշտպանել իր շահերը։ Հիշեցնենք, որ մինչ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», նախորդ իշխանության կողմից շրջահարկի դրույքաչափի իջեցնելուց էին  հարյուրավոր առևտով զբաղվողներ դժգոհում և օրեր շարունակ բողոքի ցույցեր անում կառավարության շենքի մոտ։

Շրջանառության հարկի շեմի մասին։ Այն այժմ 115 մլն դրամ է։ Իշխանության երեսպաշտության դրսևորումներից էր 2019 թ․-ի հունվարի 1-ից շրջանառության հարկի շեմը նախատեսված 58 մլն դրամի փոխարեն 115 մլն դրամին վերադարձնելը։ Պոպուլիստական այդ որոշման նպատակն էր ցույց տալ, թե հեղափոխական իշխանությունը իբր որքան հոգատար է փոքր բիզնեսի նկատմամբ։ Հիմա, երբ տնտեսական անկման մեջ ենք, և հատկապես փոքր բիզնեսին սատարելու սուր անհրաժեշտություն կա, կառավարությունը որոշել է «քերթել» նրան, իջեցնելով շրջանառության հարկի շեմը և բարձրացնելով գանձվող հարկի չափը։

Եվ վերջապես, հարկային բեռի ծանրացումը իր վրա անմիջապես զգալու է ամբողջ բնակչությունը։ Բիզնեսը հարկադրված է լինելու բարձրացնել իր ծառայությունների, արտադրվող կամ վառաճվող ապրանքների  գները։ Հիշեցնենք, որ դրան նպաստող ևս մեկ գործոն ունենք՝ 400 կվտ/ժ-ից ավելի սպառողների, այսինքն բիզնեսրի համար էլեկտրաէներգիայի գների բարձրացումը փետրվարի 1-ից։ Այնպես որ, շարունակում ենք «վայելել» «թավշյա» իշխանությունն իր ամբողջ «հմայքով»։

Արա Մարտիրոսյան     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ