Երկրում արդեն գրեթե 2 ամիս իշխանության ղեկին է մի խմբավորում, որը խայտառակ ձևով պարտության է մատնել Հայոց բանակը, հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել: Ի լրումն, խմբավորման պարագլուխը ժողովրդի թիկունքում թշնամու հետ կնքել է նվաստացուցիչ և կործանարար «համաձայնագիր»՝ թշնամուն թողնելով Արցախը, հարվածի տակ դնելով Սյունիքը և Հայաստանի այլ հատվածներ, առհասարակ՝ վտանգելով Հայաստանի հետագա գոյությունը: Դեռ մի բան էլ, պարզվում է, այդ խմբավորման պարագլուխը թշնամու հետ ինչ-ինչ բանավոր համաձայնություններով շարունակում է զիջել ու զիջել մեր երկրի տարածքը, մեր հայրենակիցների գոյության ու գործունեության համար անհրաժեշտ կենսատարածքը:
Հա, բայց նա շարունակում է պաշտոնավարել, համարվել ՀՀ վարչապետ, ոստիկանությունն ու ռեպրեսիվ ապարատը քսի տալով վերը թվարկված ապիկարության դեմ բողոքող հայության վրա...
Նման պայմաններում իսկապես էլ հետաքրքիր է, որ այդ չարաղետի հեռացման պահանջ դրած ու երկրի գոնե եղած մասը փրկելու, կործանարար ընթացքը կասեցնելու և դեպի վերջնական անկում գլորվող անիվը կանգնեցնելու նպատակ հետապնդող հայրենակիցներն իրենց քայլերը ձգտում են, ինչպես ասվում է՝ «օրենքով անել»: Այսինքն, հենց օրենքով, օրինական ու քաղաքական մեթոդաբանությամբ են և ենք պայքարում: Ի լրումն՝ քաղաքակիրթ և, որոշակի առումով, նաև՝ ակադեմիական քաղաքական գործիքակազմով: Խոսքը, իհարկե, Հայրենիքի փրկության շարժման մասին է, առաջին հերթին:
Ակադեմիականը, քաղաքակիրթը, քաղաքականը, օրինականը, իհարկե, բացասական որակներ չեն: Հակառակը՝ դրական են, գնահատելի և բնորոշում են այդ մոտեցումները որդեգրած գործիչներին: Այդ շարքում այնպիսի գործիչների, որոնց վաստակն ու անհատական որակը բավարար է՝ դեռևս երկրի ղեկին գտնվող «ժեխապետական իշխանության» ամբողջ կազմին հակակշռելու համար: Բայց դա չէ հարցը:
Հարցն այն չէ նաև, որ «այլ մոտեցումները» կարող են հանգեցնել բախման ու ցնցումների, ինչն առավել քան անցանկալի ու վտանգավոր է մեր այս՝ առանց այդ էլ աղետյալ իրավիճակում: Դա էլ կա:
Ըստ որում, պատահական չէ, ավելին՝ բնութագրական է, որ նոյեմբերի 9-ից հետո հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցներն են երկրում «քաղաքացիական պատերազմ», ներքին բախումներ հրահրելմու և արյունահեղության բավականին ագրեսիվ քարոզ ու «գիծ» տանում: Գերագույն մեղադրյալի տխրահռչակ գրառումը՝ իր հերթին, դրա ցանկացած ելույթի ու գրառման մեջ եղած բացահայտ ուղղորդումներն էլ՝ իրենց հերթին, զանազան «նիկոլազգիների» ու քայլական մանդատավորների մաղձաժայթքումները՝ չհաշված:
Կարճ ասած՝ գործ ունենք մի սուբյեկտի ու երևույթի հետ, որ թե՛ նախկինում, թե՛ իշխանության հասնելու ընթացքում, թե՛ իշխանության գալու և պաշտոնավարելու երկուսուկես տարվա ընթացքում, թե՛ բուն պատերազմի ժամանակ, թե՛ հատկապես իր իսկ ջանքերով ու մեղքով ստեղծված այս աղետային իրավիճակում մշտապես ոտնահարել է գրված ու չգրված օրենքները, հասարակական, քաղաքական գործունեության բոլոր էթիկական նորմերը, մշտապես դրսևորել է հակահասարակական ու անպարկեշտ վարք:
Փաշինյանն ինքը իշխանության է եկել ապօրինի եղանակով, թող որ՝ անարյուն, բայց՝ հեղաշրջման միջոցով: Դա այն է, ինչը կոչվում է պետական իշխանության զավթում: Դա, առհասարակ, քրեորեն հետապնդելի արարք է:
Հետագայում, նա ձևականորեն՝ օրինական է «ընտրվել» ՀՀ վարչապետ: Բայց դա տեղի է ունեցել ա) նիկոլական ժեխազանգվածի կողմից մի ամբողջ շարք պատգամավորների և նրանց ազգականների, ընտանիքի անդամների նկատմամբ ինչպես հոգեբանական և հրապարակային գերագրեսիվ տեռորով, այնպես էլ՝ հաշվեհարդարի սպառնալիքներով ճնշումների թիրախ դարձնելու, բ) հատկապես քաղաքական հակառակորդների կողմից՝ երկիրը հավելյալ ցնցումներից հետ պահելու ողջամիտ դիրքորոշում որդեգրելու հետևանքով:
«Ցնցումներից հետ պահելը», հանրագումարում բերեց 45 բալանոց երկրաշարժի, որի տակ Նիկոլ Փաշինյանն ու իր ժեխակույտը թաղեց Արցախը, Հայաստանը, անցած 30 տարին ու անցնելիք 30 տարին էլ՝ վերադիր:
Մի խոսքով, այս ամբողջ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու իր խառնաթիմը դրսևորել են այնպիսի վարք և գործելաոճ, ինչը նրանց հեռացումը պահանջողներին լիովին ձերբազատում է «ակադեմիական ու քաղաքակիրթ մոտեցումների» շրջածիրում մնալու պարտավորությունից: Փողոցայինի դեմ ակադեմիական ոճի պայքարը տևական ժամանակի մեջ գուցե ավելի նախընտրելի է ու հեռանկար ունի: Բայց խնդիրն այն է, որ մենք այդ «տևական ժամանակը» չունենք:
Ինչ վերաբերում է կոնկրետ ներկա իրավիճակին: Ապա ակնհայտ է, որ «ակադեմիական, քաղաքական, քաղաքակիրթ» մոտեցումներով այս չարորակը չի հեռանալու:
Առհասարակ, իրավիճակը նկարագրելի է հետևյալ պատկերով. թուրքը մտել է տուն, յաթաղանը քաշել է, որ սպանի, ասում ենք՝ «մեկ վայրկյան, իսկ այս յաթաղանը ժողովրդավարակա՞ն հիմունքներով է պատրաստվել կամ այն ժնևյան կոնվենցիային համապատասխա՞ն է սրվել, այո՞... դե, եթե այո, ապա խնդիր չէ, մորթեք...»:
Յաթաղանի դերում այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է, իր քայլական մանկլավիկներով հանդերձ:
Մեր նախնիները, ի դեպ, Վանում, Մուսալեռում, Սարդարապատում նման անհեթեթ հարցեր չէին տալիս, այլ գիտեին, թե՝ ինչ անել: Դրա շնորհիվ էլ վերապրեցին: Իսկ մենք երևի հոգնել ենք վերապրելուց կամ իրականում նման ցանկություն չունենք:
Ունե՞նք, թե՞ չունենք: Կերևա, թերևս, 2021-ին:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը