24 12 2020

Մեկ ամսվա չափով բյուջեի եկամուտներ չենք ունեցել

Մեկ ամսվա չափով բյուջեի եկամուտներ չենք ունեցել

Տնտեսական կացությունը Հայաստանում վատթարանում է ոչ թե ամսե-ամիս, այլ օրըստօրէ։ Կտրուկ թանակցումների, դրամի արժեզրկման մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։ Օրերս հայտնի դարձավ, որ փետրվարի 1-ից թանկանալու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը 400 կվտ/ժ-ից ավելի սպառողների համար։ Այս թեմային առանձին կանդրադառնանք, քանի որ թյուր տպավորություն է ստեղծվել, թե դա չի ազդելու բնակչության վրա։ Անպայման ազդելու է, ճիշտ այնպես ինչպես պետական բյուջեի հարկային եկամուտների շարունակվող անկումը այս տարի և եկող տարի նախատեսվող նվազումը։ Այս տարվա հունվար-նոյեմբերի ցուցանիշներով, մեր պետական բյուջեի հիմնական՝ հարկային եկամուտները արդեն ավելի քիչ են, քան 2019 թ․-ին։ Ներկայացնենք գումարային տվյալները։

Այս տարվա 11 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 244 մլրդ դրամ։ Դրանք թերակատարվել են այս տարի նախատեսված երկու անգամ նվազեցված և ճշգրտված պլանի համեմատ, չխոսելով արդեն սկզբնական պլանի մասին։ Նախորդ տարի այդ նույն ժամանակահատվածում հարկային եկամուտները կազմել էին 1 տրլն 314 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա հունվար-նոյեմբերին պակաս են ստացվել մոտ 70 մլրդ հարկային եկամուտներ։ Եթե սրան էլ ավելացնենք այն փաստը, որ հոկտեմբերին կառավարությունը գնաց աննախադեպ բացասական քայլի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակած գումարից վերցրեց 52 մլրդ դրամ, ապա կստացվի, որ նախորդ տարվա համեմատ մեր բյուջեի եկամուտները նվազել են ավելի քան 122 մլրդ դրամով։ Հասկանալու համար, թե սա ինչ գումար է, նշենք, որ դա մեկ ամսվա բարձր հարկային եկամուտների գումար է։ Այսինքն, ստացվում է, որ մենք մեկ ամբողջ ամիս չենք ունեցել հարկային եկամուտներ։

Բացի նրանից, որ նման իրավիճակում անհնար է լուծել մեր երկրի առաջ բազմապատիկ ծավալներով ավելացած սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները, բյուջեի եկամուտների նման անկումը բացասական է ազդելու տնտեսական զարգացման վրա։ Նվազած եկամուտները ենթադրում են ավելի քիչ ծախսեր, ինչն էլ ենթադրում է տնտեսական աշխուժության նվազում։ Դա էլ շղթայաբար բերելու է տնտեսական անկման խորացման։ Վիճակը վատթարացումը կանխել հնարավոր է միայն, եթե Հայաստանում կատարվեն մասնավոր ներդրումներ, որոնք ինչ որ չափով կթուլացնեն տնտեսական անկման տեմպը։ Սակայն բոլորս գիտենք, որ դա տեղի չի ունենում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանում կատարվող օտարերկրյա ներդումները նվազում են, ինչը Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունների և նրա կառավարության անգործունակության հետևանք է։ Դրան հիմա ավելացել են պատերազմի թողած հետևանքները, որոնք դեռ նոր նոր են սկսվել դրսևորվել։

Եվ վերջապես ամենակարևորը՝ իշխանության և կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ նման խորը անվստահության պարագայում անհնար է պատկերացնել որևէ ոլորտի , այդ թվում տնտեսական վիճակի բարելավում։ Մյուս գործոնը, որ դա անհնար է դարձնում դա, սեփական իշխանության գերադասումն է երկրի վիճակից։ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում և չի կարող կառավարել, նա միայն ցանկանում է իշխել։ Նրա համար միևնույնն է, թե երկրի անվտանգության կամ սոցիալ-տնտեսական վիճակի հետ ինչ կլինի։ Սա տնտեսական կացության բարելավման անգամ տեսական դատողությունների հնարավորություն չի տալիս։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ