09 12 2020

30 տարի անց ստացանք դեգրադացված հասարակություն

30 տարի անց ստացանք դեգրադացված հասարակություն

Ընդամենը երեք տարի առաջ թվում էր, թե մեր անկախության ավելի քան քառորդդարյա ընթացքում հասել ենք այնպիսի հանգրվանի, որ պետականությունն այլևս որպես այդպիսին կայացած է և ոչ մի լուրջ սպառնալիք չի կարող այն սասանել։ Ավաղ, իրականությունն այլ էր։ Այսօր մեր պետականությունը՝ Հայաստանը և Արցախը, հայտնվել են լրջագույն վտանգի առջև։ Արցախի ահռելի մասը կորսվել է, Հայաստանի սահմանները վտանգվել և պաշտպանունակությունը թուլացել։ Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը եղել է այն մոլորությունը, որ մենք դարեր շարունակ պետությունից զրկված լինելուց հետո իբր թե սկսել ենք գիտակցել, թե ինչ է անկախությունն ու պետությունը, ինչպես պետք է այն պաշտպանել թշնամիներից, ում հետ պետք է դաշնակից լինել։ Իրականում մենք որպես հավաքական միավոր այդ ամենը այդպես էլ չգիտակցեցինք։ Ավելին, Խորհրդային Միությունից դուրս գալու պահին անկախության արժեքի գիտակցումը անհամեմատ ավելի բարձր էր, քան հիմա, երբ գրեթե 30 տարի այն ունենք։

Բան այն է, որ տարիներ, տասնամյակներ շարունակ, ստեղծելով պետությունը բնութագրող հիմնական համակարգերը՝ բանակը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, մեր արժույթն ու բանկային համակարգը, հարկային, առողջապահական, սոցիալական համակարգը, պետական ծառայություն համակարգը և այլն, մենք թերացել ենք մի մեծ հարցում՝ անտեսել ենք պետական գաղափարախոսության կարևորությունը։ Մենք կրթական ծրագրերում՝ մանկապարտեզ, դպրոց, բուհ, երաժշտության, գրականության մեջ, ֆիլմերում չենք ներարկել պետականության կարևորությունը, չենք դաստիարակել և քարոզել պետության ստեղծման մեր անցած ճանապարհը, չենք ներկայացրել մեր հերոսներին՝ զոհված և առավել ևս ողջ, որոնք կերտել են մեր հաղթանակները, չենք շեշտել այդ հաղթանակների դերը մեր բուն գոյության հարցում, չենք շեշտել մեր երկրի՝ անվտանգության առումով բարդ տարածաշրջանում գտնվելը, որտեղ մեր երկու հարևանները ամեն պահ ցանկանում են ոչնչացնել մեզ և որը թույլ չտալու համար անհրաժեշտ է մեր դաշնակից Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն ու դրան դեմ հանդես եկող ցանկացած մոտեցման հանդեպ անհանդուրժողականությունը։ Չենք կարևորել արտաքին միջամտությունների դեմ իմունիտետ ստեղծելու անհրաժեշտությունը։ Ավելին մեր դռները հատկապես վերջին 7-8 տարիներին լայնորեն բացել ենք արտերկրից ֆինանսավորովող զանազան կազմակերպություններիկ առջև՝ սկսած տխրահռչակ Սորոսի հիմնադրամներից վերջացրած ամերիկյան, բրիտանական, գերմանական  և արևմտյան պետական միջոցներից ֆինանսավորվող այլ հիմնադրամները, լրատվամիջոցները, որոնք այս ողջ ընթացքում քայքայիչ աշխատանք են տարել մեր պետության դեմ։ Վերջին տանսամյակում առօրյա դարձած սոցցանցային իրականության մեջ անգամ մեդիագրագիտության տարրական կանոները որևէ կերպ չենք փորձել սովորեցնել մեր բնակչությանը՝ սկսած դպրոցներից վերջացրած պետական հաստատություններով՝ պետական միջոցներով իրականացվելիք դասընթացներով։ Ինչ եղավ այս ամենի արդյունքում՝ նշեցինք վերևում։ Ինչպե՞ս դա եղավ։

Մենք մոռացանք մեր համազգային  զարթոնքը 1988-ին։ 30 տարի անց մենք ունեցանք դեգրադացված հասարակություն՝ հիմնարար կրթությունից զուրկ և իրեն մատուցվող ապազգային արժեքներին դավանող երիտասարդություն, դրան զուգահեռ՝ արժեքների ձևախեղում ունեցած ավագ սերունդ։ Մեզ համար այլևս պետությունը, Արցախը առաջնային չէին, մեզանում բթացել էր վտանգի զգացումը, որ բխում էր մեր հարևաններից։ Մինչ օրս էլ շատերը դա չեն գիտակցում և ապրում են այնպես, կարծես թե Հայաստանը Նոր Զելանդիան է՝ շրջապատված օվկիանոսով, որտեղից ոչ մի թշնամական հարձակում չի սպասվում։ Մեր մեջ սերմանեցին ատելություն միմյանց նկատմամբ, օգտագործելով «թալան», «կոռուպիցա», «ժողովրդավարություն», «եվրոպական արժեքներ», «հանդուրժողականություն» և նմանատիպ այլ արտահայտություններ, որոնք մշտապես կիրառվում են որևէ պետության դեմ պատերազմ վարելու և ներսից քայքայելու համար։ Եվ քանի որ պարարտ հողն արդեն կար՝ ի դեմս կրթական մակարդակի անկման, ապա այն հանգեցրեց 2018 թ․-ի ապրիլ-մայիսի։ Ընդ որում, դա տեղի ունեցավ մի քանի նախնական բեմադրություններից հետո՝ սկսած 2013 թ․-ից։ Դրանք էին տրանսպորտի սակագնի, էլկետրաէներգիայի սակագնի թանկացման, կուտակային համակարագի ներդրման դեմ բողոքի ցույցեր, ՊՊԾ գնդի գրավում և վերջապես «թավշյա» իշխանազավթում։ Մեր զգոնությունը այն աստիճան է բթացել, որ դեռ չենք գիտակցում, որ մեր դեմ պատերազմը սկսվեց դեռևս երկուսուկես տարի առաջ։ Այս ընթացքում Հայաստանում իշխանությունը զավթած ուժը հետևողականորեն քայքայեց ու թուլացրեց մեր պաշտպանունակությունը՝ բանակն ու մյուս ուժային կառույցները, կաթվածահար արեց պետական կառավարման ողջ համակարգը՝ ստեղծելով իդեալական պայմաններ արտաքին ներխուժման համար՝ ինչը շատ չուշացավ։

Բավական է միայն լսել, թե ի՞նչ թեթևությամբ է խոսում մեր կորուստների մասին երկրի ղեկին հայտնված անձը և ինչպե՞ս է դրան աձագանքում հասարակության մի ստվար հատվածը, հասկանալու համար, թե ինչ մտավոր և արժեքային հետընթաց ենք ապրել։ Անցած 30 տարում երկու սերունդ պայքարեց,  տասնյակ հազարավոր մարդիկ արյուն թափեցին հայկական տարածքներ ազատագրելու համար, հարյուր հազարավորների ջանքերով ստեղծեցինք պետություն և մենք ինքներս մեր տառապանքներն ու զոհողությունները ի չիք դարձրեցինք և այդպես հեշտությամբ մոռացանք։ Իրեն վարչապետ համարողը ցնցման մեջ է ընկնում իր օծանելիքի կորցնելուց և անմեղսունակ հայացքով, առանց ցավի որևէ նշույլի հայտնում, որ 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց և մենք կորցրեցինք Արցախի ահռելի մասը։ Ի՞նչ անել ստեղծված վիճակում։

Անելիքներն ահռելի են՝ մենք հետ ենք շպրտվել 30 տարի և հայտնի չի, թե ինչքան կպահանջվի մեր մեջքը շտկելու համար, ի՞նչ կլինի Արցախի հետ։ Սակայն առաջին հերթին հստակ է մեկ բան՝ մենք պետք է ցանկանանք շտկել մեր մեջքը և ամեն գնով հրաժարվել պարտության հասցրած իշխանությունից։ Հետո արդեն պետականությանը հիմքերը վերակագնելուն զուգահեռ, ստեղծել այն գաղափարական հիմքը, որի մասին նշվեց վերևում և առանց որի ոչ մի պետություն չի կարող գոյություն ունենալ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ