Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարակնը: Ձևավորվում են տարբեր նախաձեռնություններ և շարժումներ: «Հայրենիքի փրկության շարժումը» արդեն նաև միասնական թեկնածուին է ներկայացրել, որը շաբաթ օրը հանրահավաքի ժամանակ խոսեց ճանապարհային քարտեզի և առաջիկա անելիքների մասին:
Հարթակից տարբեր ոլորտների ներկայացուցիչներ խոսեցին, մշակույթ, արվեստ, հոգևոր ոլորտ, գիտություն, բանակ, բոլորը նշում էին իրենց տեսանելի վտանգները այս իշխանության մնալու դեպքում:
Հանրության տարբեր խավերի ասածներին ականջալուր լինելու, հետևություններ անելու փոխարեն շաբաթ օրվանից իշխանությանն ու իշխանամերձ շրջանակներին, պարզվում է, դուր չի եկել Վազգեն Մանուկյանի մի արտահայտություն՝ «գազազած հանրություն»:
Մոտեցումը, թերևս օրինաչափ է, հայրենիքը կորցնելուց հետո, մարդկանց ընդվզումից հետո իշխանական պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները մտահոգված էին դռների կոտրված կողպեքներով և օծանելիքի և ժամացույցի կորստով:
Հետաքրքրական է, որ վերջին երկուսուկես տարում Նիկոլ Փաշինյանը ամենատարբեր արտահայտություններով է պիտակել հասարակության տարբեր խմբերին, խավերին՝ անհատապես ու հավաքական մեղադրանքներ ու վիրավորական արտահայտութոյւններ անելով:
Ստորև ներկայացում ենք դրանցից ամենահայտնիները:
Փաշինյանը՝ գիտնականներին․ «Մենք չենք նայելու՝ գիտության ֆինանսավորումը ավելացնենք, որովհետև ֆինանսավորելու համար պետք է հասկանանք՝ գիտությունն ի՛նչ է տալու դրա դիմաց երկրին, պետությանը ժողովրդին: Գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չեն երևում»:
Փաշինյանը՝ հոգևորականներին․ «Ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք կխառնվեն կառավարության գործերին»:
Փաշինյանը՝ դատավորներին․ «Սա տիրոջ ստրուկ դատական համակարգ է։ Գնացել են անկյուններում իրենց հին տերերին են փնտրում։ Դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք, բա մենք 400 հազար դրամով ո՞նց ապրենք, բա լավ չէ՞ր էն ժամանակ. մեզ փող էիք տալիս, մեզ հաց էիք տալիս, մեզ համար խաշ ու քյաբաբ էիք ուղարկում»:
Փաշինյանը՝ լրագրողներին․ «Լրատվամիջոցների 99 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը իշխանությունից փող է ստացել, հիմա չկա՝ կատաղած են»:
Փաշինյանը հայրենիքի կորստի դեմ ընդվզողներին․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։
Հարց է առաջանում, այս մարդիկ, որ հիմա, վիարվորված են զգում իրենց, հասարակության արժանապատվությունից են խոսում, մարդու իրավուքներ են վկայակոչում, այդ ժամանակ ասելու բան չունեին, երբ Փաշինյանը, որ կոչված էր լինելու բոլորի վարչապետը, դատավորներին ասում էր վնգստացողներ, լրագրողներին՝ կատաղածներ, գիտնականներին՝ սուրճ խմողներ և այդպես շարունակ: Ասլեի՞ք չկար, թե ինչպես միշտ, Փաշինյանին կարելի է ամեն ինչ, կամ ինչպես դուք էիք ասում՝ «բա Նիկոլի ժամանակ՝ ինչի՞ չէիք խոսում»:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի խոսքը որևէ մեկը, նաև՝ մենք կոնտեքստից չկտրեցինք, բայց ահա Վազգեն Մանուկյանի խոսքը իշխանամետ զանգվածը ներկայացնում է այնպես, ինչպես ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին։
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը