02 12 2020

Հայաստանի սոցապոլորտը տապալած Թանդիլյանը հիմա էլ Արցախում է նախարար

Հայաստանի սոցապոլորտը տապալած Թանդիլյանը հիմա էլ Արցախում է նախարար

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար: Լուրը պաշտոնապես հաստատվեց այսօր, թեթև մամուլը մի քանի օր է՝ գրում էր այդ մասին:

Նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Արցախում իրավիճակը, մեղմ ասած, միանշանակ չէ: Մենք տեսանք, որ տարբեր պաշտոնյաներ հրաժարականի դիմում ներկայացրեցին, տարբեր կոչեր հնչեցին, բայց նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, մնաց իր պաշտոնին: Ավելին, նա հիմա ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում: Ինչպես տեսնում ենք վերջին օրերին, տարբեր նոր նշանակումներ են և վերադասավորումներ:

Քիչ չեն նաև տեսակետները, թե երկրի 80 տոկոսը կորցնելուց հետո, այդ մի փոքր տարածքում ի՞նչ նախագահ, ի՞նչ կառավարություն... բայց ամեն դեպքում, հիմա առաջնայինը եղածը պահելն է, Արցախի քաղաքացիներին օգնելը, համախմբվելը, ոտքի կանգնելը:

Հիմա անցնենք կոնկրետ նշանակմանը: Մանե Թանդիլյանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Նա այս պաշտոնում աշխատեց կես տարի: Ինչո՞վ աչքի ընկավ Թանդիլյանն այդ ընքացքում:

Նշանակումից հտո նա կողմ թվեարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որի դեմ ակտիվորեն պայքարում էր նախկինում և այդ պայքարի առաջամարտիկներից էր: «Սկզբունքային» Թանդիլյանը շտապեց ազատման դիմում գրել և դա պատճառաբանել սույն որոշմամբ, որից հետո Նիկոլ Փաշինյանը կարողացավ համոզել, որ կատարվածը այնքան էլ վատ բան չէ: Նա շարունակեց պաշտոնավարել:

Այդ կարճ ընթացքում Թանդիլյանը հասցրեց նաև դատական գործերի մեջ ներքաշվել:

Նախ Մանե Թանդիլյանը նշել էր, որ ՍԱՊԾ-ում  55 մլն դրամ խրախուսում է բաշխվել և դա որակել էր որպես անօգուտ պարգևատում, սլաքներ ուղղելով դեպի ՍԱՊԾ նախկին պետ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Հետո պարզվեց, որ բացահայտումը առնվազն հասցեական չէ: Դատախազությունը գործը հարուցել է, բայց որևէ զարգացում չկա:

Իսկ ահա Թանդիլյանի՝ «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ի  տնօրեն Վահան Զուրաբյանին աշխատանքից ազատելու որոշումը դատարանը հետագայում ճանաչեց ոչ իրավաչափ: Դատարանը պարտավորեցրեց պետությանը վճարել հատուցում Զուրաբյանի միջին աշխատավարձի չափով` սկսած 2018 թվականի հոկտեմբերի 5-ից՝ մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը:

Աղքատությունը տարեկան  0.5% կամ ավելի չափերով կրճատելու հայտարարություն անելուց վեց ամիս անց Թանդիլյանը թողեց նախարարի պաշտոնը և արտահերթ ընտրությունների արդյունքում դարձավ պատգամավոր և սկսեց քննադատել կառավարության հետագա սոցիալական քաղաքականությունը:

Նշենք, որ Թանդիլյանը մոտավորապես չորս ամիս առաջ վայր  դրեց նաև պատգամավորական մանդատը ՝ հայտնելով, որ մեկնում է արտերկիր բուժման նպատակով: 

45 օր տևած պատերազմի ամբողջ ընթացքում տուժել են Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական կառուցվածքները, վնասվել և ավերվել են տներ ու բնակավայրեր, բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են տունը, տեղահանվել են: Ազգային ցավի, կորստի ու ցասման հետ մեկտեղ Արցախում անելիքները շատ են, և առաջին հերթին պետք են մարդիկ, ովքեր կարող են դա անել, ովքեր պրոֆեսիոնալ են, փորձառու, որոնք արդյունք են ցույց տվել արդեն:

Հետևությունները թողնում ենք ձեզ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ