02 12 2020

Պետականության և ինքնիշխանության ճգնաժամ

Պետականության և ինքնիշխանության ճգնաժամ

Կա տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը թուրքին հանձնելու կապիտուլյացիոն թուղթն ստորագրելուց հետո Հայաստանում քաղաքական ճգնաժամ է: Իհարկե, դա հիմնավորված գնահատական է և արտացոլում է իրականությունը: Բայց խնդիրն այն է, որ այդ իրականությունը շատ ավելի վատն է, քանզի երկրում ոչ միայն քաղաքական ճգնաժամ է, այլև արդեն պետականության և ինքնիշխանության ճգնաժամ:

Նախ, քաղաքականի մասին:

Ակնհայտ է, որ նախ՝ փողոցային պայքարի ու անարյուն հեղաշրջման միջոցով 2018-ի մայիսի 8-ին իշխանության եկած, ապա իր հրահրած խառնակ պայմաններում 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններով Հայաստանի միահեծան իշխանություն դարձած Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-«Իմ քայլը», առնվազն նոյեմբերի 10-ից այլևս լեգիտիմ չեն: Կապ չունի, թե քանի հարյուր կամ հազար քաղաքացի է բողոքի ակցիաներով պահանջում Փաշինյանի հեռացումը կամ ինքը՝ Փաշինյանը ինչ կարգի ու կատեգորիայի խուլիգաններ է վարձում՝ ցուցարարների վրա հարձակումներ կատարելու նպատակով: Դրանք արտաքին նշաններ են:

Իսկ խորքայինն այն է, որ պատերազմում երկիրն ու ժողովրդին պարտության տարած, խայտառակ կապիտուլյացիայի համաձայնած, ուղղակի սարսափելի հետևանքների հանգեցրած սխալներ թույլ տված (միտումնավո՞ր, թե՞ տգիտության պատճառով, դա թող հետագա քննությունը պարզի), Արցախը թշնամուն զիջած, իսկ Հայրենիքի մնացյալ մասն էլ աղետի մեջ գցած իշխանությունը պարզապես չի կարող ունենալ և չունի ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ մեր ամբողջ ազգի աջակցությունը կամ լինել վստահելի:

Զուտ քաղաքական տեսանկյունից ևս Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը սնանկ են, լիովին սպառված:

Մի տեսակ նույնիսկ անհարմար ու վիրավորական է՝ լրացուցիչ բացատրել, թե կապիտուլյացիա ընդունած իշխանությունը ինչու չի կարող և չպետք է շարունակի կառավարել: Այն միայն մեկ բան կարող է անել՝ ընդունել իր քաղաքական պատասխանատվությունը և, ինչպես ասվում է՝ տանը խելոք նստած (առայժմ՝ տանը) սպասել, որ կանչեն նաև քրեական պատասխանատվության:
Բայց Նիկոլ Փաշինյանը համառորեն կառչած է մնում »ՀՀ վարչապետ»-ի կարգավիճակին: Իրեն թվում է, թե մանիպուլյացիաներով, զոմբի-ֆեյք բրիգադներով կարող է ոչ միայն պահել իշխանությունը, այլև՝ կառավարել:

Մինչդեռ նա դրանով միայն ավելի ու ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը, որն արդեն իսկ վերաճել է պետականության և ինքնիշխանության ճգնաժամի՝ ամբողջ երկիրն ու հասարակությունը կանգնեցնելով համակողմանի (տնտեսական, սոցիալական, անվտանգային) կաթվածի դաժան ռեալության առաջ:

Դա հիմնավորող իրողություններն ակնհայտ են: Մեկ-երկուսը պարզապես նշենք: Արցախի բեկորների վրա մեր հայրենակիցների անվտանգության ապահովման երաշխավորը օտար պետություն է, ի դեմս Ռուսաստանի և ռուսական խաղաղապահ ուժերի: Նմանապե՛ս, Արցախում գտնվող ՀՀ քաղաքացինեի անվտանգության երաշխավորման դեպքում:

Հայոց զինված ուժերի ռազմագերիների վիճակի և վերադարձի հարցերով զբաղվում է օտար պետություն, օտար պետության ղեկավար, ի դեմս Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի:

Ադրբեջանաթուրքական զինված հորդաները, կամայականորեն «զբաղեցնում» են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի այս կամ այն կտորը (Սոթքի ոսկու հանքի դեպքը, բայց ոչ միայն):

Հայաստանին վերաբերող խնդիրները քննարկվում և դրանց վերաբերյալ ինչ-ինչ հետևություններ արվում են, ըստ էության՝ առանց Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության:

Ի դեպ, հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ, հիմնականում՝ մշակույթի, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, բացեիբաց հայտարարում են, որ Հայաստանում չկա իշխանություն և նույն ռազմագերիների հարցով դիմում են, այո, օտար պետությունների, կոնկրետ՝ Ռուսաստանին։ Նրանց ակցիայի նպատակահարմարությունը, օգուտի բացակայությունն այլ հարց է։

Այդ ամենի խորապատկերում անհասկանալի է, թե ինչով են զբաղված պետության ու ժողովրդի անվտանգության ապահովմանը կոչված ուժային կառույցները, անցած 20 օրվա ընթացքում ինչ է արվել այդ կառույցների կողմից՝ Վարդենիսից մինչև Նռնաձոր ՀՀ սահման-առաջնագիծը քիչ թե շատ պաշտպանված դարձնելու համար:  

Մեծ հաշվով, եթե այս կործանարար ընթացքի «стоп-кран»-ը չքաշենք, կշարունակենք գահավիժել ու վերջնականապես կջախջախվենք: Իսկ «стоп-кран»-ը քաշելու, գահավիժումը կասեցնելու առաջին պարտադիր պայմանը երկիրն ու ժողովրդին այս վիճակի մեջ դրած փաշինյանական խմբակին իշխանությունից հեռացնելն է:

Հասկացանք, նա կամովին չի ցանկանում հեռանալ ու հեռացողը չէ: Հետևաբար, այդ քայլը պետք է պարտադրել նրան՝ օրենքով չարգելված, խաղաղ պայքարի բոլոր հնարավոր միջոցներով, սկսած ընդհանուր քաղաքացիական անհնազանդությունից, վերջացրած փաշինյանական իշխանության ու դրա մարմինների համընդհանուր բոյկոտով:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ