28 11 2020

Ինչի՞ համար Արմեն Սարգսյանը պարգևատրեց Սասուն Խաչատրյանին

Ինչի՞ համար Արմեն Սարգսյանը պարգևատրեց Սասուն Խաչատրյանին

 

Սեպտեմբերի 27-ին սկսած և փաստացի կապիտուլյացիայով ավարտված Ղարաբաղյան երկրորդ խոշոր պատերզմից հետո բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Հարցերը տրվում էին թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից առաջ, թե՛, առավել ևս, այս օրերին։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչպե՞ս արցախահայերի և ամբողջ աշխարհի հայերի Հայրենիքը մի ստորագրությամբ տրվեց թշնամուն, ո՞վ էր մեղավոր՝ բանա՞կը, դիվանագետնե՞րը, Նիկո՞լը, թե՞ դավադրություն էր, դավաճանություն էր․․․ Այս և այլ հարցեր դեռ շատ կտրվեն։ Սակայն այսօր մի իրադարձություն եղավ, որը բավականին ուշագրավ է, երբ նայում ենք ավելի լայն դիտանկյունից։ Այսօր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասված է հրամանագրով:

Պատերազմի ավարտից և կապիտուլացիոն համաձայնագիրը ստորագրելուց օրեր անց այդ ո՞ր հատուկ ծառայության համար է նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրում Սասուն Խաչատրյանին։

Հասկանալու համար, պետք է նախ հիշել՝ ինչո՞վ էր հայտնի՝ 2018-ի մայիսից հետո ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը։

Նշանակումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ նրա հարազատ եղբայրն է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Մհերի Խաչատրյանը։ Անմիջապես տեղեկություն տարածվեց, որ «Նիկոլի հեղափոխության» հիմնական «փայատերերից»՝ Սորոսի հիմնադրամն իր վստահելի մարդկանց է տեղավորում պետական և ամենից կարևորն է՝ իրավապահ համակարգում՝ ազդեցություն ունենալու համար։ Հասկացողներն արդեն այն ժամանակ հասկանում էին և ոմանք անգամ բարձրաձայնեցին, որ այդ ամենը Սորոսը Հայաստանում չի արել, որ հայ ժողովուրդը «ազատվի նախկիններից» կամ ապրի ավելի լավ, չի արել Նիկոլ Փաշինյանի համար, այլ ունի շատ ավելի լուրջ ծրագրեր և պլան, դրա համար պետք է իր ազդեցությունն ունենա, որպեսզի դրանք իրականացնի։

Սասուն Խաչատրյանն անմիջապես անցավ գործի․ նախ հապշտապ, բայ մեծ «շուքով» հայտարարվեց որ վերաբացվում է «մարտի 1-ի» գործը, անմիջապես սկսեցին անուններ հնչել, թե ում և ինչ հոդվածներով սկզբից կասկածյալի և անմիջապես մեղադրանք առաջադրեցին։ Առաջինը ՀՀ պաշտպանության նախկին նախարար և նախկին երկարամյա Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն էր, որին հետախուզում հայտարարեցին։ Հաջորդը եղավ ՀՀ և ԱՀ նախկին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը, որին կանչեցին ՀՔԾ և անմիջապես մեղադրանք առաջադրեցին և մտան դատարան՝ կալանավորելու նպատակով։ Կալանավորեցին։ Այնուհետ, մեղադրանք, առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին։ Նույն գործով և նույն Սասուն Խաչատրյանի ՀՔԾ-ով մեղադրանք առաջադրեցին ՀՀ ՊՆ նախկին նախարար և նախկին Գլխավոր շտաբի պետ, Արցախի հերոս, նույպնես գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Այն ժամանակ, արդեն, կասկածելի էր, թե այդ ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ հենց այս պետական և ռազմական գործիչներին մեղադրանքներ առաջադրել, առավել ևս՝ նախկին նախագահին տանել կալանքի, երբ վերջինս ոչ մի կերպ չէր խուսափել քննությանը ներկայանալուց։ Հարցեր առաջացան Յուրի Խաչատուրովի մասով, քանի որ նա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն էր, և նրան քրեական հետապնդումով վնասելու էր մեր ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ հեղինակությանը։ Ռուսաստանից ևս եղան դատապարտման արձագանքներ, սակայն հայրենի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրդվելի էր։ Շուտով՝ 2018-ի սեպտեմբերին, համացանցում տարածվեց հայտնի հեռախոսային խոսակցությունը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները քննարկում էին, Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու և Յուրի Խաչատուրովին կալանքի տանելու թեմայի մանրամասները։ Զրույցում մանրամասներ ի հայտ եկան նաև, որ այդ ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով և որ այդ ամենի կատարողն ու ճարտարապետն է Սասուն Խաչատրյանը։

Այդ ամենը կատարվելուց արդեն հնչեցին կարծիքներ, որ ամենը կապված է Արցախի խնդրի հետ, քանի որ ուղղորդվում է Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից, զուգահեռ վարկաբեկվում էին Արցախը ազատագրած հերոսները և բանակի վաստակաշատ բարձրագույն գեներալները։ Հիշեցման կարգով, ՀՀ բանակը այդ ժամանակ ուներ թվով ընդամենը 4 գեներալ-գնդապետի կոչումով զինվորական, որից 3 անցնում էին նույն քրեական գործով։

Բավականին արագ պարզվեց, որ գործը  շինծու է, կարված սպիտակ թելերով, այնուամենայնիվ գործը ուղարկվեց դատարան՝ պահելով սահմանափակումների մեջ բոլոր մասնակիցներին։ Արդյունքում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կազմակեպելով պլանավորված շինծու քրեական գործը, առաջինը՝ վարկաբեկեց բանակը, Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացրեց բարձր մակարդակի զինվորականներին՝ նրանք այլևս հնարավորություն չունեցան պատերազմի ժամանակ լուրջ ներդրում ունենալու, քանի որ քրգործերով անցնողներ էին։ Իսկ այս պատերազմը հրամանատարում էին, ըստ մասնագիտական կարծիքների, շատ ավելի թույլ զինվորականներ։ Հարկ է նշել, որ Միքայել Հարությունյանը պատերազմի առաջին իսկ օրերին, դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ թույլտվություն ստանալու վերադառնալ հայրենիք, իր ունեցած գիտելիքով և փորձով մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն մերժվել էր։

Պատերազմի ավարտից և ստորացուցիչ համաձայնագրի ստորագրումից հետո կարծես պատկերը ամբողջանում էր, իսկ երբ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց, ամբողջացավ վերջնականապես։ Այս օրերին շատ է խոսվում Սորոս-Թուրքիայի պլանի մասին, որ այս ամենը պլանավորված է եղել դեռ 2018-ից։ Ստացվում է, որ այսօր արդեն «պլանի» հիմնական իրականացնողները ստանում են «վաստակած» պարգևատրումները։

Հ․Գ․ Պատերազմի ընթացքում ադրբեջանական մամուլը տեղեկացնում էր որ Միլի մեջլիսի պատգամավորները դիմել են Ադրբեջանի դատախազություն, որպեսզի հեռակա կարգով քրեական գործ հարուցվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, և հայտարարվի միջազգային հետախուզում։ Պատերազմի ավարտից հետո տեղեկացանք որ քրեական գործ է հարուցվել նաև գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի նկատմամբ, «ցեղասպանություն իրականցնելու» հոդվածով և ևս դիմելու են Ինտերպոլ՝ միջազգային հետախուզման համար։ Ստացվում է, որ Սասուն Խաչատրյանի ձեռքով Հայաստանում շատ ավելի մեծ «հաջողության է» հասել Ադրբեջանը, քան իրենց մոտ նմանատիպ գործողություններ նախաձեռնելով։ Սասուն Խաչատրյանի հարուցած գործով քրեական հետապնդման են ենթարկվել 3 գեներալ-գնդապետ և առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, որին անազատության մեջ պահեցին գրեթե 2 տարի։ Ըստ ամենայնի՝ որ իրականացվեր «Պլանը»։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ