Շատերն են արդեն վրդովված անիշխանության այս վակխանալիայից:
Անգամ միանգամայն ապաքաղաքական մարդիկ: Նրանց ժամանակավոր բացթողումն այն է, որ դեռևս իրենց խոհանոցներում, սմարթֆոններում ու ֆեյսբուքներում են վրդովվում: Բայց հավատացեք, դա ժամանակավոր է: Շատ ավելի արագ, քան դա կարող է ոմանց թվալ, միանգամայն իրական մեր այդ հայրենակիցները կինքնակազմակերպվեն և իրենց մտահոգությունները, բողոքն ու պահանջները կարտահայտեն շատ ավելի համախմբված, միատեղ և ազդու:
Կարևոր է նկատել, որ այդ տրամադրությունները դուրս են որևէ ներքաղաքական ուղղվածությունից: Ի սկզբանե էլ դուրս էին, պարզապես հիմա դա արդեն ավելի շատերն են սկսում գիտակցել: Սկսում են հասկանալ, որ սա «նախկինների» կամ նրանց ինչ-որ վերադարձի, իշխանափոխության տրիվիալ խնդիր չէ, որքան էլ փաշինյանական քարոզչությունը կաշվից դուրս գա՝ ֆեյքերի ու դրանց քարոզչական կոյուղագծերի տակ մնացած զոմբիների միջոցով:
Գնալով կարծես ավելի են նկատվում մարդկանց ապազոմբիացման միտումները: Ցանկալի էր, իհարկե, ավելի արագ դա կատարվեր: Չնայած, Փաշինյանի կողմից Արցախը թուրքին տալուց հետո, հիմա էլ՝ Հայրենիքի մնացյալ մասը կտոր-կտոր թուրքերին զիջելու ընթացքը, Սոթքի հանքավայրի նախօրեի խայտառակ դեպքն ու նման դրսևորումները պետք է որ արագացնեն սթափվելու գործընթացը: Ու կարծես արագացրել են:
Հակառակ դեպքում՝ կարող ենք չկասկածել, որ ոչ միայն մի տևական շրջան կորցրել ենք Արցախը, այլև կորցնում ենք պետականությունն ու ինքնիշխանությունը: Մեծ հաշվով, առկա վիճակը արդեն կորցրածի հաշիվ է:
Հայաստանն այսօր ոչ միայն ինքնիշխան չէ, այլև տարրական կառավարիչ չունի: Չունի՛:Չկա՛ մեկը, ով գոնե կառավարում է: Նա, ով կառավարող է համարվում, ըստ էության բուտաֆորիա է կամ թատերական ռեկվիզիտ:
Մենք պիտի ինքներս մեզ հարց տանք, բոլո՛րս, առանձին-առանձին: Մեզ երկիր պե՞տք է:
Կարծում եմ, տիրապետող պատասխանը կլինի՝ այո, մեզ երկիր պե՛տք է:
Եվ, եթե մեզ երկիր է պետք, երկրին էլ տե՛ր է պետք:
Ոչ թե գեղեցիկ խոսքի համար, այլ իսկապես տե՛ր: Մեզ պետք է վերականգնել, կամ եթե շատ կտրուկ է այս միտքը թվում՝ արագորեն վերանորոգել խարխլված մեր պետականությունը:
Իսկ դրա համար «ուժեղ ձեռք» է պետք: Կառավարիչ, որ լիարժեք ընկալում է, թե այս աղետալի վիճակում ինչ է պետք անել, ինչպես անել, ինչը որտեղ է դրված: Պետական գործիչ է պետք ու երկրի համար սիրտը ցավող մարդ: Ոչ թե լայվերով կեղծավոր «խոնարհումներ» անող, այլ՝ առանց հասարակ շնորհակալության ակնկալիքի գո՛րծ անող, մարդկանց բազմությունը կոնկրետ մտահղացումների և գործերի շուրջ համախմբող, այդպիսով խալխին վերստին հասարակության վերածելու ընդունակ կառավարիչ:
Այն վիճակում չենք, որ ձևական պրոցեդուրաների ու դրանց քննարկման վրա ժամանակ կորցնենք: Այն վիճակում ենք, որ ժամ առաջ պետք է վերջ տալ այս «թաշյա» տնաքանդությանն ու ճամարտակային անտերությանը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը