26 11 2020

«Թավշյա» ջարդարարնե՞ր, կրիմինա՞լ, թե՞ պարզապես Նիկոլի հերթական «կլոունությունը»

«Թավշյա» ջարդարարնե՞ր, կրիմինա՞լ, թե՞ պարզապես Նիկոլի հերթական «կլոունությունը»

Նոյեմբերի 10-ի գիշերը, Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն խայտառակագիրն ստորագրելուց գրեթե անմիջապես հետո, հազարավոր մարդիկ ելան փողոց: Մի մասը շարժեց դեպի Հայնրապետության հրապարակ՝ կառավարության շենքի մոտ, մի մասը՝ դեպի ԱԺ: Հայտնի է, որ այդ ընթացքում ջարդարարություն եղավ՝ վնասվեցին ինչպես կառավարության շենքի դռները, ապակիները, գույքը, այնպես էլ՝ ԱԺ-ի: Ավելին, հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Այլ դեպքեր էլ եղան, ի դեպ՝ հարձակում ոչ բարով՝ Սորոսի Հայաստանի գրասենյակի վրա, նույնքան ոչ բարով՝ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրության վրա, նմանապես՝ ջարդարարության ուղեկցությամբ: Չմոռանանք, իհարկե, «կառավարական դաչաներն» ու Նիկոլի սիրտը մղկտեցրած ժամացույցի, համակարգչի և օծանելիքի գողությունը: 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարեց, թե ջարդարարները նախօրոք կազմակերպված էին այսպես ասած՝ օլիգարխների, «նախկինների» կողմից:Անցել է երկու շաբաթ այդ հայտարարությունից, բայց մինչ օրս որևէ հոդաբաշխ բացատրություն,  որևէ առարկայական փաստ, որը կհիմնավորեր Նիկոլ Փաշինյանի հերթական մերկապարանոց մեղադրանքները, չեն ներկայացվել: Ավելին, այս ժամանակահատվածում տեղի է ունեցել ԱԺ շենք ներխուժած անձանցից մեկի առեղծվածային ինքնասպանությունը, որն ուղղակիորեն կասկածելի է, որպես այդպիսին: 

Հարց է ծագում, թե ովքե՞ր էին այդ առեղծվածային ջարդարարները և ո՞ւր անհետացան նրանք: 

Փորձենք դիտարկել դեպքերն ու իրողությունները: 

Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն խայտառակագիրն ստորագրել է նոյեմբերի 9-ին, կեսգիշերին մոտ: Մեծ հաշվով, դա շոկ էր բոլորի համար: Եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-ինչ «սև ու մութ ուժեր» Փաշինյանի ստորագրելուց մի քանի ժամ առաջ գիտեին, որ նման բան հաստատ տեղի է ունենալու, նրանց որոշակի ժամանակ էր պետք՝ բավարար թվով «ջարդարար-բրիգադներ» հավաքելու, նրանց գործողությունները կոորդինացնելու, հստակ հասցեներով ուղղորդելու համար: Ավելին, այդ «սև ու մութ ուժերին» նաև լիակատար վստահություն էր պետք, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն բացարձակապես անգործության մատնված կլինեն: Մի հանգամանք, որում նրանք ոչ մի կերպ չէին կարող վստահ լինել: 

Բայց ամենի՛ց հետաքրքիրը: Եթե այդ ամենը կազմակերպել էին ինչ-ինչ «սև ու մութ» ուժեր, նախկիններ կամ օլիգարխներ՝ գիշերվա կեսին փողոցներ ու հրապարակներ հանելով հազարավոր մարդկանց, ապա ի՞նչ եղան այդ մարդիկ: Ո՞ւր չքվեցին կամ գոլորշիացան: Վերջին հաշվով, իրավիճակի մեջ բովանդակային փոփոխություն տեղի չի ունեցել: Հակառակը՝ վիճակն ավելի է վատացել, այս ընթացքում փաստացի թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ են դրվել մեր հայրենիքի ամբողջական շրջաններ ու գյուղեր, որոնք նոյեմբերի 9-ին դեռևս ստորագրված թղթով էին տրված: Դա պետք է որ ավելի ու ավելի բորբոքեր արդեն բորբոքված մարդկանց, իսկ «սև ու մութ ուժերն» էլ նրանց պետք է ավելի ու ավելի ակտիվացնեին: 

Բայց մի՞թե Հայաստանում դիտարկվում են նման դրսևորումներ: 

Այս ամենը գալիս է ավելի ու ավելի ամրապնդելու դեռևս նոյեմբերի 10-11-ին արտահայտած կասկածները, որ «ջարդարար-բրիգադները» հավանաբար ձևավորված էին Փաշինյանի իշխանության կողմից և համակարգվել ու գործել են փաշինյանական իշխանության ցուցումներով: Այսպես ասած՝ «կեղծ ցույցեր», ավելին՝ պետական կառավարման շենքերի վրա հարձակումներ, որոնք կապիտուլյացիոն ու դավաճանական քայլի գնացած Փաշինյանի իշխանությանը ձևական հիմքեր կտային (ու տվեցին)՝ իր հրաժարականը պահանջող ընդդիմությանը, քաղաքական ուժերին ու ակտիվ գործիչներին հետապնդելու, առնվազն՝ մեկուսացնելու լռեցնելու փորձեր անելու համար: 

Գոնե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հաստատ մի քանի ժամ, եթե ոչ մեկ օր առաջ գիտեր, որ ստորագրելու է Ալիևի առաջ գետնատարած փռվելու թուղթը: Նա, որպես փողոցային հարայ-հրոցով իշխանության եկած անպատասխանատու-արկածախնդիր էակ, չէր կարող չհասկանալ, որ դա կհանգեցնի բողոքի ու դժգոհության ցույցերի: Բայց նա ստորագրում է, ու, փաստորեն, ո՛չ կառավարության շենքը, ո՛չ իր բնակության վայրը, ո՛չ ԱԺ շենքը (առնվազն) չեն անցնում ոստիկանական ուժեղացված հսկողության տակ: Չնայած, շուստրիությունը բավականացնում է, որ մտածի ինչ-որ «բունկերում» պատսպարվելու մասին:

Մեծ հաշվով, նոյեմբերի 10-ի գիշերը, սա արդեն իմ աչքով եմ տեսել, կատարված հարձակումներից մոտ 2 ժամ անց (ժամը 3:30-ի ու 5:30-ի միջակայքում), թե՛ կառավարության շենքում, թե՛ ԱԺ-ում ու դրանց մերձակայքում ոստիկանական ուժեր գրեթե չկային, ավելի ճիշտ՝ շատ համեստ ուժեր էին, առավելագույնը՝ մի քանի տասնյակ իրավապահներ: 

Առեղծվածային է նաև այն, թե ինչո՞ւ էր գիշերվա կեսին Արարատ Միրզոյանը այդ իրավիճակում առանց համապատասխան պահպանության ու պաշտպանության մնացել: 

Ու, այն, որ այդ ջարդարարական հարձակումները, ամենայն հավանականույթամբ, կարող էին կազմակերպված լինել հենց Փաշինյանի իշխանույթան կողմից, լրացուցիչ խորհելու տեղիք է տալիս նաև դեպքերի արագ ընթացքը: Առանձին խմբեր՝ մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուրի հասնող, գրեթե միաժամանակ ջարդուխուրդ են արել կառավարույթան շենքի դռներն ու ապակիները, ԱԺ դարպասն ու շենքում եղած կահույքը, ներառյալ դռների այդքան զգայուն բռնակները, հետո՝ թափով վազել են Փաշինյանի կեցավայր, շատ հնարավոր է, այնտեղից օծանելիք ու ժամացույց թռցնելն էլ է գծված սցենարի մաս եղել: Հետո (կամ միաժամանակ) գնացել են «Ազատություն» ռադիոկայան, հետո՝ Սորոսի գրասենյակ...

Ու նրանք, այդ կարծեցյալ «ջարդարարներն» ու, իբր թե նրանց թիկունքում եղած «սև ու մութ ուժերը», միանգամից, կարելի է ասել՝ մատի մեկ շարժումով հանդարտվել են և հաջորդող օրերին կտրուկ ընդհատակ են անցել: Ամբողջ ցասումը, փաստորեն, կապիտուլյացիայի ակտի ստորագրմանը հաջորդող ժամերի համար էին պահել, իսկ դրանից հետո ամեն ինչ «իր տեղն ընկավ»: 

Մինչդեռ, ինչ-որ բան հուշում է, որ այդ խորհրդավոր «ջարդարարներից» շատերին նորմալ խուզարկուները հանգիստ կարող էին հայտնաբերել օրերս կառավարության շենքի մոտ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի «հախուռն» ցույցի ելած, հանդերձավորված բազմության մեջ: Մի ուշագրավ լուսանկար էլ կար, թե կառավարության շենք ներխուժածներից մեկը ինչպես է Նիկոլի որդու հետ սուրճ խմում։ Տարիներ անց միգուցե կպարզվի, որ «ջարդարար» օպերացիան պատերազմի ընթացքում «գերագույն հրամանատարի» ծրագրած միակ ստացված գործողությունն էր՝ «թավշյա» ջարդարարների, կրիմինալի, յուրային օլիգարխների «զորքերի» ներգրավմամբ: 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ