Նա ասում, իսկ իր տհաս-իմաստակների հավաքածուն բազմաձայնում էր. «Հայաստանի հպաաաաա՜րտ քաղաքացիներ...»: Եվ «Հայաստանի հպաաաա՜րտ քաղաքացիները», չնկատելով, որ իրենց ուղղակիորեն վեր են ածել գորշ ամբոխի, ուրախությունից նվաղում էր: Ախր, իրենց մինչև հիմա այդպես չէին դիմել: Ախր իրենց մինչև հիմա ոչ մեկը չէր ասել, որ այդ իրենք են վարչապետ, երկրի ղեկավար: Իրենք 3 միլիոն վարչապետ են...
Իրականում ընդամենը երկուսուկես տարի անց նա, որի անունն է Նիկոլ Փաշինյան, ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև Արցախի մեր հայրենակիցներին, աշխարհասփյուռ հայությանը ուղղակիորեն անպատիվ արեց, հայրենազրկեց, պատճառեց այնպիսի հարված, որի բարոյահոգեբանական հետևանքները դեռ երկար են զգացնել տալու:
Հպարտությունից բան չմնաց:
Ասում էին և շատերդ երկրորդում էիք, թե՝ կարևորը, որ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել: Անգամ մի հրատարակչություն կար, ժպիտ էր հավաքում: Երկուսուկես տարի անց նա բոլորիդ ու բոլորիս վշտի, ցավի ու արցունքի ծովն է նետել:
Նա ասում, իսկ իր ինքնասիրահարված, ոչնչից «ամեն ինչ դարձած», բայց էությամբ այդպես էլ ոչնչություն մնացած հավաքածուն բազմաձայնում էր, թե՝ «մեր զավակներն ապրում են երջանիկ Հայաստանում, ապրելու են երջանիկ Հայաստանում»:
Իրականում ընդամենը երկուսուկես տարվա ընթացքում, քայլ առ քայլ, նա իրավիճակը բերեց այնպիսի կետի, երկրի ներսում այնպես իրարահան արեց ու խարխլեց ամեն ինչ, որ դարավոր թշնամու համար ստեղծեց պատերազմով վրա տալու բարենպաստ վիճակ: Միտումնավո՞ր, թե ի բնե հիմար լինեու հետևանքով, դա թող դատաքննությունը պարզի, որ անխուսափելի է:
Փաստն այն է, որ երկուսուկես տարի անց ոչ միայն մենք ու մեր զավակներն ենք հայտնվել ողբերական մղձավանջի ու դժբախտության մեջ, այլև Նիկոլ Փաշինյանը և նրան ուսերի վրա երկրի ղեկավար կարգած ամբոխը մի մեծ խաչն են քաշել առաջիկայում երբևէ «երջանիկ Հայաստան» ունենալու հնարավորության վրա, հարցականի տակ են դրել առհասարակ Հայաստանի հետագա գոյության հնարավորության վրա:
Նա ասում էր, թե խոնարհվում է բոլոր իրեն պաշտողներիդ առաջ: Նա խոնարհվում էր զոմբիների առաջ, որոնց փաղաքշորեն սիրում էր ժողովուրդ անվանել, որպեսզի հանկարծ չարթնանաք թմբիրից, հանկարծ չթոթափեք «թավշյա» նարկոտիկի ինքնակործան մշուշը: Հա, մի երկու անգամ նույնիսկ ցուցադրադերասանաբար խոնարհվեց:
Իրականում Նիկոլ Փաշինյանը ոչ թե խոնարհվեց, այլ գետնատարած փռվեց թշնամու առաջ՝ նրան թույլ տալով ծանակել իրեն, իսկ իր միջոցով նաև այն պետությունն ու ազգին, որին այս անարժան երևույթը, զոմբիներիդ կուռք Նիկոլ Փաշինյանն ու կռքուհի Աննա Հակոբյանը ներկայացնում են: Ու դեռ ներկայացնում են:
Նա ձեզ խոստացավ թալանվածի վերադարձ: Եվ օրինականացված թալան-պարգևավճարներով մտավ ձեր ու նույնիսկ «Հայաստան» հիմնադրամի գրպանը արդեն:
Նա ձեզ խոստացավ թափանցիկություն և հրապարակայնույթուն, բայց երբեք ոչ մի հաշվետվություն չտվեց, իսկ Արցախը թուրքին տալու կամ ծախելու կապիտուլյացիան էլ ստորագրեց գիշերով, թաքուն: Ու, ի դեպ, զոմբիներից շատերդ հաստատ ուրախացաք, ի՞նչ եմ ասում՝ մինչև հիմա ուրախ եք, որ այդպես եղավ...
Նա ձեզ խոստացավ բարեկեցություն, բայց քթներիցդ բռնած, բերեց-հասցրեց ծայրահեղ թշվառության եզրին:
Նա գլուխ էր գովում, թե Հայաստանում երբեք խոսքի ու մամուլի ազատությունն այդքան բարձր մակարդակի վրա չէր եղել, իսկ իրականում Հայաստանը վերածեց ողբերգա-ծաղրանկարային բռնապետության:
Նա նախկիններին մեղադրում էր, թե՝ ոստիկանապետություն են ստեղծել: Իրականում ինքը կարողանում է միայն ոստիկանության ապօրինի բռնաճնշումներով մի կերպ դեռ պահպանել իր՝ արդեն անիմաստ պաշտոնը:
Նա հռչակեց, թե Հայաստանում մարդը, անհատը գերագույն արժեք են, ամենից կարևորն են և այլն, և այլն: Իրականում Նիկոլ Փաշինյանը և այդ նեռին նույնիսկ հիմա պաշտպանողներդ դարձաք հազարավոր հայրենակիցների մահվան պատճառ:
Նա եկել էր իբրև թե խաղաղության դրոշակներով, բայց պատերզամի մսաղացի մեջ նետեց մեր երիտասարդության մի քանի սերունդ...
Նա խոսում էր կրթությունից ու զարգացումից: Իրականում երկուսուկես տարվա ընթացքում ապականվեց կրթությունը, խարխլվեցին զարգացման նախադրյալները: Հանրային հարթակներում հայհոյախոսությունը դարձավ սովորական մի բան:
Նա իրեն Քրիստոսի հետ համեմատելու լկտիություն ունեցավ, իսկ դուք, հիպնոսացած նվաղեցիք, թե՝ «Փրկի՜չն է» ու կուռք դարձրեցիք ձեր իսկ ստեղծած հրեշին:
Պաշտեցիք հրեշին և հիմա զարմանո՞ւմ եք, թե ինչու ոչ միայն դուք, այլև ինչու ենք երկրովի-ազգովի հայտնվել հրեշավոր վիճակում:
Ոչինչ պատահական կամ հենց այնպես չի լինում: Մի՛ զարմացեք: Ուշքի եկեք: Այսօր դա հնարավոր է միայն սատանայի այդ մարմնավորումից և իր վկաներից հրաժարվելով:
Չհրաժարվելու այլընտրանքը երկրի վերջնական կործանումն է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը