20 11 2020

Ի՞նչ են մտածում մարդիկ, որոնք հիմա համաձայնում են նախարար աշխատել

Ի՞նչ են մտածում մարդիկ, որոնք հիմա համաձայնում են նախարար աշխատել

Նիկոլ Փաշինանը փոխում է կառավարության կազմը։ Արդեն մի քանի նախարար է փոխել։ Այստեղ հարցն ունի երկու հարթություն՝ մասնագիտական որակներ, մարդկային որակներ։

Նիկոլ Փաշինյանը չի ունեցել ու հիմա էլ չունի կադրային բազա։ Այնքան մերկ է այդ առումով, որ «Ճ» կլասով լցրել էր կառավարությունն ու Ազգային ժողովը։ Երկուսուկես տարի այդ թեմային մշտապես անդրադարձել ենք, համարյա ամենօրյա կտրվածքով։ Հրապարակային խոսքում, այս ու այն քայլերում Նիկոլ Փաշինյանի կադրերից օրը մեկը խայտառակում է իրեն։ Հիմա, առավել ևս, կադր չունի, եղածներն էլ կամ գնում են, կամ հանում է, ու բերում է որակներ, որոնք առանց այն էլ քայքայված մեր երկրի համար աղետալի են։ Արտգործնախարար Արա Այվազյանի սկանդալային աշխատանային կենսագրության մասին արդեն գրվել է։  Մարդը պետք է բերդում լիներ, համաձայն այդ բացահայտումների, բայց նախարար է, այն էլ՝ ամենապատասխանատու ոլորտի, այն էլ՝ ամենից պատասխանատու շրջանում։

Մյուսը Վաղարշակ Հարությունյանն է, «ռեստորանային գեներալ» անունը ստացած մարդը, որին Հայաստանի երկրորդ նախագահը աստիճանազրկել էր, որը չունի գեներալի որակներ, որից անգամ ուսադիրներն էին վերցրել, բայց Նիկոլ Փաշինյանի օրոք սկսեց լիաթոք շնչել, ինչպես որ հեղինակազրկված շատ անձինք։ Ու հիմա սա ղեկավարելու է մյուս ամենակարևոր ոլորտը, շատ կարևոր շրջանում։

Մեսրոպ Առաքելյանը սոցապնախարար է աշխատելու։ Պատկերացնո՞ւմ եք, աղքատության ծայրահեղ մակարդակ ունեցեղ մեր երկրում, 130 հազար նպաստառու ունեցող մեր երկրում, տնտեսապես քայքայված երկրում աշխտանքի ու սոցիալական հարցերի նախարար է նշանակվում մարդ, որն ունի վարկային կազմակերպություն ու մի քանի հարյուր տոկոսով (անգամ 400 տոկոսի մասին է խոսք գնում)  վարկ է տալիս մարդկանց։ Բնականաբար, էդ վարևկերից օգտվում են առանց այն էլ ծանր վիճակում գտնվողները։ Ու նա պետք է ժողովրդի խնդիրները լուծի՞։

Բայց սրանք ոչ միայն չունեն մասնագիտական որակներ, այս պահին նաև նրանց մարդկային որակներն են քննարկման թեմա։ Դժվար թե մենք ունենանք սոցապնախարար, որը Բաթոյան Զառայից վատն է կամ արտգործնախարար, որը վատն է Զոհրաբ Մնացականյանից։ Բայց հարց է՝ ի՞նչ են մտածում մարդիկ, երբ այս՝ խիստ ժամանակավոր և «դավաճանի» խարանով կառավարությանը համաձայնում են մաս կազմել։ Ի՞նչ են մտածում նրանք։ Նիկոլից հիմա իր թիմակիցներն են անգամ փախչում, բայց ոչ թիմակիցները, երբ համաձայնում են նախարար դառնալ, քա՞նի անգամ են վերլուծում դրա նպատակահարմարությունը։ Նրանք գտակցո՞ւմ են, որ այդ համաձայնությունը կայացնելով՝ պատասխանատվություն են կիսում Փաշինյանի դեռ ձգվող իշխանության դավաճանության համար։ Նրանք կիսում են դավաճանական թղթի պատասխանատվությունը՝ հավասարաչափ։ Ընդհանրապես, նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանին շարունակում են հանդուրժել, կիսում են այդ պատասխանատվությունը՝ կլինի նախարար, պատգամավոր, թե ժողովուրդ։ Բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն փոխարինել մանդատը վայր դրած պատգամավորներին, հողերը հանձնելու կողմնակից են, այդպիսով՝ պատասխանատու են։

Նիկոլ Փաշինյանը կարող է ամբողջ կառավարությունը փոխել, բայց ոչինչ չի փոխվի, կառավարության ու երկրին պարտության տարածը և խանգարողը մեկ մարդ է, ու այդ մեկ մարդը շարունակում է պաշտոնավարել, իր՝ վարչապետի աթոռին մնալով՝ նա ամեն օր մեծացնում է մեղավոր անձանց շրջանակը։

Ով էլ գա նախարար, թեկուզ հմուտ, հանրության կողմից սիրելի, նա փչանում է նույն նշանակման պահին, քանի որ կիսում է հողերի հանձնման պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի հետ հավասար։

Հավատացեք, պաշտոնի բերած օգուտը այժմ անգամներով զիջում է այն վնասին, որ տալու է այն ձեզ։

Դուք ևս արդեն համարվում եք դավաճան, անկախ այն բանից, թե կոնկրետ ինչ մասնակցություն եք ունեցել Արցախը հանձնելու փաստաթղթի կնքմանը։ Դու մասնակից եք Նիկոլ Փաշինյանից ոչ պակաս, քանի որ քաջատեղյակ եք, թե ի՞նչ, ի՞նչ պայմաններում է եղել։ Արմեն Սարգսյանը կարող է ասել՝ քնած եմ եղել, մամուլից եմ իմացել․․․ Դուք արդեն գիտեք, մասնակցություն չեք ունեցել, բայց գիտեք ու ընդունում եք։ Վերջ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ