Արցախյան պատերազմում մեր պարտության հիմնական մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Սա այնքան ակնհայտ է, որ անգամ ինքը կասկածի տակ չի դնում։ Այլ հարց է, որ հայտարարելով իր պատասխանատվության մասին, չի ցանկանում կրել այդ պատասխանատվությունը։ Եվ այս հարցում նրան շարունակում է աջակցել բնակչության ոչ գիտակից հատվածը։ Թվում է, թե գոնե հիմա Հայասանում չպետք է լինեին մարդիկ, որոնք կարող են դա անել, սակայն, ցավոք, իրականությունն այլ է։ Կեղծիքի, տգիտության, ազգային արժեքների ոչնչացման հետևանքով հազարավոր մարդիկ ոչ մի կերպ չեն սթափվում։ Շատերն էլ, անշուշտ, սթափվել են և ուշքի չեն գալիս հոգեբանական ցնցումից։ Եթե փորձենք դասակարգել նախկինում Նիկոլ Փաշինյանին աջակիցների հետ տեղի ունեցած փոփոխությունները, ապա կտենենք հետևյալ պատկերը։
Առաջինը, ինչպես նշեցինք, այն մարդիկ են, որոնք անվերապահ սատարում են և արդարացնում մի մարդու, որը մեր հայրենիքի մի հատվածի կորստյան և հազարավոր զոհերի պատճառ է դարձել։ Նրանք լինելու են, քանի դեռ վարչապետի պաշտոնում է Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, երբ վերջինս այլևս իշխանություն չլինի, այդ զանգվածը միանգամից հայտվելու է հետին պլանում։ Այդուհանդերձ, այդ մարդիկ ոչ մի տեղ չեն անհետանա։ Նրանք կարող են նույն թեթևությամբ, առանց մտածելու, առանց իրականությունը պատկերացնելու վաղն իշխանության բերել մեկ այլ Նիկոլ Փաշինյանի և դրանով իսկ գերեզմանաքար դնել հայկական պետականության և մեր բոլորիս վրա ընդհանրապես։ Այս առումով այդ մարդիկ մեր հասարակության ամենավտանգավոր հատվածն են։ Ակնհայտ է, որ մեր պետականության 30 տարիների ընթացքում լուրջ բացթողում ենք ունեցել պետության կարևորության, հայրենասիրության, մեդիագրագիտության, կրթական համակարգի բովանդակության ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու առումով։ Հաջորդ իշխանությունը պարզապես պարտավոր է լինելու դա անել։
Երկրորդ հատվածը այլևս բացահայտ չի աջակցում Նիկոլ Փաշինյանին և հայտարարում է, որ ինքը «Նիկոլի կողմից չի», բայց շարունակում է կրկնել նրա քարոզչական մեքենայի բոլոր կեղծքիներն ու աճպարարությունները՝ «թալան», «կոռուպցիա», «նախկիններ», «դավաճաններ», «20 տարի» կամ «30 տարի», պատերազմում մեր պարտությունն ուրիշներ վրա գցելու մոտեցումները կրկնում և այլն։ Բնակչության այս հատվածի հիմնական բարդույթն այն է, որ չի ցանկանում պատասխանատվություն կրել իր կատարած ընտրության համար և չի ցանկանում ընդունել իր մեղքը այս վիճակի համար։ Այսինքն, եթե ընդունի, որ սխալվել է, ստիպված է լինելու ընդունել, որ ինքն է մեղավոր Արցախը հանձնելու մեջ։
Երրորդը հատվածը քար լռություն պահպանողներն են, որոնք հայտարարում են, որ իրենք ապաքաղաքական և ոչ մեկի կողմից չեն։ Նրանք ևս խուսափում են կրել իրենց բաժին պատասխանատվությունը ներկա կացության մեջ, քանի որ ժամանակին մասնակցել են Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելուն։ Ի դեպ, այս հատվածից շատերը աշխատում են պետական համակարգում և չեն ցանկանում կորցնել իրենց աշխատանքը։ Սակայն աշխատանք չկորցնելու վախի գերադասումը հայրենիք կորցնելու վտանգից չի կարող արդարացնող հանգամանք համարվել։
Եվ վերջապես, չորրորդ խումբը, որը թեկուզ ուշացումով, թեկուզ մեծ դժվարությամբ, բայց գիտակցել է իր կատարածի սխալն ու դրա ողբերգական անդրադարձը մեր երկրի վրա։ Նրանցից շատերն անգամ մասնակցում են միավորված ընդդիմության հանրահավաքներին՝ լինելով անկուսակցական և չլինելով 17 կուսակցություններից որևէ մեկի համակիր։
Թե վերոնշյալ խմբերից յուրաքանչյուրի մեջ որքա՞ն մարդ է ընդգրկված, գործնականում դժվար է ասել։ Սակայն ամեն դեպքում ակնհայտ է, որ 2018 թ․-ի համեմատ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ընկել է անգամներով և դա առավել ակնառու է արցախյան պատերազմից հետո։ Ինչ վերաբերում է նրան դեռևս աջակցողներին, ապա բոլորի համար պետք է պարզ լինի, որ այդպիսով իրենք իրենց նույնացնում են հայրենիք հանձնողի հետ, որի անունը դարեդար դասվելու է հայրենիքին դավաճանած կամ հանձնած մեր պատմության մեջ հայտնի մարդկանց հետ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը