17 11 2020

Խիստ կասկածելի է անգամ, որ Փաշինյանը կարդացել է, թե ինչ է ստորագրել

Խիստ կասկածելի է անգամ, որ Փաշինյանը կարդացել է, թե ինչ է ստորագրել

Օրեցօր ի հայտ են գալիս նոր փաստական տվյալներ ու բացահայտ իրողություններ, որոնք ընդգծում են համոզմունքի փոխվող տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը, գետնատարած փռվել է թշնամու առաջ և սուսուփուս ստորագրել այն, ինչ իրեն դեմ է տրվել: Խիստ կասկածելի է անգամ, որ նա կարդացել է, թե ինչ է ստորագրել: 

Այն, որ այդ կապիտուլյացիայի ակտի որևէ կետ Նիկոլ Փաշինյանը չի էլ քննարկել, գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: 

Լավ, ենթադրենք, որ իսկապես մեր վիճակը ռազմաճակատում այնպիսին էր, ինչպես հիմա մեզ փորձում է համոզել իր իմաստազրկված պաշտոնն ամեն գնով պաշտպանել ջանող «դուխով» Նիկոլ Փաշինյանը: Բայց դա չի նշանակում, որ նույնիսկ ստորագրված, 250 տոկոսով հակահայկական պայմաններով թղթի ոչ մի դրույթ գոնե չպիտի քննարկվեր: 

Վերցնենք նախ, բավականին պարզ, ակնհայտ հանգամանք: Մարդկանց կյանքի անվտանգությունը: Արայիկ Հարությունյանը կոչեր է անում, հորդորում է արցախցիներին վերադառնալ այնտեղ, ինչ մնացել է Արցախից: Ենթադրենք, մարդիկ հետևում են այդ կոչին ու վերադառնում են: Կան վերադարձողներ: Ո՞վ է ճանապարհին, մասնավորապես Գորիսից  Ստեփանակերտ ընկած հատվածում, որն, ինչպես գիտեք, գործնականում թուրք-ադրբեջանական հսկողության տակ է, ապահովելու Երևանից Ստեփանակերտ վերադարձող մարդկանց անվտանգությունը: 

Ռուս խաղաղապահնե՞րը: 

Միայ՞ն:
Ինչպե՞ս:
Ամեն ավտոբուսի և ավտոմեքենայի մեջ մի-մի ռուսական խաղաղապա՞հ է նստելու, թե՞ ամեն 25 մետրը մեկ 1 խաղաղապահ է կանգնելու ամբողջ ճանապարհի երկայնքով: Ենթադրենք, մի կես տարի հետո ինչ-որ կոնկրետ մեխանիզմներ են ստեղծվում: Իսկ այս՝ դեռ խաղաղապահների տեղակայման ընթացքում ո՞վ է այդ անվտանգությունն ապահովելու: Եվ որքանո՞վ կարելի է լուրջ վերաբերվել նման՝ դեռ անորոշ պայմաններում մարդկանց վերադարձի կոչերին: Դա պատասխանատո՞ւ կամ գիտակի՞ց պահվածք է: Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք թուրք-ադրբեջանցիների կողմից հայերի առևանգելու մասին արդեն իսկ շրջանառվող տեղեկությունները:

Լավ, մեկ այլ հարց․ այդ ի՞նչ կամ ինչպե՞ս է նախքան ստորագրելը քննարկել Փաշինյանը կամ նրա լիազորած ներկայացուցիչը, եթե փաստաթղթերի ստորագրումից օրեր անց միայն, այն էլ թուրք-ադրբեջանցիների բարբարոսական նկարագիրը Շուշիի Ղազանչեցոցի պատերին դրսևորելուց հետո, Ռուսաստանի նախագահ Պուտինն է հայտարարում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության, եկեղեցիների, սրբավայրերի պահպանումը ապահովելու, պղծում թույլ չտալու մասին: 

Այն, որ ահռելի թվով պատմամշակութային ժառանգության հուշարձաններ գրչի մեկ շարժումով Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանձնել թշնամուն, հարցի դեռ մի կողմն է: Այն, որ այդ մասին որևէ կերպ, որևէ դրույթ, որևէ կետ չի ընդգծվել ստորագրվելիք փաստաթղթի մեջ, դա ոչ պակաս ահավոր ու սարսափելի է: 

Այսինքն դրա մասին անգամ չեն էլ մտածել, հասկանո՞ւմ եք: Ընդհանրապես չեն մտածել: 

Մարդու սիրտում պիտի տեղ լինի, որ մտածի: Ո՞վ, Փաշինյանի նման մե՞կը պիտի մտածեր, որ ասում է՝ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք էր...»: 

Եթե մարդկանց անվտանգության, թշնամուն թողնվելիք հայրենիքի ժողովրդի ու մարդկանց ունեցվածքի տեղափոխման տարրական կազմակերպման մասին անգամ չեն մտածել, Դադիվանքի ու Ամարասի՞ մասին էին սրանք մտածելու: Սրա՞նք, որ Հայ եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանեցին, որ 5-6 տարեկանից «սեռական դաստիարակություն» ներդնեն, սրա՞նք, որ Հայոց պատմության դասընթացի բովանդակությունը... թուրքերի հետ էին քննարկում՝ շարունակելով լկտիաբար ստեր ու պիտակումներ տարածել դրան ընդդիմացող ազնիվ պատմաբանների հասցեին (երանի քեզ, մեր գաղափարական ու գիտնական ընկեր Արտակ Մովսիսյան, որ դաժան վարակը քեզ թեպետ ուժերի ծակման շրջանում տարավ մեզանից, բայց գոնե այս համազգային խայտառակումը չտեսար, այլապես երկրորդ անգամ կմահանայիր):

Ողբերգություն է, երբ ամբոխի ուսերի վրա պետության ղեկին է հայտնվում նման մեկը: Ու մենք հիմա ապրում ենք այդ ողբերգությունը: Ու դեռ շարունակում ենք ապրել, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր իմաստազրկված պաշտոնին: 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ