Արցախյան պատերազմն ավարտվեց։ Մենք ունեցանք ողբերգական կորուստներ՝ մեր հայրենիքի կորսված տարածքներ և հերոսաբար զոհված հազարավոր հայորդիներ։ Այն, որ կարելի էր խուսափել այսօրինակ խայտառակ վերջաբանից, եթե Հայաստան ու Արցախը ունենային հմուտ և ռազմաքաղաքական իրավիճակին տիրապետող ղեկավարներ, կասկած չի հարուցում։ Ներկա իրավիճակում շատերին հետաքրքրում է իսկ ի՞նչ է լինելու Արցախի հետ, կշարունակի՞ այն մնալ հայկական թեկուզ նախկին ԼՂԻՄ սահմաններում և ի՞նչ է անհրաժեշտ լինելու դրա համար։
Ակնհայտ է, որ այսօր դեռևս հայկական մնացած Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորը Ռուսաստանն է և ռուսական խաղաղապահ զորքերը։ Վերջիններս կոչված են ապահովել խաղաղությունը պատերազմի արդյունքում ձևավորված առաջնագծի երկայնքով։ Այսինքն, նախկին ԼՂԻՄ-ը՝ առանց Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանի որոշ գյուղերի, Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքով։ Այս սահմաններով հեռանկարում Արցախի հայկական մնալը մեծ կասկածներ է առաջացնում։ Սակայն ռուսական խաղապահները այնտեղ կլինեն միայն 5 տարի։ Ի՞նչ կլինի հետո, եթե Արցախը չունենա կարգավիճակ և բնակչության անվտանգ ապրելու համար պայմաններ և ավելի բարենապաստ տարածք, քան այն, ինչ մնացել է։
Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ Արցախը այս կամ այն տարածքով հայկական կարող է մնալ միայն եթե դառնա Ռուսաստանի լիիրավ ազեդցության գոտի։ Ներկա պահին, բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանի Դաշնությունը սկսել է այդ տարածքում իրականացնել հումանիտար ծրագրեր և անգամ ստեղծել է միջգերատեսչական մարմին։ Այդ մարմնի կատարած աշխատանքները զեկուցվում են ուղղակորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ամենը չկա գրված զինադադարի մասին համաձայնագրում և Ռուսաստանը չունի պարտավորություն դա անելու։ Սա հուշում է Ռուսաստանի հեռահար նպատակների մասին Արցախի նկատմամբ։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք՝ խաղաղապահների ժամկետի լրանալուց հետո՝ ռազմաբազայի տեղակայում և անվտանգության ապահովման ստանձնո՞ւմ, Արցախը Ռուսաստանի մաս դարձնել, արցախցիներին ՌԴ քաղաքացիություն շնորհել, թե՞ մեկ այլ բան, դժվար է ասել։ Հստակ կարելի է ասել, որ Ռուսաստանը փորձելու է ամրապնդվել այնտեղ։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Արցախը լինի հայաբնակ, երաշխավորված անվտանգությամբ, ունենա իր բանակը՝ ինչպես հիմա։ Եթե Ռուսաստանի համար սա չդառնա անկյունաքարային սկզբունք, ապա Արցախը կհայաթափվի և ռուսական ներկայությունն այնտեղ այլևս կկորցնի իմաստը։
Այստեղ, բնականաբար առաջանալու են Արցախի սահմանների և կարգավիճակի հարցերը։ Հայաստանի Հանրապետության ազդեցությունը բանակցային գործընթացի վրա ցավալիորեն նվազել է։ Առանց Ռուսաստանի Դաշնության աջակցության, գործնականում անհնար կլինի հասնել անգամ ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերակագնմանը և Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Բնական է, որ Ադրբեջանը ամեն կերպ ընդդիմանալու է և փորձելու է առավելագույնս օգտագործել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Միայն Ռուսաստանի դիրքորոշումը կարող է սաստել Ադրբեջանին։ Ինչպիսի՞ն կլինի այն և ինչպե՞ս կարտահայտվի, դժվար է ասել։ Ի վերջո, Ռուսաստանը չի ցանկանում նաև «նեղացնել» Ադրբեջանին և նրան ամբողջությամբ հրել Թուրքիայի գիրկը։ Եթե միջանկյալ կամ փոխզիջումային լուծում համարվի Արցախի որևէ կարգավիճակը Ռուսաստանի կազմում, ապա դա կլինի փրկություն արցախահայերի և Արցախի համար։ Հակառակ դեպքում, Արցախի վերջնական հայաթափումից չենք խուսափելու։ Ի դեպ, չափազանց կարևոր է, որ Արցախի՝ ռուսական հովանու տակ անցնելու տարբերակի դեմ սորոսական վայրահաչոցներ Հայաստանում չլինեն։ Դրանք պարզապես պետք է արմատից կտրել։
Եվ ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը պետք էդառնա Ռուսաստանի ազնիվ դաշնակիցը և դադարեցնի տարատեսակ «խաղերը» արևմտյան երկրների ու «միջազգային հանրություն» կոչվածի հետ։ Այդ դեպքում հնարավոր կլինի պատերազմում կորցրածից ինչ-որ բան հետ բերել առանց պատերազմի։ Սակայն դրա համար կա գլխավոր անհրաժեշտ պայմանը՝ իրեն վարկաբեկած և Ռուսաստանի վստահությունը չվայելող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պետք է հեռանա։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը