13 11 2020

Փաշինյա՛ն, գեղջկամիտ «կռուտիտներդ» գնա պողոսներիդ պատմիր

Փաշինյա՛ն, գեղջկամիտ «կռուտիտներդ» գնա պողոսներիդ պատմիր

Որքան ավելի շատ է Նիկոլ Փաշինյանը փորձում (անհասկանալի է, թե ի՛նչ ակնկալիքով) արդարացնել կամ բացատրել Արցախը ադրբեջանաթուրքական խուժանին հանձնելու իր միանձնյա որոշումը, այնքան ավելի ու ավելի հակասական ու անհեթեթ բաներ է ասում: Պաթոլոգիկ ստախոսներին բնորոշ երևույթ է դա, նրանք, սովորաբար խճճվում են իրենց իսկ հորինած ստերի մեջ:
Որքան հաճախ է Նիկոլ Փաշինյանը հայտնվում հանրության առջև իր թաքստոցային լայվերով և տեսաուղերձներով, այնքան ավելի է ընդգծվում գերազանցապես իր անհատական և իր թիմի ընդհանուր պատասխանատվությամբ թույլ տրված խայտառակության ու խարանային կապիտուլյացիայի ողբերգական խորությունը: Սրանք, որ մատի փաթաթան էին դարձրել «ապրիլյան պատերազմի» ժամանակ հավելյալ զոհեր չտալու հիմնավորմամբ 800 (չնայած ավելի քիչ) հեկտարը թշնամու վերահսկողության տակ թողնելու փաստը, գրչի մի հարվածով թուրքին տվեցին դեռ ամիսուկես առաջ Արցախի Հանրապետության տիրապետած տարածքի կեսը, եթե ոչ կասից ավելին, մոտ 6-7 հազար քառակուսի կիլոմետր: Բայց հայրենիքը տարածք չէ: 

Ոչ այլ ոք, այլ հենց անձամբ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ է թուրք-ադրբեջանական խուժանին հանձնվել Հադրութը, Շուշին, Ջեբրաիլը, Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլին, իսկ առաջիկա օրերին, նույն խայտառակ ու աղետային թղթի կտորով թուրքին են հանձնվելու Քարվաճառը, Բերձորը (Լաչինը), Աղդամի շրջանը... Մենք դեռ չենք խոսում թշնամուն թողնվող տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պատմամշակութային կոթողների ու սրբավայրերի մասին...

Ու նա այդքանից հետո դեռ ինչ-որ բաներ է խոսում՝ թողնել-հեռանալուց բացի: 

Լավ, ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը: 

Ասում է, օրինակ, թե իրավիճակն այնպիսին էր, որ ստիպված էին հաշված ժամերի ընթացքում որոշում կայացնել, հակառակ դեպքում՝ հապաղումը կհանգեցներ Արցախի՝ դեռևս պաշտպանվող ու մարտնչող հատվածներում եղած 20-25 հազար մեր զինվորների և սպաների շրջապատմանն ու կորստին:
Ու ոչ մի խոսք այն մասին, թե այդ ինչպե՞ս և ինչո՞ւ այդպես եղավ, որ ստեղծվեց  հաշված ժամերի ընթացքում որոշում կայացնելու իրավիճակ:
Մի անձնավորության ու ֆիգուրի՝ Նիկոլ Փաշինյանի համար, ով հրապարակային հայտարարել էր, հավաստիացրել, որ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ որևէ տարբերակ անպայման պետք է հրապարակային քննարկի ժողովրդի հետ: Իսկ նոյեմբերի 10-ին, մթության քողի տակ, առանց նույնիսկ ՀՀ նախագահի հետ խորհրդակցելու, արագ-արագ ստորագրեց: Մի թուղթ, մի խայտառակ ու ամբողջ ազգին պատվազրկող, մեր բոլորիս 30 տարվա ներդրած համազգային ջանքերն ու զոհողությունները, կորուստները առ ոչինչ դարձնող ստորացուցիչ կապիտուլյացիա: Այնպիսի մի բան, որ ապիկար Ալիևը երախը բացած հռհռում էր Նիկոլ Փաշինյանի, իսկ մեծ հաշվով՝ բոլորիս վրա: 

Ու դուք դա ուզում եք մարսե՞լ, Նիկոլ Փաշինյան և նրա հետ այդ թղթի տակ ստոր-ա-գրած կամ այդ ստորա-գիրիը հանձն առած քայլարածներ:
Ի դեպ, եթե Արցախում կար առնվազն 20-25 հազար թվակազմով մարտնչող ու իրապես կռվող զորախումբ, այդ ինչպե՞ս է, որ Արայիկ Հարությունյանի հավաստիացմամբ Ստեփանակերտի մատույցներում հազիվ մի քանի հարյուր մարտիկ կար՝ ինչը անբավարար էր քաղաքը պաշտպանելու համար: 

Թող իրենք՝ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պարզեն, թե իրանցից ով է ավելի շատ հարմարեցնում իրավիճակը իրեն:
Իսկ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Ինչպե՞ս էր, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, մարտունակ միայն այդ 20-25 հազար զինվորն էր մնացել:
Ոչ այլ ոք, հենց Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե սպասում էին նման մի պատերազմի կամ նման զարգացման: Այդպե՞ս են պատերազմի սպասում, զինվորագրվելու, կամավորագրվելու կոչերո՞վ: Իսկ ի՞նչ էր եղել այն պարզ բանակային մեխանիզմին, որ կոչվում է զորահավաք, մոբիլիզացիա: Այդ ինչպե՞ս եղավ, որ վերջին 2,5 տարում իբրև թե նախորդ 20 տարվանից շատ ավելի շատ բերված սպառազինությունից, եթե հավատանք պարոնայք Արայիկ Հարությունյանի և Փաշինյանի նկարագրած վիճակներին, բան չէր մնացել կամ հրետանին չէր բավարարում և այլն, և այլն: 

Ու նման հարցերի պատասխանելու, իր ընդունած որոշումների ու դրանց հետևանքների համար պատասխանատվություն գոնե ստանձնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանն ինչ-որ գավառամիտ «կռուտիտներ» է հրամցնում հանրությանը: Մոտեցմամբ, ըստ որի՝ ով ասես մեղավոր է, միայն ոչ ինքն ու իր անգործունակ թիմը: 

Ու ասում է, թե օբյեկտիվ իրավիճակը հանրությանը չէին ներկայացնում... այն մտավախությամբ, որ հանկարծ այդ իրականությունը թշնամին էլ չիմանա: Այս անհեթեթ սուտը ո՞ւմ համար է ասվում: Եվ ո՞վ է ասում դա, Նիկոլ Փաշինյա՞նը, ով  իր հայտնի կոչերից մեկի ժամանակ, որ հորդորում էր մարդկանց իրենց ունեցած սաղավարտ կամ զրահաբաճկոնով, թիվ է ասում, թե որքան անձնակազմ լինի:
Իսկ այս դեպքում չէր ուզում օբյեկտիվ իրականությունը ներկայացնել, որպեսզի հանկարծ թշնամին շրջապատման մեջ չառնի, փաստորեն Հայոց բանակի վերջին 25 հազարանոց զորախումը: Ինչո՞ւ ենք ասում՝ վերջին (վստահ ենք, որ այդպես չէ), որովհետև հակառակ դեպքում ո՞ւր էին մնացած բանակային ուժերը, որ պետք է առնվազն աջակցության գային Արցախում կռվող զորքին: Բայց այստեղ ևս մեկ միտումնավոր խեղաթյուրում է թույլ տալիս Նիկոլ Փաշինյանը, թերևս, միայն «պողոսների» համար նախատեսված: Բանն այն է, որ օբյեկտիվ իրականությունը ներկայացնելու վերաբերյալ հանդիմանանքը ոչ թե զորքին ու թվակազմին կամ կամ տաղաբաշխմաննն ու հանդերձավորմանն էր վերաբերվում, այլ ռազմաճակատի իրական վիճակը, թշնամու առաջխաղացման պատկերն ու դրությունը ներկայացնելուն, որ չէր արվում: 

Իսկ հանրությանն էլ 30-35 օր կերակրում էին «Հաղթելու ենք» հեշթեգ-կարգախոսով: Այնքան, մինչև պարզվեց, որ մարտերը Շուշիի մատույցներում են, հետո Շուշիում, հետո Շուշիի համար, հետո Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, թե Շուշին ընկել է, իսկ Նիկոլ Փաշինյանը տենդագին հաղորդեց ֆեյսբուքով, որ մարտեր են մղվում: Հետո հայտարարվեց, որ չէ՝ Շուշին ընկավ: Հետո՝ կապիտուլյացիոն, ազգադավ, հայրենազրկող խարանագիր:
Ու ասում է՝ օբյեկտիվ իրականությունը չէին հայտնում, որ թշնամին էլ չիմանա այն: Ի՞նչը չիմանար թշնամին, որ Հադրութն ու Ջերբրաիլը իրենք արդեն գրավե՞լ են: Թշնամու ինչի՞ն էր պետք դա իմանալ, եթե արդեն այնտեղ էր: 

Գիտե՞ք ինչ, գնացեք ու ձեր ողորմելի մակարդակի, անգամ այս ողբերգական, արյունահեղ ու խայտառակիչ, դավաճանական ձեր «փայլատակումներից» հետո ձեր նմաններին ֆեյսբուքներում «սրտիկող»-ներին պատմեք նման անհեթեթություններ: Նրանք անվերապահորեն կհավատան: Հետո՞ ինչ, որ դեռևս հոկտեմբերի մոտ մեկ ամիս առաջ արդեն գիտեիք, թե ինչ վիճակ է իրականում, բայց համառորեն գնացիք ավելին կորցնելու ճանապարհով: 

Ու հիմա էլ բացեիբաց, անամոթաբար ընդամենը կառչել եք ձեր ողորմելի պաշտոններից: Երևի էլի՞ մի կապիտուլյացիոն բան ստոր-ա-գրելու նպատակներ կան: 

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ