Հայաստանում արդեն ավելի քան 2,5 տարի է, ինչ «Facebook» սոցիալական ցանցը ամենօրյա գլխացավանք է դարձել մարդկանց համար։ Իսկ հիմա՝ պատերազմի այս ծանր շրջանում, ֆեյսբուքն արդեն ունի աղետալի ազդեցություն։ Սուտ լուրեր, թշնամական քարոզ, ատելության խոսք, դավադիրների փնտրտուք, իշխանության կամ ընդդիմության դեմ քարոզ, քաղաքական ուժերի ու գործիչների վարկաբեկում։ Էլ չասեմ, որ ֆեյսբուքյան էջերը կոտրում են թուրք-ադրբեջանական հաքերները և հակահայ բաներ տեղադրում։
Ֆեյսբուքում խուճապ է տարածվում ամեն օր։ Ով ինչ լսում՝ գրում է, տարածվում է։ Կեսը սուտ, կեսը ճիշտ, հիմնականում՝ իշխանության պաշտոնական հրապարակումներին հակասող։ Ֆեյսբուքում ատելություն են տարածում։ Չի կարելի օրինակ առանց զզվանքի կարդալ իրեն քաղաքագետ համարող Էդուարդ Անտինյանի գրառումը։ Նա թշնամություն է մտցնում Հայաստանի ու Արցախի բնակչության միջև, մեր դժվարությունների համար մեղադրում է Արցախին։ Չգիտենք՝ էդ մարդուն ԱԱԾ-ն հրավիրե՞լ է, թե՝ ոչ։
Էլի մարդիկ կան, որ պառակտում են սերմանում, ու նրանց խոսքը տարածվում է։ Մեկը դնում է իմքայլական բեղիկավորի դուրս տվածը, մեկ ուրիշը՝ այսինչ քաղաքական գործչինը, սորոսականինը, անգամ Ալիևի ելույթներն են տարածում անխնա կերպով։
Էլ չեմ ասում ի հայտ եկած նոր ֆեյքերի մասին, ֆեյք լրատվական էջերի մասին։ Այս բոլորը ֆեյսբուքով են կայանում։
Գրառումների համար ևս ոստիկանությւոնը տուգանում է, բայց աբսուրդ է մտածելը, թե հասցնելու է երկու միլիոնից ավելի ֆեյսբուքյան օգտատերի հետևից ամեն օր գնալ։ Առանց այն էլ մեր երկրում հասարակական կարգն անմխիթար վիճակում է հենց այն պատճառով, որ ոստիկանությունը զբաղված է պատերազմով, ֆեյսբուքյան քոմենթչիներով, կայքերի հետևից գնալով, կորոնավիրուսով և այլնով, իսկ իր բուն առաքելությունը հասցնո՞ւմ է կատարել։
Ու այս ամենի ֆոնին երբ սանիտարի դեր կատարող լրատվականները տուգանվում են խոսելու, գրելու, ճիշտը ներկայացնելու համար, իրավիճակը դառնում է աբսուրդային։
Բազմիցս պնդել ենք, որ այս դժվար օրերին Հայաստանի իշխանությունը պարզապես պարտավոր է փակել Ֆեյսբուքը՝ որպես ազգային անվտանգությանը թշնամուց ոչ պակաս սպառնալիք։ Առանց այն էլ շատ ենք ուշացել այդ քայլում, պետք էր անել դեռ մեկ ամիս առաջ, հիմա պնդում ենք, որ պետք է անել անմիջապես։ Պետք է հանրությանը սթափեցնել, պետք է թույլ չտալ զանազան ֆեյք գործիչների, հակապետական արբանյակների, քարոզիչների ու հակաքարոզիչների, սորոսականների, ֆեյքերի մեր հասարակությունը վերջնականապես կործանել, որովհետև այս համատարած ատելությունը վաղը պատերազմին կավելացնի քաղաքացիական բախումները։ Ֆեյսբուքն այսօր ատոմային ռումբի էֆեկտ է ունենում։ Վստահ եմ՝ հիմա իշխանության օգտին չէ ֆեյսբուքի գործելը, ավելի շատ դրանից օգտվում են հակառուսները, հակապետական մտածողություն ունեցողները, ադրբեջանաթուրքական քարոզիչները ու դա վաղն ամենաշատը հենց իշխանությանն է վնասելու․ հասարակության մասին էլ չասեմ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը