Թուրքական արժույթը՝ լիրան կտրուկ գահավիժել է սեպտեմբերի 28-ին` այդ երկրի նախագահ Ռեջեբ Էրդողանի կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին Թուրքիայի աջակցության մասին հայտարարությունից հետո։ Այդ օրվա ընթացքում անկումը գագաթնակետին էր հասել` կազմելով 7,79 լիրա 1 դոլարի դիմաց։ Դա պայմանավորված է այն մտահոգություններով, որ Թուրքիան կարող է մտնել նոր տարածաշրջանային հակամարտության մեջ։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ փոխարժեքը գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա՝ 1 դոլարի դիմաց 7,78 թուրքական լիրա։
Տարեսկզբից ի վեր թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 28 տոկոսով և զարգացող երկրների ամենաթույլ արժույթների մեջ գտնվում է առաջին տեղերում։ Թուրքական արժույթին այդ երկրի Կենտրոնական բանկն աջակցելու հնարավորություն առանձնապես չունի։ Բանն այն է, որ տարեսկզբին Թուրքիայի Կենտրոնական բանկի վալյուտային ակտիվները 74 մլրդ դոլարից այս պահի դրությամբ իջել են մինև 44,9 մլրդ դոլարի։ Ընդ որում, այդ գումարից 44 մլրդ դոլարը առևտրային բանկերի ռեզերվներն են, ինչը նշանակում է, որ ԿԲ վալյուտային ռեսուրսը գրեթե զրոյական է։ Այս մասին տեղեկանում ենք Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության վերլուծաբաններից։
Ի դեպ, սեպտեմբերի կեսերին վերոնշյալ վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել էր Թուրքիայի սուվերեն վարկանիշը մինչև B2 մինուսի։ Նույն վարկանիշն ունեն Ռուանդան և Ուգանդան։ Moody’s-ը նաև զգուշացրել է, որ Թուրքիային սպասվում է «վճարման բալանսի ճգնաժամ»։
Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, չնայած այս ամենին, արցախյան պատերազմում թուրքական ակտիվ ներգրավվածությունը շարունակվում է։ Որքան էլ ցավալի է, մենք նույնպես նպաստում ենք թուրքական տնտեսության զարգացմանը` ակտիվորեն ներմուծելով և սպառելով թուրքական արտադրության ամենալայն ապրանքները, ինչի վտանգավորության մասին անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ և որի առնչությամբ հավելյալ պարզաբանումներ կներկայացնենք հաջորդ հրապարակմամբ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը