26 09 2020

Բա էլ ո՞ւր մնաց «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով» պնդումը

Բա էլ ո՞ւր մնաց «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով» պնդումը

Ահավոր դժվար է հավատալ հնարավոր ամեն ինչ խոստացած, բայց նույնիսկ հնարավորը չիրագործած վարչապետ Նիկոլ Փաշինյանի որևէ նոր խոսքին։ Ինչևէ. երկուսուկես տարի շարունակ նորանոր ստերով ու երեսնամյա հեռվում պատկերած նոր տեսիլքով ժողովրդին վերստին խաբել փորձող կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Երևանում գտնվող Ացախի խորհրդարանի պատվիրակության ներկայությամբ ասել է. «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով»:

Կառավարությունում ԱՀ ԱԺ պատվիրակության ընդունելությանը մասնակցել են, ըստ հաղորդագրության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, բայց ո՛չ` ՀՀ ԱԺ նախագահը։ Համաձայնեք, տարօրինակ է, որ խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի ղեկավարը ոչ մի կարևոր միջոցառման իր կարգավիճակին հարիր մասնակցություն չի ունենում, ինքնուրույն դեր չունի ու որևէ միջոցառման ժամանակ, առավելագույնը` սոսկ ներկա լինելու իրավունք ունի։ Դժվար չէ նկատել, որ Փաշինյանը բոլորին փորձում է պահել իր ստվերում, միայնակ բոլորի փոխարեն որոշումներ է կայացնում, բայց բոլորին դարձնում է իր որոշումների գերի ու բոլորին վերագրում է իր կատարած «հետևողական ու նպատակային սխալների» պատասխանատվությունը։

Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումն, իհարկե, ընթացել է օրերս Իլհամ Ալիևի օդում կախած «կուլիսային բացահայտումների» մթնոլորտում։ Մինչդեռ Փաշինյանը ոչ մի ուղղակի խոսքվ կամ քողարկված ակնարկով չի հերքել Իլհամից թայմ-աութ խնդրելու փաստը։ Իսկ ըստ Իլհամի «դոսյեի»` իրենից կոնկրետ ժամանակ են խնդրել, որպեսզի Փաշինյանը կարողանա «բոլորի» համար ընդունելի լուծում գնտել Արցախի հիմնահարցին, բանտարկի բոլոր «իրենց» խանգարողներին, փոխարենը` «չնկատի» սահմանային գծի երկայնքով ծավալվող ադրբեջանական ռազմական ամրությունների շինարարությունը և էլի որոշ բաներ։

Այս առնչությամբ Փաշինյանն ընդամենը ասել է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Այսինքն. նախ` նույնիսկ թուրքական օժանդակությամբ Հայաստանի դեմ ձեռնարկած ռազմական դիվերսիայից հետո մեր երկրի նկատմամբ բացահայտ թշնամանք դրսևորած «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը» Նիկոլ Փաշինյանի համար եղել ու մնում են «ադրբեջանցի գործընկեր», իսկ Հայաստանի «սև» ու «հակահեղափոխական» քաղաքացուն նա «ներքին թշնամի» է որակում։

Ապա և. Իլհամի ուղղակի սադրանքին` թե իրեն «վերաբերվող կոմպրոմատ ունի» և սպառնալիքին` թե «հրապարակելու դեպքում նրա քաղաքական կարիերան կավարտվի», Փաշինյանը հակադարձում է` նույն կերպ վարվելու «զգուշացմամբ»։ Ստացվում է, որ Փաշինյանը տնօրինում է Իլհամի վերաբերյալ «կոնֆիդենցիալ ինֆորմացիա», որը եթե հայտնի դառնա ադրբեջանցի ժողովրդին, ապա «դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն կապակայունանա», բայց նա ադրբեջանական տոտալ հիբրիդային հարձակումների պայմաններում անգամ չի ուզում օգտագործել այդ «փափուկ զենքը», այլ նոր պայմանավորվածության գալու մասին է ակնարկում։   

Բա էլ ո՞ւր մնաց «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով» պնդումը: Էլ ինչպե՞ս ժողովուրդը հավատա, ինչպե՞ս չկասկածի, որ Ացախի խորհրդարանական պատվիրակության ներկայությամբ ՀՀ կառավարությունում արած Փաշինյանի պնդումը, թե` «մեր գործերը, ասելիքը, ասածները, հաղորդած բովանդակությունը բաց և փակ սենյակներում որևէ կերպ իրարից չեն տարբերվում՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում» հերթական առևտրային պայմանավորվածությունը չէ թշնամու հետ` նոր թայմ-աութ ստանալու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ