ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով միջազգային հանրությանը դիմելու ընձեռնված հնարավորությունը մեր երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ օգտագործեց անարդյունավետ, սխալ, ծառայեցնելով ո՛չ թե հայոց պետականության ու հայ ազգի շահերին, այլ` անձնական նկրտումներին։ Այս քայլով նա մեկ անգամ ևս հաստատեց օտար, ընդհանրական ծրագրերով առաջնորդվելու, Հայաստանի ու ողջ հայության ապագան ազգային նկարագրից դուրս տեսնելու իր պատկերացումները։
«Պետությունների ինքնիշխանությունը, անկախ չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում». սա Փաշինյանի հաստատումն է։ Այսինքն նա ուղղակի ասում է, որ ինքը մեր ապագան տեսնում է գլոբալացվող աշխարհում, և չի՛ ասում, որ իր այս տեսլականը ժողովրդին պարտադրելու իրավունք ժողովուրդն իրեն չի տվել։ Օրինակ. չի՛ եղել 29 տարի առաջ անցկացված անկախության հանրաքվեի նման ոչ մի բան և Հայաստանի ժողովուրդն էլ չի՛ ասել, թե էլ չի ուզում անկախ, ինքնիշխան ապրել ու ինքնուրույն սպասարկել իր ազգային շահերը։
Ժողովուրդը չի՛ ասել, որ ուզում է ապրել գլոբալ օրենքներով ու արժեքներով, որոնք բացառում են ո՛չ միայն ազգային տարրը, իր վասալությունն ընդունած երկրի ինքնիշխանությունը, այլև` հավատը, սեռը, այլընտրանքը, հստակ սահմանվածից տարբեր մտածելու և արտահայտվելու ազատությունը, բնականոն միջսերանդային, ընտանեկան, միջանձնային հարաբերությունները, այլ խրախուսելով պարտադրում է այլասերություն, լուսանցքայինություն, հարմարվողականություն, շահախնդրություն ու սեփական ողնաշարի բացարձակ բացակայություն։
Ու թեև վարչապետ Փաշինյանն ասաց, թե «ՄԱԿ-ը ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ», բայց չներկայացրեց հայ ազգի ու հայոց պետականության շահերով պայմանավորված ոչ մի տարր։ Հարկ չհամարեց` հայտնել աշխարհին, որ օրեր առաջ մեր երկու հարևանները ռազմական դիվերսիա են ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ու հիմա էլ բարձրաձայն հոխորտում են, թե առաջիկայում պատերազմ են սանձազերծելու` Հայաստանն ու Արցախը զավթելու նկրտումով։ Այլ սահմանափակվեց ընդամենը գլոբալիստական աշխարհի օբյեկտ դառնալու սեփական հավակնոտությունը շեշտելու քայլով. «այն (ՄԱԿ-ը) նաև շրջանակ է` ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու համար»։
Պետության ղեկավարի դիրքում իր բացարձակ անկարողությունը ու ինքնուրույնության բացակայությունը Փաշինյանը հաստատեց «մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար» ձևակերպմամբ։ Մինչդեռ սա ուղղակի նշանակում է` սեփական ինստիտուցիոնալ համակարգ չունենալու հլու պատրաստականություն։ Կամ էլ` պարզապես ասվում է. ով վճարի, նա էլ կարող է պահանջել` ինչ ուզում է, իսկ ես կհամարեմ, որ պարտադրանքին ենթարկվում եմ իմ ազատ կամքով։ Գուցե սա հենց այն կանխամտածված սխալն է, որով Փաշինյանը ուզում է հասնել իր նպատակին, բայց նա ճակատագրորեն սխալվում է, երբ հաշվի չի առում, որ ժողովուրդը ստրկանալու համաձայնություն չի տվել։
ՄԱԿ-ի 75-ամյակի առիթով զուգահեռ ելույթները լսելով կարելի է համոզվել, որ օրինակ, հայոց պետությունների նկատմամբ բացահայտ թշնամական հավակնություններ դրսևորող Ադրբեջանն ու Թուրքիան միջազգային այս հարթակն օգտագործել են կոնկրետ ու հստակ նպատակներով։ Նրանք և՛ ցուցադրել են իրենց «հրեշտակային անմեղությունը», և՛ իրենց ձեռնարկած զավթողական նկրտումներին առնչվող հնարավոր բոլոր մեղքերը վերագրել են Հայաստանին ու Արցախին։ Փաշինյանի քաղաքակիրթ գործընկեր Իլհամը գանգատվել է աշխարհին, որ իրենց հավանական ռազմական հարձակումից առաջ Հայաստանը ո՛չ միայն չի զորացրում իր բանակը, այլ նույնիսկ` աշխարհազոր է ստեղծում։ Ըստ օդում կախված ու չհերքված լուրերի, նա Դուշանբեի «վերելակում» իրենից թայմ-աութ խնդրած Փաշխնյանին ոչ միայն մեղադրել է Մինսկի խմբի ձևաչափը «դիտավորյալ» խախտելու, բանակցային ընթացքը ձախողելու, ռազմատեն ագրեսիվության համար, այլ նաև ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել` «զսպել Հայաստանին»։ Բացառված չէ, որ Ալիևի այս «սլաքները 180 աստիճան շրջելու» գործելաձևն էլ, Փաշինյանի ելույթում Թուրքիան, Ադրբեջանը, Ալիևին, Էրդեղանին անվանական չնշելու հանգամանքն էլ պայմանավորված են «թայմ-աութ»-ը երկարաձգելու «գաղտնի ու չզեկուցվող» պայմանավորվածությամբ։
Ի դեպ, Ալիևի մեղադրանքները լրացվեցին ադրբեջանական քարոզչամեքենայի լուրով, թե վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը խորհրդականի պաշտոնը թողնելուց հետո քայլեր է ղարաբաղյան խնդիրը «ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով» լուծելու ուղղությամբ, բնականաբար՝ Փաշինյանի հանձնարարականով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը