24 09 2020

Իշխանական ագիտպրոպն անհանգստացած է ընդդիմության հանրահավաքով

Իշխանական ագիտպրոպն անհանգստացած է ընդդիմության հանրահավաքով

Փաշինյանական իշխանության կարկառուն ներկայացուցիչներից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է, թե չի տեսնում հանրահավաքային շարժման, հանրահավաքային խոսքի հիմք: Ասում է՝ անկեղծորեն չի տեսնում:

Գնահատենք Արարատ Միրզոյանի անկեղծությունը: Բայց որքան էլ նա ձգտում է վստահ արտահայտվել, միքը, թե՝ հանրահավաքի հիմք չկա, ոչ միայն համոզիչ չէ, այլև, որպես դատողություն, չի դիմանում քննադատական մեկ-երկու ակնարկի անգամ:

Հասկանալի է՝ խոսքը երեք կուսակցությունների՝ ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք»-ի հրավիրած և հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքի մասին է: Տրամաբանական է, իհարկե, սպասել բուն իրադարձությանը, հետևել դրա ընթացքին և հետո միայն անել հետևություններ:

 Բայց նաև նկատելի է, որ իշխանական քարոզչությունը, իսկ դրա բովանդակությունն ու բաղադրությունը նկատի ունենալով՝ ագիտպրոպը, բուն իրադարձությունից, այսինքն՝ հանրահավաքից դեռ երկու շաբաթ առաջ արդեն իսկ անհանգստացած է: Հասկանալի է, որ ագիտպրոպի անհանգստության իմպուլսները ագիտպրոպապետերից են գալիս, պարզ ասած՝ օրվա իշխանավորներից, է՛լ ավելի պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանից: Նա, ով միտինգային տարբերակով հասել է իշխանության, միշտ հակված է շատ ավելի վտանգավոր համարել ցանկացած հանրահավաք, բողոքի ցույց, քան, ենթադրենք, խորհրդարանի ամբիոնից հնչած որևէ սուր հակաիշխանական ելույթ կամ անխնա-քննադատական որևէ հրապարակում, նորիշխանավորների արատները մերկացնող որևէ փաստի հանրայնացում:

 Առաջիկա հանրահավաքից օրվա իշխանության վախերը այնքան մեծ են, որ նրանք չեն էլ փորձում դա թաքցնել: Բացի հակա-հանրահավաքային «մուղամները», իշխանության վախերը դրսևորվեցին նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ «դատա-կալանավորումային» լռեցման լծակի «թարմացմամբ»: Զուգահեռաբար, գործարկվել է «տաքսի-ինֆո» տարբերակով, այսինքն՝ խոսակցություններ տարածելու եղանակով «աշխատանքը», որ հաշվարկված է ավելի պարզունակ ընկալում ունեցողների համար և դրսևորվում է հանրահավաք կազմակերպողների ու հանրահավաքի գնացողների մասին բազմազան «առասպելաբանությամբ»:

 Թեմայից մի փոքր շեղվելով նկատենք, որ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին այս հանրահավաքը շատ ավելի է անհանգստացնում, քան մեր երկրի շուրջ, մեր քթի տակ թշնամական երկրների ակնհայտ ակտիվացումը: Ինչևէ:

Հանրահավաքի հիմք լինել-չլինելու մասին: Այսինքն, այն բանի, որը Արարատ Միրզոյանն անկեղծորեն չի տեսնում: Հետաքրքիր է, որ «քաղաքական տեսողության» հետ ինչ-ինչ խնդիրներ ունի Արարատ Միրզոյանը, ով ինչ-որ տեղ և ինչ-որ չափով համարվում է փաշինյանական իշխանության սակավաթիվ ադեկվատ ներկայացուցիչներից մեկը: Կամ էլ, պարզապես անկեղծ չէ, չնայած շեշտում է հենց այդ հանգամանքը:

 Հանրահավաքի հիմք, իհարկե, կա և դեռ շատ ավելի վաղուց կա: Դրա մասին են վկայում ինչպես պարբերաբար բռնկվող, իսկ վերջերս չմարող բողոքի ակցիաները, դրա մասին է վկայում ամենատարբեր երևույթների ու հարցերի հետ կապված Փաշինյանի կառավարության քայլերի, նաև «դուխով» սխալների «ռազմավարությամբ» ստեղծված իրավա-սոցիալ-տնտեսական, մեղմ ասած՝ անբարենսպաստ վիճակը: Այստեղ քննարկելու բան էլ չկա, ախր. կա՞ հանրահավաքի հիմք, թե՞ չկա:

 Էլ չասած այն մասին, որ իրավիճակում, երբ երկրի քաղաքական ներուժ ու կարողականություն ունեցող կուսակցությունների, գործիչների ահռելի մասը ոչ թե խորհրդարանում է, այլ «արտախորհրդարանական» կարգավիճակում, իսկ դա նշանակում է, որ հանրահավաքի հիմք միշտ էլ կա: Կարևորը, որ ասելիք լինի, այն լինի հանրության տրամադրություններին, խնդիրներին ու մտահոգություններին համահունչ, նախանշի լուծման ուղիներ, չշեղվի կոնկրետիկայից:

 Երեք կուսակցությունների հանրահավաքի սպասվող ու հռչակված ասելիքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Օբյեկտիվորեն, իհարկե, նման պահանջի նախադրյալներ կան, և քաղաքական տեսանկյունից արդարացված պահանջ է դրված: Այլ հարց է, թե կա՞ն արդյոք այդ պահանջի իրականացմանը հասնելու ռեալ հնարավորություններ: Դրանք նույնպես կան, սակայն պահանջում են որոշակի համակարգված աշխատանք, ընդդիմադիր դաշտի համախմբում, «նախկին-մախկին» բարդույթներից ու իշխանաքարոզչական պիտակաթեփից ձերբազատում, ընկալելի ու պրագմատիկ մոտեցումների, «ճանապարհային քարտեզի» ձևավորում:

Բայց ամեն պարագայում, 1 հանրահավաքն ընդամենը 1 հանրահավաք է, որքան էլ փաշինյանական ռեժիմը դրանից դողէրոցքի մեջ ըկնի կամ չընկնի: Դա քաղաքական ակտիվ գործողությունների նախազդ է, տվյալ դեպքում նաև՝ երեք կուսակցության համագործակցության, հնարավորությունների ու ասելիքի ներկայացման հայտ, ի լրումն, «արտակարգռեժիմային» թմբիրից ելնելու ևս մեկ խթան: Ըստ այդմ՝ պետք չէ ընկնել իշխանական քորզչության ծուղակների մեջ և հեռուն գնացող մտահանգումներ անել, ենթադրենք հանրահավաքի մասնակիցների թվից:

Նմանապես՝ գնահատելով նշված կուսակցությունների նախաձեռնությունը, պետք չէ չափազանցված սպասելիքներ ձևավորել կոնկրետ մեկ հանրահավաքի հետ կապված, որքան էլ որ իշխանական ագիտպրոպը ցանկանա շեղել դեպի այդ ծուղակ-գայթակղության կողմը: Պարզ է, չէ՞ որ այդ հանրահավաքից հետո, որքան էլ վանկարկեն՝ «Նի-կոլ, հեռացիր» կամ նման մի բան, Փաշինյանը չի վերցնելու «դուխով» գլխարկն ու հեռանա (դրա համար չէ նա տարիներով ձգտել իշխանության, որ մի հանրահավաքից հետո թողնի ու գնա): Ագրեսիվանալը՝ կագրեսիվանա, ու հատկապես հանրահավաքավոր կուսակցությունների ղեկավարների, նկատելի դեմքերի դեմ ռեպրեսիվ դրսևորումները, հնարավոր է, ավելի կոշտ ու ինտենսիվ կդառնան: Բայց չի հեռանա: Սխալվելու համարձակությամբ ենթադրեմ, որ նա, առհասարակ, իր կամքով երբեք չի հեռանա իշխանությունից, ավելին, որքան կարող է, կառչած կմնա: Իսկ դրանից բխում է, որ նրա հեռանալու առավել իրատեսական տարբերակը իշխանությունից նրան հեռացնելն է: Դա էլ իր հերթին ենթադրում է ընդդիմության ավելի ընդգրկուն և արդյունավետ կոնսոլիդացիա:

Չնայած, սա արդեն այլ խոսակցության նյութ է:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ