21 09 2020

Այ թե ինչո՛ւ էր Ալիևը Նիկոլի համար կիրթ և ո՛ր դեպքում էր կառուցողական

Այ թե ինչո՛ւ էր Ալիևը Նիկոլի համար կիրթ և ո՛ր դեպքում էր կառուցողական

Հարևան խանապետության ղեկավար Ալիևը Դուշանբեի «վերելակից» փակագծեր է բացել: Ասել է, թե, որ Դուշանբեում հանդիպել էին, Նիկոլ Փաշինյանը ժամանակ էր խնդրել, որպեսզի կարողանա իր իշխանությունն ամրապնդել, քաղաքական հակառակորդների դեմ պայքարել, իսկ դրա դիմաց խոստացել է բանակցությունների ժամանակ լինել կառուցողական:

Երեկվանից ակտիվ շրջանառվող այս տեղեկության մեջ վատ է ամե՛ն ինչ: Վա՛տ է, որ Ալիևն է դա ասում: Վա՛տ է այն, ինչ նա ասում է: Բայց դրանք դեռ ոչինչ, դրանց մի կերպ կարելի է դիմանալ: Ամենի՛ց վատն այն է, որ ինչ ասում է Ալիևը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ եղել է: Եթե նույնիսկ նրա ասածի մեջ 75 տոկոսը սուտ է կամ կեղծիք, միևնույն է, դա ահավոր վատ է: Իսկ ահավորը այն է, որ Դուշանբեին հաջորդած ժամանակահատվածում Փաշինյանի պահվածքը տեղավորվում է Ալիևի ասած բանավոր պայմանավորվածությունների ուղեծրում:

Առհասարակ, մեր երկրին վերաբերող հարցերում լսել, թե ինչ է ասում ոչ թե սոսկ հարևան, այլ թշնամի երկրի, այն էլ՝ Հայաստանը զավթել, իսկ հայությանը բնաջնջել ցանկացող թշնամական երկրի ղեկավարը, ամենաճիշտ բանը չէ: Այսինքն, կարելի է պարզապես ծանոթանալ, նրա ասածին, բայց առանձնապես բանի տեղ չդնել: Բայց այս դեպքում թերևս մի փոքր կարելի է շեղվել այս՝ տողերիս հեղինակի համար կարևոր կանոնից:

Նախ, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այժմ նրա իշխանությանն աջակցող ու նրա համար կոկորդ պատռող որոշակի տխրահռչակ քարոզչախմբագրապետերը տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ շարունակ զբաղվել են հենց նրանով, որ նույն Ալիևի ասածները, ընդհանրապես ադրբեջանական և թուրքական քարոզչության, պրոադրբեջանական ու պրոթուրքական տարբեր մեկնաբանների ուղղորդված «գնահատականները» դարձրել են Հայաստանում ներքաղաքական պայքարի, Հայաստանի իշխանությունների դեմ պայքարի միջոց: Այսինքն, իրենք տարիներ շարունակ ադրբեջանաթուրքական քարոզչության լրացուցիչ՝ ներհայաստանյան խոսափող են եղել, հասկանալի է՝ սեփական քաղաքական կամ խմբային շահերից ելնելով: Այնպես որ, այս անգամ այդ «խիյարը» Փաշինյանի և կողմնակիցների համար իրենց դեմ է «թարս բուսնել»:

Երկրորդ հանգամանքը, որ ստիպում է այնումամենայնիվ ուշադրություն դարձնել Ալիևի ասածներին այն է, որ այդ ամենը աղերսվում է հաջորդած զարգացումների, դրանց տրամաբանության և ուղղվածության հետ:

Անշուշտ, խայտառակություն է, եթե Հայաստանի ղեկավարը (ով էլ որ լինի), թշնամական երկրի ղեկավարից ժամանակ է խնդրում՝ իր իշխանությունը ամրապնդելու հիմնավորմամբ: Սա կրկնակի վատ է այն իմաստով, որ քո թշնամուց ինչ-որ բան ես խնդրում, այն էլ այն թշնամուց, որ Հայաստանի նախկին իշխանությունների ժամանակ ինքը եղել է պարտվողի ու խնդրողի դերում ու դիրքում: Երկրորդ, առնվազն խիստ մտահոգիչ է, որ թշնամիդ համաձայնում է, որ դու ամրապնդես քո իշխանությունը: Ճիշտ է, այդ դեպքում ինքն էլ է ժամանակ շահում և օգտագործում, ու ինչպես տեսանք՝ օգտագործել է իր ռազմական կարողությունը ավելացնելու, Թուրքիայի հիպերակտիվ ներգրավման պլացդարմ ստեղծելու համար: Բայց դա նաև նշանակում է, որ քո իշխանությունը թշնամուդ էլ է ձեռնտու, որ ժամանակ է տալիս, որպեսզի այն ամրապնդես: Համենայն դեպս, թշնամին, այս դեպքում՝ Ալիևը կարող էր ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին կանի այնպիսի քայլեր, որոնք հարց է, թե որքանով կուժեղացնեն Փաշինյանի իշխանությունը, բայց որոնք ձեռնտու կլինեն Ադրբեջանին:

Իսկ այդ քայլերը, ցավոք, տեղի ունեցան:

Առաջինը, ինչ անհնար է շրջանցել, այն է, որ Նիկոլ Փաշինյանը իրականացրեց ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ նրա հոր՝ Հեյդար Ալիևի, առհասարակ, Ադրբեջանի ու Թուրքիայի «նվիրական երազանքները» առնվազն այն մասով, որ «վհուկորսի» տարբերակով հետապնդումներ սկսվեցին Արցախի հերոս, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, որոշ ժամանակ անց, նույնպես Արցախի հերոս, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Հետապնդումներ ծավալվեցին ու տակավին շարունակվում են պատերազմի ամիջական մասնակից ու թե ազատամարտում հաղթանակի, թե մեր Զինված ուժերի կայացման ու զարգացման առումով վաստակ ունեցած մի ամբողջ շարք հրամանատարների դեմ՝ Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Մանվել Գրիգորյան...

Եվ սա՝ դեռ չհաշված ընդհանուր վարկաբեկման մթնոլորտը, նաև Արցախում մի շարք հարգված ռազմահրամանատարների դեմ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ դրսևորումները:

Է՜հ, որքա՞ն հիմար պետք է լինի թշնամին, որ իրեն այդպես դրսևորող Հայաստանի իշխանությանը «ժամանակ չտա»: Ինչո՞ւ չտալ այդ ժամանակը, եթե նա, ով կոչվում է Հայաստանի իշխանության ղեկավար, անում է այն, ինչ Ալիևը կերազեր, ասենք՝ դատարանի առաջ է կանգնեցնում Արցախի ՊՊԿ ղեկավար, Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ղալմաղալ անելով՝ կալանավորում ու նրա հասցեին ավել-պակաս դուրս տալիս:

Նիկոլ Փաշինյանը այդ ամենը անում էր և անում է, իհարկե, «իր իշխանությունը ամրապնդելու» համար, համենայն դեպս, ինչպես իրեն է թվում: Բայց երբ տեսնում ես, որ քո քայլերը անթաքույց ողջունում է քո պետության ու ազգի թշնամին, երևի մի փոքր գոնե պիտի մտածես, չէ՞, թե՝ ինչու է այդպես ու առհասարակ, թե՝ այդ ինչ ես անում:   

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ, հիշողներ կլինեն, դեմ չէր բանակցային գործընթացի նախորդած շրջանի վերաբերյալ Ալիևից... «տեղեկատվական խորհրդատվություն» վերցնել: Նիկոլ Փաշինյանն է, որ ամեն անգամ Արցախի թեմայով նստել-ելնելիս, շարունակ ասում է, թե կարգավորումը պիտի բավարարարի նաև «ադրբեջանական ժողովրդին»: Թե դա Հայաստանի ղեկավարի ի՞նչ դարդն է: Ով ադրբեջանական բյուջեից վարձատրվում է, թող նա մտածի իր ժողովրդին բավարարող լուծման մասին, դու նախ ու մի՛միայն քո երկրի ու ժողովրդի շահը պիտի պաշտպանես...

Նիկոլ Փաշինյանն էր, որ Ալիևի մասին արտահայտվեց «կիրթ և կառուցողական» ձևակերպումներով: Որոշակի առումով արդեն պարզ է, թե ինչո՛ւ էր Ալիևը Փաշինյանի համար կիրթ և որտեղ էր նա կառուցողական: Ու ցավոք, դա նկատելի է, անկախ այն բանից, թե այնտեղ ինչ է ասել կամ «բացահայտել» Ալիևը:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ