Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների աղետալի անկմանը բազմիցս ենք անդրադարձել։ Վիճակն այստեղ այնքան վատ է, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում հերթական ստով «կերակրել» իր «հպարտներին»։ Սակայն օրերս նրա փոխարեն Հայաստանի ներդումային վիճակի մասին լայնածավալ զեկույց է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտը, հիացմունքով խոսելով «հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ տարվող պայքարում առաջընթացի», «որոշ ոլորտներում բարելավումներին» մասին, որոնք «բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային նպատակակետ»։ Արդյունքում, ըստ ԱՄՆ պետդեպի՝ «օտարերկրյա ներդրումների համար Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է»։
Ամերիկյան երկդիմի քաղաքականությունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Եթե Հայաստանում անցած երկու տարվա ընթացքում Սահմանադրության և այլ օրենքների խայտառակ ոտնահարումների չնչին մասը տեղի ունենար մինչև 2018 թ․-ի ապրիլ- մայիսը կամ դա տեղի ունենա մեկ այլ, ոչ արևմտյան երկրում՝ Բելառուսում կամ Ղազախստանում, ապա ամերիկյան արձագանքը կլիներ տրամագծորեն հակառակը։ Սակայն, քանի որ Հայաստանում գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներով իշխանությունը զավթած անձն ու խմբակն է այդ ամենը անում, ապա դա դիտարկվում է վարդագույն ակնոցներով և կոչվում «կոռուպցիայի դեմ պայքար», «բարեփոխումներ» և այլն։
Ներդրումային միջավայրի առումով թերևս տեղին է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումը, որ նա արել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի առթիվ․ «Նույնիսկ եթե ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են, միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության տեսակետից»։ Փաստորեն, հակառակ տեղում գտնվող ամերիկյան դեսպանի դիտարկմանը, նրա ներկայացրած կառույցն այն եզրակացությանն է եկել, որ ներդրումային գրավչությունը Հայաստանում բարձրացել է։ Մի կողմ դնելով աշխարհին զզվեցրած ամերկյան երկակի մոտեցումները, տեսնենք, թե իրականում ինչպե՞ս են փոխվել Հայաստանում կատարվող օտարերկիրյա ներդրումները «հեղափոխությունից հետո», ինչպե՞ս են եղել դրանից առաջ։
Կենտրոնական բանկի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անցած 15 տարիների ընթացքում՝ սկսած 2005 թ․-ից, օտարերկրյա ներդրումների ծավալը գերազանցել է 2018-2019 թվականներին (բացառությամբ 2015 թ․-ի), երբեմն՝ երկուսից-չորս անգամ։ Օրինակ՝ 2008 թ․-ին՝ 943 մլն դոլար, 2009 թ․-ին՝ 760 մլն դոլար, 2011 թ․-ին 653 մլն դոլար և այլն։ Մինչդեռ, 2018 և 2019 թթ․-երին օտարերկրյա ներդրումները կազմել են տարեկան նույն՝ 254 մլն դոլարը։ Ընդ որում, 2018 թ․-ի ցուցանիշին նպաստել էր նախորդ իշխանության ժամանակահատվածի՝ առաջին եռամսյակի ներդրումների բարձր ծավալը։ Առավել ողորմելի է այս տարվա 2020թ․-ի առաջին եռամսյակի օտարերկրյա ներդրումների ծավալը՝ 26,7 մլն դոլար։ Այդպիսի ցածր ծավալ տարվա առաջին եռամսյակում չի եղել 2003 թ․-ից ի վեր։ Հետաքրքիր է, ԱՄՆ պետդեպը այդ վիճակագրության ծանոթ չէ՞, թե՞ 2020 թ․-ի առաջին եռամսյակը «հեղափոխությունից հետո» չէ։
Այժմ ներկայացնենք վիճակագրական կոմիտեի հրապարակած օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալները․
2016 թ․՝ 62 մլրդ դրամ
2017 թ․՝ 93 մլրդ դրամ
2018 թ․՝ 74 մլրդ դրամ
2019 թ․՝ 48 մլրդ դրամ
Այս նվազող ցուցանիշները գուցե նույնպե՞ս արդյունք են «Հայաստանի ներդրումային վիճակի գրավչության բարձրացման»։ Կամ՝ գուցե 2020 թ․-ի առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների բացասական՝ մինուս 11 մլրդ դրա՞մն է դրա արդյունք։ Այսինքն, առաջին եռամսյակում ուղղակի ներդրումներ գալու փոխարեն, այդքան գումար դուրս է բերվել Հայաստանից ներդրողների կողմից։ Մի՞թե սա էլ է վրիպել ԱՄՆ պետդեպի ամենահաս աչքից։
Եվ վերջապես, անդրադառանք Հայաստանում կատարված ամերիկյան ուղղակի ներդրումների ցուցանիշներին՝ հեղափոխությունից հետո և առաջ․
2016 թ․՝ 2,1 մլրդ դրամ
2017 թ․՝ 592 մլն դրամ
2018 թ․՝ 1,3 մլրդ դրամ
2019 թ․՝ մինուս 289 մլն դրամ
Ինչպես տեսնում ենք, այսպես կոչված հեղափոխությունից հետո ամերիկյան ուղղակի ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ավելացել, այլ անգամ անցած տարի դուրս են տարվել մեր երկրից։ Հարց է առաջանում, եթե Հայաստանում ներդրումային դրախտ է, ինչպես փորձում է հավաստիացնել ԱՄՆ պետդեպը, ապա ինչո՞ւ են ամերիկյան ներդրողները իրենց գումարները հանում Հայաստանից՝ նոր ներդրումներ կատարելու փոխարեն։ Կամ՝ գուցե ամերիկյան ներդրողները ոչ հավաստի տեղեկություննե՞ր են տրամադրում իրենց երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Կամ՝ ի՞նչ աղբյուրների հիման վրա է ԱՄՆ պետդեպը կազմում նմանատիպ զեկույցները։
Եվ ի վերջո, ինչո՞ւ է ԱՄՆ պետդեպն իրեն իրավունք պահում զեկույցներ պատրաստել այլ երկրներում ներդրումների, ժողովրդավարության կամ այլ ոլորտների մասին։ Ինչո՞ւ նման զեկույցներ չեն հրապարակում, ասենք Ռուսաստանը կամ Չինաստանը, Հնդկաստանը կամ Բրազիլիան ․․․
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը