15 09 2020

Ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում

Ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում

Հուլիսին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալված մարտական գործողություններից ու լարվածության աճից հետո, միառժամանակ, Արցախի հիմնախնդրի հետ կապված որոշ արգելակում է: Այն իմաստով, որ պատերազմական գործողություններին առանձնապես չհաջորդեցին ակտիվ դիվանագիտական քայլեր, հայտարարություններ կամ հանդիպումներ, մեծ հաշվով: Նման վիճակը երբեմն բնորոշում են «մեռյալ սեզոն» բառակապակցությամբ, թեպետ դա ավելի շուտ զբոսաշրջային ոլորտից է: Մինչդեռ ենթադրելի էր, որ կոնկրետ բանակցային գործընթացում «մեռյալ սեզոնի» փոխարեն հենց ակտիվացում կլինի: Մյուս կողմից, որքանո՞վ է տեղին «գործընթաց» բառը այս դեպքում, եթե ինքնին չկա գործընթաց, որպես այդպիսին գոնե հանրությանը տեսանելի ինչ-ինչ տարրերով:

Բանակցային հնարավոր որոշ ակտիվության ազդանշան թերևս կարելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փարիզյան վերջին հանդիպումն ու այդ առնչությամբ նրանց տարածած հաղորդագրությունը: Ըստ այդմ, տեղեկանում ենք որ «միջնորդներն առանձին հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ու հրավիրել առաջիկա շաբաթներին անհատապես հանդիպելու իրենց հետ՝ դիրքորոշումների հետագա հստակեցման համար՝ «առանց նախապայմանների լուրջ առարկայական բանակցությունները վերսկսելու նպատակով»:

Առանձնապես ուշադրություն են գրավում «առանց նախապայմանների», «լուրջ առարկայական» որոշիչները՝ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Ինչո՞ւ են դրանք շեշտվում: Այսինքն, մինչև հիմա կամ այս ընթացքում կողմերից որևէ մեկը ինչ-որ նախապայմաննե՞ր է առաջադրել, օրինակ. «մինչև այսինչ քայլը չարվի, չենք նստի բանակցային սեղանի շուրջ» կամ նման տարբերակով: Հնարավոր է, ընդամենը ուզում են ակնարկել, թե մինչև հիմա էլ բանակցություններն առանց նախապայմանի են եղել և այժմ մնում է դրանք վերսկսել:

«Լուրջ, առարկայականի» պահով էլ գրեթե նույնանման դիտարկումներ կարելի է անել: Ինչո՞ւ է դա առանձնահատուկ շեշտվում: Ա՞յն պատճառով, որ մինչև հիմա բանակցությունները առարկայական ու լուրջ չեն եղել, թե՞ ՄԽ համանախագահները ուղղակի հիշեցնում են, որ բանակցություններն այդպիսին պիտի լինեն: Ո՞ւմ են հիշեցնում, մե՞զ, թե՞ հակառակորդին:

Ցանկացած դեպքում այս հաղորդագրությունը հուշում է, որ ինչ-ինչ շփումներ կլինեն, նախ՝ առանձին-առանձին, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, հետո... Հետո կերևա:

Այս համատեքստում շատ ավելի անհանգստացնում է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում, իհարկե: Արցախում կարծես դեռ այնքան էլ պարզ չէ, թե իրականում ով է կառավարում հայկական երկրորդ հանրապետությունը։

Թե՛ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը, թե՛ նրա նշանակած Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս մեղմ ասած՝ տարօրինակ հայտարարություններով: Տարօրինակ, եթե չասվի ավելին: Ի՞նչ արժե Արայիկ Հարությունյանի թեկուզ միայն այն արտահայտությունը, թե Արցախի համար անվտանգության երաշխիքներն ավելի կարևոր են, քան ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսի՞նքն: Ինչպե՞ս, էլի, դա հասկանալ:

Անվտանգության ո՞ր երաշխիքները: Ինչ-որ մեկի տվա՞ծ: Թե՞ անվտանգության ապահովման այն ռեալ երաշխիքը, որ իր ինքնորոշման իրավունքն արդյունավետ և, ի դեպ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան իրացրած Արցախը, համայն հայության օժանդակությամբ, ձևավորել է, ամրացրել ու շարունակաբար զարգացնում է: Խոսքը, բնականաբար, Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովող բանակի, ռազմական ուժի մասին է, առաջին հերթին: Դա՞ է ավելի կարևոր, թե՞ ինչ-որ մեկի տված ինչ-որ երաշխիք: Պարզ ու հստակ չի հասկացվում:

Նմանապես պարզ ու հստակ չի հասկացվում, արդեն ոչ միայն Արցախի նախագահի ասածներից, այլ առհասարակ, բախտի բերմամբ թե պատահմամբ Հայաստանը ներկայացնող գործիչների դեպքում, թե ինչի՞ շուրջ են բանակցությունները, ի՞նչ է առհասարակ քննարկվում: Օրինակ, քննարկվում է «փուլայի՞ն» (փորձագետների կողմից «կապիտուլյացիոն» բնորոշվող) կարգավորման տարբերակը, թե՞ «փաթեթային», թե՞ որևէ այլ բան, մադրիդյա՞նը», թե՞ ասենք լրիվ նոր տարբերակ:

Ու այս խորապատկերում, իշխանական արտահաստիքային «մունետիկի» դերն ստանձնած մեկը կամ նրա միջոցով մանիպուլյատիվ «լուրեր» են տարածվում «փուլային» տարբերակին վերադառնալու կամ դրան համաձայնելու պատրաստակամության մասին: Դա ի՞նչ է «տրամադրությունների տնտղում», թե՞ ինչ-ինչ արտաքին ուժերի «բան հասկացնելու» ակնարկ:

Ասենք, Թուրքիային ուղղված «մեսսիջ»: Իսկ գուցե դրանո՞վ է նաև պայմանավորված լարվածության այս վերջին աճից հետո Թուրքիայի բացահայտ ակտիվացումն ու ադրբեջանական կողմին աջակցելու (ինչը միշտ է եղել) հատուկ ցուցադրականությունը (ինչը մինչ այժմ նման կերպով չի դրսևորվել:

Այս բոլոր մտահոգություններին կուտակվում են նաև Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունները՝ բանակցային սեղանին դրված տարբերակի մասին, և այն, որ հուլիսյան մարտական գործողություններից հետո նույն Ռուսաստանի նախագահը հեռախոսով Ալիևի հետ հարցեր քննարկեց, Էրդողանի հետ հարցեր քննարկեց, իսկ Հայաստանը ներկայացնող վարչապետի դեպքում «բաժանորդը գտնվում էր ռադիոծածկույթից դուրս»:

Ի լրումն, չես կարող չմտահոգվել, տեսնելով, թե ինչ դատարկ ու մակերեսային հարցերով է լցոնված Հայաստանի այսօրվա «քաղաքական օրակարգը»: Դիմակամանիայից մինչև «արտակարգը» «կարանտինով» փոխարինելու հարցեր, որոնց ամբողջ ենթատեքստն այն է, որ իշխանության եկածների ականջները հնարավորինս «դինջ» լինեն, պարգևավճարները՝ անպակաս: Ինչ-որ հեծյալ զբոսանքներ, «թեյախմության» մոտիվը «կկրակեմ, հա...» լեյտմոտիվով փոխարինելու շոուներ, որ երևի լավ են նայվում «պլպլան» (նույն «գլամուր»-ն է) ամսագրերի էջերին կամ ինստագրամներում, բայց ոչ միայն չեն «խոսում» ռեալության և իրական վտանգներին դիմակայելու, ռեալ խնդիրներ լուծելու հետ, այլ էլ ավելի են սաստկացնում մտահոգությունները:

 Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ