«Նոր Հայաստանը» կունենա «նոր ոստիկանություն»: Այսպես են ներկայացնում փոփոխությունը օրենքի նախագծի հեղինակները, որով առաջարկվում է բարեփոխումներ կատարել ոստիկանական համակարգում:
Մասնավորապես, ստեղծվել է նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:
Ծառայությունն առաջին փուլով գործարկվելու է Երևանում մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը, այնուհետև ամբողջ հանրապետությունում՝ մինչև 2022 թվականի առաջին եռամսյակը: Նոր պարեկային ծառայությունն ունենալու է նոր համազգեստ, լրիվ նոր հագեցվածություն զենքի հատուկ միջոցներով, տրանսպորտային միջոցներով, տեխնիկական սարքավորումներով:
Իսկ ահա Պարեկային ծառայողների համալրումը տեղի է ունենալու բացառապես բաց մրցույթով, ծառայողների ընտրության և նրանց 5-ամսյա ծրագրով վերապատրաստման կրթական ծրագիր իրականացնելու արդյունքում:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, երբ ներկայացնում էր ծրագիրը և կոչ էր անում քաղաքացիների դիմել մրցույթին, մասնավորապես ասում էր, որ այսկերպ «Նոր Հայաստանը» ունենալու է նոր ոստիկանություն, իսկ ահա պարեկը լինելու է քաղաքացու ընկերը և գործելու է քաղաքացուն ծառայելու փիլիսոփայությամբ: Բադասյանը նաև նշում էր, որ նախապատվությունը տրվելու է այն անձանց, ովքեր պատրաստակամություն կցուցաբերեն նոր արժեքային համակարգում ազնվորեն պայքարելու հանցավորության և քրեական մշակույթի դեմ:
Նախարարի նշած ազնվորեն պատրաստ լինելը, պարզվում է, որ ոչ միայն ստուգվելու է, այլ նաև չափվելու է:
Այսպես, ՀՀ ոստիկանության կրթահամլիրի պաշտոնական կայքում պարեկային ծառայության ընդունելության մրցույթի ստուգման բաժնում գրված է հետևյանլը՝ «Ընդունելության ստուգումների ընթացքում մրցութային են համարվում ընդհանուր զարգացման մակարդակի և ֆիզիկակական պատրաստականության միավորն երը՝ ընտրության հոգեբանության չափանիշ, սակայն անկեղծության 0-ից մինչև 9 միավորի, իսկ մասնագիտական պիտանելիության մինչև 49 միավորը ներառյալ դեպքում դիմորդին թույլատրվում է մասնակցել հետագա ստուգման գործընթացին»:
Մեկ կարևոր հանգամանք, հետագայում հանարվորություն տրվում է բողոքարկելու, բայց ոչ անկեղծության գնահատումը բողոքարկման ենթակա չէ:
Իհարկե, չափից դուրս հետաքրքրական է դառնում այն հարցը, թե ինչպե՞ս է չափվելու դիմորդների անկեղծության ցուցանիշը և ովքե՞ր են այն չափելու, որ այդչափ վստահ են, որ չեն սխալվի: Թե ինչի համար է արվում այս փոփոխությունը, ինչ նպատակ ունի, և թե ինչքանով են արդարացված ֆինանսական ծախսերը, դեռ պարզ չէ, բայց եթե «ոստիկանը մերն է», ինչո՞ւ ենք նորերով փոխարինում:
Տաթև Միրզոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը