Հայաստանում դեռ անորոշ վիճակ է անցյալ տարվա ընթացքում ներմուծված և չվաճառված մեքենաների առումով։ Հիշեցնենք, որ խոսքը 2015թ․-ին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելիս, նախորդ իշխանության կողմից ձեռք բերված համաձայնությամբ, մինչև 2019թ․-ը գործող արտոնյալ մաքսային դրույքաչափերով Հայաստան ներմուծված մեքենաների մասին է։ Բանն այն է, որ նախկին՝ ավելի ցածր մաքսադրույքներով մեքենաներ ներմուծելու արտոնությունը նախորդ իշխանության կողմից ձեռք էր բերվել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից անձնական օգտագործման մեքենաներ գնելու, այլ ոչ թե ԵԱՏՄ այլ երկրների քաղաքացիներին ավելի թանկ գնով վերավաճառելու համար։ Սա չէր կարող չիմանար Հայաստանի կառավարությունն ու նրա ղեկավարը՝ ի տարբերություն ավտոներկրողների, որոնք կարող էին դա չիմանալ։
Այն դեպքում, երբ իշխանությունը բառ անգամ չի ասել, որ արտոնությունը միայն անձնական օգտագործման մեքենաներ գնելու համար է, ավտոներկրողներն էլ ձգտել են առավելագույնս օգտվել՝ իրենց կարծիքով ընձեռնված հնարավորությունից։ Սակայն ԵԱՏՄ երկրներում՝ Ղազախստանում և Ռուսաստանում Հայաստանից մեքենա գնած մարդիկ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Նրանցից պահանջվել է վճարել Հայաստանից գնված մեքենայի հին և ԵԱՏՄ միասնական նոր մաքսատուրքերի տարբերությունը։
Այսպիսով, Հայաստանի ներսում ունենք մոտ 100 հազար ներմուծված և չվաճառված ավտոմեքենաներ, որոնց ներկրողները հայտնվել են ծանր վիճակում։ Անցյալ տարի Հայաստանի պետական բյուջեի գերակատարումն ապահովվել է հենց ներմուծված մեքենաների շնորհիվ։ Խոսքը մոտ 85 մլրդ դրամ կազմող լրացուցիչ եկամուտների մասին է։ Նիկոլ Փաշինյանը օրուգիշեր այս մասին էր խոսում, իսկ հիմա ձկան պես լուռ է։ Բողոքող ավտոներկրողների խնդրի լուծման առնչությամբ նա բացարձակապես ոչինչ չի ձեռնարկում։ Մարդիկ վարկեր են վերցրել, ոմանք տուն ու այլ գույք են գրավ դրել և այժմ չեն կարողանում վաճառել այդ մեքենաները՝ գոնե վարկային պարտավորությունները մարելու համար։ Խնդրի լուծման նպատակով իբր վարվող բանակցություններրի մասին ժամանակ առ ժամանակ հայտարարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սակայն Հայաստանում առաջացած խնդրի լուծման փոխարեն, արդեն վաճառված մեքենաների հետ կապված խնդիր է առաջացել Ռուսաստանում և Ղազախստանում։ Այդ առնչությամբ ԵԱՏՀ խորհրդի ընդունած որոշման մասին օրերս պաշտոնական հաղորդագրություն տարածվեց։
ԵԱՏՀ խորհուրդը պահանջել է Հայաստանի և համանման արտոնություն ստացած Ղրղզստանի կառավարություններից տեղեկություն տրամադրել տրանսպորտային միջոցների վերաբերյալ վճարված մաքսային հարկերի և տուրքերի չափի մասին, որը «կօգնի սահմանափակել Հայաստանից և Ղրղզստանից անձնական օգտագործման մեքենաների (որոնք մաքսազերծվել են այդ երկրներում ներմուծման ավելի ցածր մաքսատուրքերով, քան ԵԱՏՄ երկրներում գործողները) Ռուսաստան ներմուծումը»։ Ահա այսպես։ Հայաստանի կառավարությունը դեռևս չի լուծել մեր երկրի ներսում իր իսկ մեղքով առաջացած խնդիրը, այժմ պետք է պատասխան տա այլ երկրում դրա առաջացրած հետևանքների համար։ «Արդեն իսկ ներկրված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան ստանալ տեղեկություն տուրքի հավելյալ վճարման ենթակա չափի մասին», նշված է նույն հաղորդագրության մեջ և տեղեկացված, որ Միության երկրները (Հայաստանն ու Ղրղզստանը) պատրաստակամություն են հայտնել նման տեղեկատվության փոխանակել: Ի՞նչ է սա նշանակում և ի՞նչ հետևանքների սպասել։
Առաջին հերթին սա նշանակում է, որ Հայաստանից ավտոմեքենաներ գնած անձիք, այդուհանդերձ, ստիպված են լինելու վճարել մաքսադրույքների տարբերությունը և գնված մեքենան նրանց համար այլևս էժան չի լինի։ Ամենայն հավանականությամբ, նրանք փորձելու են այդ մաքսադրույքների տարբերությունը կազմող գումարը պահանջել Հայաստանում իրենց մեքենա վաճառած անձանցից։ Վերջիններս առանց այդ էլ չեն վաճառել իրենց ներմուծած մեքենաների մեծ մասը կամ մի մասը, հետևաբար չեն կարող վճարել մաքսատուրքերի տարբերությունը։ Այսինքն, Հայաստանի իշխանության թեթև ձեռքով, ԵԱՏՄ ներսում, տարբեր երկրների քաղաքացիների միջև կոնֆլիկտ է ստեղծվում։ Մինչ մեր փոխվարչապետը խոսում է Հայաստանի ներսում չվաճառված մեքենաների խնդրի լուծման մասին, հիմա դրան ավելանում է արդեն վաճառված մեքենաների մաքսադրույքների տարբերության վճարման խնդիրը։ Ճիշտ է ԵԱՏՀ խորհուրդը հայտնում է, որ մեքենա գնողները կարող են տեղեկանալ տուրքի հավելյալ վճարման չափի մասին, բայց դա չի նշանակում, որ դրա վերաբերյալ պահանջներ չեն լինելու Հայաստանից։ Քանի որ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը արտերկրում լուրջ չեն ընդունում, դժվար է սպասել, որ մեզ համար նպաստավոր լուծումներ կգտնվեն։ Ամեն դեպքում, եթե նոր ծագած այս խնդրի լուծումն անորոշ է, ապա հստակ է մեկ բան՝ անգամ կորոնավիրուսի ճգնաժամից և սահմանների բացվելուց հետո Հայաստանում կուտակված մեքենաներն այլևս անհնար կլինի Ռուսաստանում կամ Ղազախստանում վաճառել։ Սա այն հետևանքներից մեկն է, որ բախվում ենք դեմագոգներին, տգետներին և խաբեբաներին իշխանության բերելու պատճառով։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը