11 09 2020

Սորոսացումն իրական սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը

Սորոսացումն իրական սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու գոյությանը

Քաղաքական բովանդակության ու դրա խտության առումով վերջին շրջանի ամենից տպավորիչ իրադարձությունը, իսկ ավելի ճիշտ ասած՝ իրադարձությունները Հայաստանի նախկին նախագահների հրապարակային ելույթներն էին՝ տարբեր ձևաչափերով: Հատկանշականն այն է, որ այդ ելույթները բովանդակային պարունակությամբ ու քաղաքական գնահատականների մակարդակով էապես տարբերվում են օրվա իշխանության ձևավորած «տեսարանային-լայքակորզիչ», բովանդակազուրկ և մակերեսային, եթե կարելի է այդպես ասել՝ «օրակարգից»: Որոշակի առումով դա նաև ցավալի իրողություն է, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ խնդիրների լուծումը, բնականաբար, կախված է օրվա իշխանություններից: Չշեղվենք սակայն:  

Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում, որ ի դեպ հեռարձակվեց Արցախի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձի օրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի թիվս այլ հիմնախնդիրների բավականին ուշագրավ դիտարկումներ արեց ինչպես հայ-ռուսական հարաբերությունների, այնպես էլ՝ «Հայաստանի սորոսիզացիայի» վերաբերյալ:

 Սա մի խնդիր, եթե կուզեք՝ երևույթ է, որը պահանջում է լրացուցիչ ուշադրություն: Վստահ եմ, որ առաջիկայում այն շատ ավելի համակողմանի ու փորձագիտական քննարկումների առարկա կդառնա:

 Նախ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ նախագահ Քոչարյանի հարցազրույցում արված, ըստ իս ամենից կարևոր դիտարկումը. ժողովուրդների, երկրների միջև ցանկացած հարաբերություն, եթե անգամ դարավոր ընթացք ունի, մշտակայուն ու անխախտ մի բան չէ, այլ պահանջում է շարունակական ջանքեր, կոնկրետ բովանդակություն, ի հակակշիռ «բարեկամության ու եղբայրության» թեմայով կենացային կարգախոսների:

 Այս դիտարկումը, թվում է, թե ավելի շատ ուղղված էր ռուսական կողմին: Համենայն դեպս, կա նման տպավորություն, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում տիրապետում է նման մոտեցում, թե Հայաստանի հետ հարաբերությունները մշտակայուն և անխախտ մի բան են, ու ոչինչ չի կարող իրերի այդ դրվածքը փոխել:

 Խնդիրը, մեծ հաշվով, այն է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ մանավանդ Հայաստանում կան որոշակի ուժեր, շրջանակներ, որոնք ակնհայտորեն ունեն նման նպատակ՝ հնարավորինս խաթարել հայ-ռուսական հարաբերությունները, հարուցել խնդիրներ, որոնք եթե այդ հարաբերությունների խզման չտանեն էլ, ապա առնվազն տհաճ ու խաթարող նստվածք թողնեն: Ինչպես փոխաբերական առումով նկատեց նախագահ Քոչարյանը՝ «կոռոզիայի ենթարկվեն», ժանգոտեն՝ պարզ ասած: Ժանգը, իհարկե, քերել է պետք:

Բայց հարցը միայն ռուսական քաաքական վերնախավում եղած ինքնախաբուսիկ ընկալումը չէ: Խնդիրը հենց վերը ակնարկված «շրջանակների» հետևողական ու ինտենսիվ գործունեության ծավալումն է, հատկապես՝ Հայաստանում: Պայմանական ասած՝ հասարակության, հասարակական-քաղաքական միջավայրի սորոսացումը: Սա առավելապես մե՛ր ներքին խնդիրն է՝ սերտորեն շաղկապված ինչպես երկրի ու հասարակության հետագա զարգացման ու առաջընթացի, այնպես էլ՝ արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու հետ:

 Ու այսօր առավել քան հրատապ խնդիր է սա՝ ազգային անվտանգության տեսանկյունից:

«Սորոսացումն», իհարկե, պայմանական բնորոշում է, թեպետ սպառնալիքների առաջին շարքում հենց Սորոսի կողմից ֆինանսավորվող շրջանակներն են: Շրջանակներ, անձինք, նրանց շուրջ ձևավորված «մարդ-կազմակերպություններ», որոնք 2018-ի անարյուն հեղաշրջման ակտիվ մասնակիցներն ու անմիջական շահառուներն են: Եվ որոնք լուսանցքային վիճակից մեկեն ստացան իշխանականի կարգավիճակ ու դիրք, պետության կառավարման լծակներին տիրապետելու և որոշումներ կայացնելու հնարավորություն: Եվ, եթե նախորդ տասնամյակներում այդ շրջանակները ընդամենը «աղմկոտ», բայց սակավամարդ ու հասարակության մեծամասնության կողմից մերժվող «ակցիաներ» էին անում՝ ընտանիքի ավանդական ընկալման ու արժեքային կոդերի դեմ, Հայոց բանակի դեմ, արվամոլության ու այլևայլ ԼԳԲՏ-ության քարոզչությամբ էին հանդես գալիս, հայ-ռուսական հարաբերությունների դեմ էին ելույթներ ունենում, թշնամական Ադրբեջանի հետ էին բարեկամանում, ադրբեջանական կինոյի «ցուցադրություն» էին ուզում կազմակերպել և այլն և այլն, ապա հիմա կամ արդեն երկուսուկես տարի է, ինչ «իրավիճակ է փոխվել»: Այն էլ ինչպես է փոխվել: Արմատապե՛ս:

 Այժմ, նույն այդ շրջանակները, միանգամայն հետևողականորեն ու, ի դեպ, բավականին մեծ ջանադրությամբ «կյանքի են կոչում» իրենց՝ տարիներով քարոզած «գաղափարաքաղաքական» թափոնը:

 Այստեղից՝ շարունակական քարոզչական ու նաև ուղղակի հարձակումները Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա: Այստեղից՝ հանրակրթության ոլորտում ամենատարբեր խեղումների ներդրման համառ ու ծրագրված փորձերը, լինի 6-7 տարեկան երեխաներին սեռական կյանք «դասավանդելու» մղումը, նման «դասագրքեր» կազմել-ներդնելը, թե, ասենք, հայ գրականության, հայոց պատմության դեմ դավադիր նկրտումները, որ նրանք չեն էլ թաքցնում, ի դեպ: Այստեղից՝ ԼԳԲՏ-ների «ներկրումը, տեղականներին էլ՝ «քարտ բլանշ» տալը: Այստեղից՝ պետության կայացման, ամրապնդման, պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած գործիչների հետևողական «սևացում-պախարակումը»: Մի խոսքով, մեծ մասը այն ամենի, ինչ կատարվում է այս երկուսուկես տարվա ընթացքում:

Ըստ որում, նշված շրջանակների ներկայացուցիչների ջանադրությունը միայն դրամաշնորհների կամ արդեն բյուջետային միջոցների տրամադրման հետևանք չէ: Նաև անհատական-հոգեբանական պահ կա. «աբիժնիկները», անկյուն կամ լուսանցք մղվածները հանկարծ հրամայել-կարգադրելու, հասարակության գլխին որոշումներ ընդունելու լծակներ են ստացել ու... վրեժ են լուծում նույն այդ հասարակությունից՝ իրենց տևական մերժվածության, լուսանցքային գոյության համար:

 Առհասարակ, հին աշխարհի պատմությունից հայտնի է, որ ամրոցների մեծ մասը հակառակորդները գրավում են ներսից: Մեր պետության, մեր երկրի հետ մեծ հաշվով հիմա հենց այդ էլ կատարվում է: Համենայն դեպս, այն ինչ կատարվում է, հանրագումարում կամ ընդհանրության մեջ հենց այն է, ինչը կցանկանային Հայաստանի ու հայության թշնամիները: Իսկ, օրինակ, Թուրքիայում, ի դեպ, ոչ այնքան վաղուց, այդ ցանկությունները շատ կոնկրետ պետական փաստաթղթով են ձևակերպվել («Ալթայ» ծրագիր):

Այնպես որ, պայմանական ասած՝ «սորոսացումը» ռեալ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը ու, առանց չափազանցման՝ հետագա գոյությանը: Ողջ հարցն այն է, թե ինչպես դիմագրավել այդ սպառնալիքին, եթե համակարգը «ներսից գրավված» է: Թերևս մնում է հույսը դնել ազգի ինքնապահպանման հատկության և վտանգը գիտակցող ուժերի՝ համախմբված գործելու կարողականության վրա: Հուսանք նաև, որ թե մեկը, թե մյուսը երկար սպասել չեն տա:

  Արմեն Հակոբյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ