05 09 2020

Ինչպիսի՞ն պետք է լինի իրական «Հանրայինը»

Ինչպիսի՞ն պետք է լինի իրական «Հանրայինը»

Սեպտեմբերի 2-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29 ամյակը, անկախ Արցախը դարձավ 29 տարեկան: Պաշտոնական շնորհավորանքներ, մաղթանքներ, ուղերձներ, դրան գումարած, իհարկե, սոցհարթակներում Արցախից լուսանկարներ: Եթե կարճ, ապա այսպես կարող ենք ամփոփել տոնական օրը: Իհարկե նաև պետք է սրան գումարել, որ այդ օրը նաև լրահոսում առանձանհատուկ տեղ գրավեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի լուսանկերները Արցախից մարտական պատրաստություն անցնելիս, երբ այս անգամ խոսել էր զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու մասին:

Իհարկե, սա Արցախին վերաբերվող առաջին անդրադարձը չէր վարչապետի տիկնոջ, այս ընթացքում այդ թեմային վերաբերող տարբեր հայտարարություններ ենք լսել նրանից, մեկ` որ պետք է զենքերը պահեստներում ժանգոտեն կամ դառնան զարդեր, և` որ պետք է խաղաղության պատրաստվենք, իսկ հիմա, որ պետք է զենքով հայրենիքը պաշտպանել: Նույնքան հակասական էին նաև այս երկու տարվա մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Արցախի մասին: Դե իհարկե, հիշում եք Արցախում հանրահավաքի ժամանակ բոցաշունչ ելույթներ՝ «Արցախն Հայաստան է և վերջ», որդու ծառայությունը Արցախում, բանակցություններին վերաբերող ելույթներ և այլն:

Կարճ ասած, փիարվելու և ոչ մի առիթ, այդ թվում Արցախի հաշվին ոչ Աննա Հակոբյանն է բաց թողնում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը: Իսկ երբ հարցը հասնում է գործին և կոնկրետ քայլերին, քար լռություն է, կամ հակառակ պատկեր: Այսպես, դեռ 2018 թվականին, իշխանության գալուց անմիջապես հետո մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նման մի միտք ասաց. «Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է... Ինչ-որ «Կիսաբաց լուսամուտներ», նման բաներ: Նոր Հայաստանում չպետք է լինի այնպիսի բան, որ մարդիկ իրենց սպիտակեղենը դուրս հանեն: Մենք, իհարկե, որևէ բան չենք պարտադրելու, պատրաստվում ենք խոսել հեռուստաընկերությունների ղեկավարների հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեր երեխաներին ցածրացնեն»:

Իսկապես, հեռուստատեսությունը կրթական մեծ դեր ու նշանակություն ունի, պետական մտածողությունը մարդկանց հասցնելու, ազգային նկարագիրը պահելու առումով, այս առումով հատկապես առաջնային դերակատարում ունի հենց Հանրային հեռուստաընկերությունը, չմոռանանք, նաև թե ինչպես է գոյանում նրա բյուջեն:

Հիմա առաջարկում ենք ծանոթանալ այս հայտարարությունից երկու տարի անց «Արցախը Հայաստան է» հայտարարող իշխանության օրոք Արցախի անկախության հռչակման օրը պետական-հանրային հեռուստատեսության եթերացանցը:

Առավոտը սկսում ենք «Փոքրիկ չարաճճի ագռավը» մուլտֆիլմով, հետո՝ «Պատրաստենք միասին» խոհարարական հաղորդումը, օրվա ընթացքում մի քանի հեռուստասերիալի կրկնության դիտում, օրվա լուրերին ծանոթանում, իհարկե՝ նաև օրվա խորհրդին վերաբերող մեկնարկով, երեկոյան, ամենադիտվող ժամին դիտում ենք «Կապրենք, կտեսնենք» կենցախային թեմաներով հաղորդումը, հետո «Փրկագին» Հ/Ս-ը, հետո նորից մեկ այլ «Գրանդ հոթել» Հ/Ս-ը, որին հաջորդեց Պետրոս Ղազարյանի հարցազրույցը, որի հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Դեբորա Գրեյսերը, առիթն էլ վերջինիս առաքելության ավարտն էր, դրանից հետո մի ամբողջ «Թոք շոու» անդրադառնում է երեխաների բռնության թեմային, հեթերային օրն ավարտվում է «Տիկին պետքարտուղարը» հերթական սերիալով, հետո մեկ այլ՝ «Լավ բժիշկը» սերիալով: Օրվա ընթացքում ցուցադրվեց միայն Ցվետանա Պասկալևայի՝ արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը, որն արդեն մի քանի տարի է, ինչ եթերում է: Իսկ այդ օրվա անդրադարձը հերթական թողարկումն էր, ավելին՝ կրկնություն:  

Նշենք, նաև, որ Հանրային հեռուստաընկերությանը, որի իմաստն ու առաքելությունն է լինել ազգային, հանրային 2020 թվականի բյուջեով տրամադրվել է 6 միլիարդ դրամ: Անշուշտ, տարօրինակ էր տեսնել պետությունից, որի իշխանությունը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, նման պատկեր պետական հեռուստաալիքում, նաև հաշվի առնելով, որ ֆինանսավորման խնդիր առհասարակ չունի Հանրայինը և սերիալներով չէ, որ պետք է աշխատավարձերի հարցը լուծի։ Հանրայինի հենց իմաստն էլ այն է, որ ազգային և բարոյական արժեքներ քարոզի, այլ ոչ օտարածին զվարճալի կամ դրամատիկ սյուժեներով հրամցնի հանրությանը։

Այս ամենի ֆոնին, վստահ ենք, շատերի ուշադրությունը գրավեց այդ տոնական օրվա հատկապես «5-րդ ալիք»-ի եթերացանցը։ Միանգամից մի քանի ֆիլմերի պրեմիերաներ, օրվա խորհրդին համապատասխան գրաֆիկական լուծումներ, ամենուր Անկախ Արցախի դրոշն էր ծածանվում, Արցախի գոյամարտի ակունքներում կանգնած հերոսներից ոգեշնչող մեջբերումներ և այլն:

Ինչպե՞ս ձեռք բերվեց անկախությունը, ի՞նչ գնով, ովքե՞ր էին կանգնած հաղթանակի ակունքներում, ի՞նչ փուլերով է անցել բանակցային գործընթացը՝ սրանք էին ֆիլմերի թեմաները: Այս բոլոր հարցերի պատասխանները այդ օրվա եթերում կարելի էր գտնել՝ «Միստիկ երկիր Առան». Դրախտային Արցախի գաղտնիքները հրաշալի կատարմամբ ֆիլմում, որը հոգևորականի շուրթերով պատմում էր, թե ի՞նչ է Արցախը, որտեղից և ուր է գնում, ինչու է այդչափ թանկ Հայի համար։ Իսկ ահա «Պատերազմի և խաղաղության վերելակը», «Լիսաբոնից՝ Մադրիդ»՝ ակախության միջազգային ճանաչման բանակցություններին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի միջոցով տեղեկանում ենք թե ինչ աշխատանք է արել մեր դիվանագիտությունը վերջին 30 տարիների ընթացքում։ Պրեմիերա էր նաև «Պատմության առջև» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում էր թե ինչպես 1992-94 թվականներին հաջողվեց վերջնականապես ազատագրել Արցախը, և ամուր հիմքերի վրա կանգնեցնել նորաստեղծ պետությունը:

Մի խոսքով, ոչ միայն իսկական տոնական, այլ նաև պատմական և տեղեկատվական լուրջ ուսումնասիրություններով և փայլուն ներկայացմամբ եթեր, նվիրված հայկական երկրորդ պետության ամենից կարևոր օրվան: «5-րդ ալիքի» եթերն շարունակվեց մինչ ուշ գիշեր՝ նույնպես պահելով օրվա խորհուրդը, ցուցադրեց բազմաթիվ այլ ֆիլմեր, տեսանյութեր և այլ։

Այլ մասնավոր ալիքներ ևս անդրադարձան օրվա առիթին․ ոչ մեկը Հանրայինի պես դատարկ չէր։ Այստեղ հարց է առաջանում՝ այդ ու՞մ քաղաքականությունն են առաջ տանում՝ որ ազգային օրերն կարևոր չեն, կարևոր է «Տիկին պետքարտուղարը» սերիալի հերթական մասը, կամ ծածուկ քննարկումը «Լանզարոտեյի կոնվենցիայի» արհեստական թեման, որի ջատագովն են հիմնականում սորոսականներն ու հատկապես՝ Պետրոս Ղազարյանի տիկին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Այդ ինչպե՞ս են որոշում, որ հարկատուներիս տված հարկերից պետք է մատուցեն ոչ թե ազգային ու հպարտություն հաղորդող տեսանյութեր, այլ օրինակ՝ ընտանեկան բռնությունների թեմաներ, էլ չասենք, որ ամենից դիտվող ժամին այդ օրով ոչ թե, օրինակ՝ Կոմանդոսն է եթերում, այլ միջազգային կազմակերպության պաշտոն հանձնող տիկին Գրեյսերը։ Հանրային հեռուստաընկերությունը առաջին տարին չէ, որ քննադատվում է, նախկինում ևս առիթներ եղել են՝ լրատվականի կողմնակալ լինելու, ընդիմությանը քիչ տեղ տալու համար։ Սակայն վերջին ժամանակներում Հանրայինը, դարձել է ոչ թե միայն իշխանությանը գովերգող, այլ հիմնական թեմաներն ու ուղղվածությունն է փոխվել՝ որևէ կերպ չտեղավորվելով «Հանրային» կոչվածի հետ։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ մասնավոր ալիքը, որը անհամեմատ ավելի համեստ աշխատակազմ ու ֆինանսական հնարավորություններ ունի, կարևորում է և կազմակերպում ազգային տոնական եթերներ, իսկ պետական ալիքը՝ անտեսում։ Ստացվում է, որ մասնավորը գիտակցում է ազգային արժեքներ քարոզելու անհրաժեշտությունը։ Իսկ ի՞նչն է կարևորում և քարոզում Հանրայինը, պարզ չէ։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ