17 08 2020

Երբ բյուջեի համալրումը պայմանավորվում է ՀԴՄ կտրոն «խփելով» ․․․

Երբ բյուջեի համալրումը պայմանավորվում է ՀԴՄ կտրոն «խփելով» ․․․

Պետական բյուջեն մեկ-երկու տարում առնվազն մեկ երրորդով ավելացնելու մասին երկու տարի առաջ խոստում տված Նիկոլ Փաշինյանը այդ խոստումը ևս չկատարեց։ Թեև մեկ-երկու անգամ այդ մասին գրառում արեց, բայց հետագայում պարզվեց, որ իրականությունն այլ է, քան իր ասածը։ Համոզվելու համար բավական է համեմատել 2017 թ․-ի պետական բյուջեի եկամուտները 2019 թ․-ի հետ։ Ընդ որում, մեկ երրորդով բյուջեն ավելացնելու խոստման «իրականացման» համար նրան չօգնեց անգամ անցած տարի 136 մլրդ դրամ գոյություն չունեցած հարկային եկամուտների նկարելն ու իբր որպես գերավճար վերադարձրած ցույց տալը։ Ինչ մնում է 2020 թ․-ին, ապա հարկային եկամուտները սկսեցին կտրուկ նվազել ապրիլ-մայիս ամիսներից սկսած։ Ինչը մի կողմից օբյեկտիվ էր և պայմանավորված էր համավարակով, մյուս կողմից՝ հետեւանք էր նախորդ երկու տարիներին ամեն գնով հարկահավաքման ցուցանիշ ցույց տալու և բիզնեսին հարկելով խեղդելու քաղաքականության։

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիս ամսին նույնպես պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած։ Մասնավորապես հուլիս ամսին հավաքվել է 109 մլրդ դրամ, անցած տարվա հուլիսին եղել է 118 մլրդ դրամ։ Առաջին հայացքից նվազումը մեծ չէ։ Սակայն չմոռանանք, որ մայիս ամսին պակաս էր հավաքվել 21 մլրդ դրամ, հունիսին՝ 46 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա յոթ ամիսներին՝ հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 789 մլրդ դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 831 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական բյուջեն պակաս է ստացել ավելի քան 42 մլրդ դրամ կամ նվազել մոտ 5 տոկոսով։

Հիմա ներկայացնենք, թե որքա՞ն են նախատեսված եղել պետական բյուջեի եկամուտներն այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիսին) եւ որքանո՞վ է թերակատարվել նախատեսվածը։ Այս տարվա առաջին կիսամյակում նախատեսված է եղել մոտ 816 մլրդ դրամ, իսկ հավաքվել է մոտ 716 մլրդ դրամ։ Այսինքն, կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի եկամուտները տարվա առաջին կեսին թերակատարվել են մոտ 100 մլրդ դրամով։

Մնում է միայն հիշեցնել, որ Ազգային Ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխություններով այս տարվա պետական բյուջեի եկամուտները նախապես հաստատվածի համեմատ նվազեցվել են մոտ 169 մլրդ դրամով։ Կես տարվա արդյունքներով դրանք արդեն իսկ 100 մլրդ դրամով նվազել են։ Ընդ որում, այդ նվազումը սկսվել է տարվա երկրորդ եռամսյակից, իսկ առջեւում դեռեւս ճգնաժամային տարվա շարունակությունն է, դրանից բխող բացասական հետեւանքներով, այդ թվում պետական բյուջեի եկամուտների նվազմամբ։ Մեծ հավանականությամբ, այդ նվազումն ավելին կլինի, քան վերեւում նշված 169 մլրդ դրամն է։ Դատելով կառավարության գործողություններից, ավելի ճիշտ դրանց բացակայությունից, տնտեսական վիճակի վատթարացման և բյուջեի համալրման ուղղությամբ որեւէ լուրջ ակնկալիք պետք չէ ունենալ։ Եթե վարչապետի պաշտոնում հայտնված մարդը տնտեսական խնդիրների լուծումը եւ մասնավորապես՝ բյուջեի համալրման հարցը տեսնում է ՀԴՄ կտրոն «խփելու» եւ սրանից-նրանից փող բռնագանձելու մեջ, ապա  սոցիալ-տնտեսական վիճակի ողբալի զարգացումներ են սպասվում մեզ առաջիկայում։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ