06 08 2020

«Հպարտները» այլևս չե՞ն տեսնում միրգ-բանջարեղենի կտրուկ թանկացումը

«Հպարտները» այլևս չե՞ն տեսնում միրգ-բանջարեղենի կտրուկ թանկացումը

 

Մեր նախորդ հրապարկման մեջ նշել էինք գնաճի զսպման վրա Կենտրոնական բանկի կողմից կիրառվող վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցության մասին։ Միաժամանակ ընդգծել էինք, որ այդ գործիքը միայն մասնակի ազդեցություն է ունենում գնաճի վրա, իսկ օրինակ՝ գյուղմթերքների այս տարվա բարձր գները հետևանք են կառավարության թույլ տված կոպիտ սխալների։ Եվ ահա վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների վերջին՝ հուլիս ամսվա  տվյալները։ Անդրադառնանք դրանցում առկա գյուղմթերքների՝ մրգի և բանջարեղենի գներին, որոնց երկրաչափական պրոգրեսիայով աճի ականատեսն ենք։

Անգամ վիճկոմի հրապարակած տվյալներում երևում է, որ այս տարվա հունիս և հուլիս ամսիներին բանջարեղենի և հատկապես մրգերի գները էապես գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին։

Այսպես, հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանջարեղենը 4,6 տոկոսով է ավելի թանկ եղել, իսկ հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ՝ 5,4 տոկոսով։ Մրգի գները այս տարվա հունիսին անցած տարվա հունիսից ավելի բարձր են եղել 14,2 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսի համեմատ՝ 33,6 տոկոսով։

Ուշագրավ է, որ առավել թանկ են եղել ամենից շատ սպառվող մրգերի և բանջարեղենի գները։ Այսպես, լոլիկի գինը հունիսին 37,2 տոկոսով է թանկ եղել անցած տարվա հունիսի համեմատ, հուլիսին՝ 28,9 տոկոսով անցած տարվա հուլիսի համեմատ։ Վարունգի գները գրեթե անփոփոխ են մնացել, իսկ ահա սմբուկինը նույնպես հունիսին՝ 41,7 տոկոսով, հուլիսին՝ 27,2 տոկոսով է թանկ եղել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Մրգից այս տարի թանկության «շքերթը» գլխավորում է խնձորը՝ հունիսին 84,8 տոկոսով, հուլիսին 120,3 տոկոսով ավելի թանկ լինելով նախորդ տարվա ամռան նույն ամիսներին համեմատ։ Ծիրանի գները հունիսին ավելի թանկ են եղել 2,2 տոկոսով, իսկ ահա հուլիսին՝ 28,8 տոկոսով։ Ելակը հունիսին թանկացել է 39,2 տոկոսով, հուլիսին՝ 36,5 տոկոսով, կիտրոնը հունիսին թանկացել է 40,1 տոկոսով, հուլիսին՝ 21,6 տոկոսով Չգիտես ինչո՞ւ, վիճկոմը առանձին տեսակների մրգերի մեջ չի նշել դեղձի և սալորի գները, որոնք նույնպես խնձորի գների պես այս տարի թռիչքային աճ են ունեցել անցած տարվա համեմատ։

Էժանացած մրգեր էլ կան։ Օրինակ՝ հուլիսին էժանացել է 2018 թ․-ի «հեղափոխական» միրգը՝ բանանը, ինչը պայմանավորված է բացառապես նրա միջազգային գներով։ Կամ էլ նուռը, որը դարձյալ ներմուծվող միրգ է, քանի որ հայկական նռան բերքը հասնում է միայն աշնան սկզբին։ 

Բանջարեղեից էժանացել են խառը կանաչին  և կանաչ սոխը, գազարը և սունկը, կարտոֆիլն ու գլուխ սոխը։ Ինչպես ասում են, «ականջդ կանչի» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան, բա ինչո՞ւ հիմա չես ասում «դուք մարդկանց ասում եք՝ խնձոր ու դեղձ մի կերեք, խառը կանաչի ու կանաչ սոխ կերե՞ք»։ Հիմա արդեն դա այժմեական չի՞։ Հիմա «հպարտները» նրան բերել են իշխանության և իրենք էլ պետք է մտածեն աղքատություն գլխներից հանելու մասին։ Ուղղակի ապշելի է՝ նախկինում աննշան գնաճից բողոքը չթաքցնող այդ զանգվածը հիմա ձկան նման լուռ է և կարծես չի նկատում առաջին անհրաժեշտության այս ապրանքների կտրուկ թանկացումը։ Հավանաբար, ինչպես ասել էր նրանցից մեկը՝ «թեկուզ հացը 1000 դրամ կդառնա, կարևորը, որ Նիկոլը լինի վարչապետ»։ Դե ի՞նչ, ինչպես ասում են՝ «բարով վայելեք»։

Իշխանությունն էլ ոչ միայն չի խոստովանում, որ միրգ-բանջարեղենի կտրուկ գնաճը իր ապիկար կառավարման և կոպիտ սխալների հետևանքն է, այլ նաև գյուղատնտեսության մեջ աճ է պատկերում։ Այս երկու հանգամանքերի (գյուղմթերքների թանկացում և գյուղատնտեսական արտադրանքի աճ) անհամատեղելիությանտ կանդրադառնանք մեր հաջորդ հրապարկմամբ։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ