Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին Հայաստանի տնտեսական անկումը շարունակում է խորանալ, կազմելով արդեն 4,7 տոկոս։ Այս ցուցանիշի մեջ ներգրավված է նաև եռամսյակը մեկ հրապարակվող գյուղատնտեսության արտադրանքի ցուցանիշները։ Հենց գյուղատնտեսության շնորհիվ էլ վիճկոմին դեռևս հաջողվում է թղթի վրա «զսպել» անկման տեմպը։ Ակնհայտ է, որ իրական տնտեսական անկումը ավելի մեծ է, իսկ գյուղատնտեսությունում ոչ միայն աճ չկա, այլև նույնպես անկում է արձանագրվում։
Բանն այն է, որ մրգերի և բանջարեղենի սեզոնին դրանք անհամարժեք թանկ լինելը փաստում է, որ այս տարվա բերքը ավելի քիչ է, քան նախորդ տարի։ Ընդ որում, կրկնակի նվազել է նաև բերքի արտահանման ծավալները։ Եվ այդ ամենի ֆոնին վիճկոմը գյուղատնտեսությունում պատկերում է 1,7 տոկոս աճ։ Սա ոչ թե զավեշտալի է, այլ արդեն խայտառակության հասնող աճպարարություն, որն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։
Ինչ մնում է տնտեսության մյուս ճյուղերին, ապա, դարձյալ պաշտոնական վիճակագրության համաձայն, արդյունաբերությունում արձանագրվել է 1,5 տոկոս աճ։ Այն արձանագրվում է բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ։ Սակայն դրա հետ մեկտեղ աճի տեմպն այստեղ ամսեամիս նվազում է։
Շինարարությունում, որտեղ Նիկոլ Փաշինյանը մեկուկես տարի առաջ «բում» էր խոստանում, հիմա էլ ինչ որ տեսահոլովակներ է պտտեցնում այդ մասին, թավագլոր անկում է՝ 23,4 տոկոս։ Եվ սա շինարարության համար ամենաբարենպաստ ամառային սեզոնին։
Առևտրում, որտեղ ընդգրկված է բնակչության մի զգալի հատվածը, անկումը 11,1 տոկոս է։ Սա այն ոլորտն է, որն առաջինն իր վրա զգաց «թավշյա» իշխանության կառավարման բացասական ազդեցությունը, և սկսած 2018 թ․-ի երկրորդ կեսից շրջանառության ծավալների շարունակական նվազման մեջ էր գտնվում։ Սակայն վիճակագրական կոմիտեն համառորեն դա «չէր տեսնում»։
Ծառայությունների ոլորտում անկումը 6,4 տոկոս է։ Անցյալ տարի այստեղ աճ էր՝ ի հաշիվ բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքների ծավալների ավելացման։ Հիմա անկում է, և թերևս միայն առողջապահական ծառայությունների աճ կարող է լինել։ «Թավշյա» իշխանության առաջին ամիսներին պատգամավոր դարձած մի նախկին լրագրող խոսում էր տնտեսական ներառական աճի մասին։ Այսինքն, այնպիսի աճի, որն ավելի շատ մարդկանց հասանելի լինի։ Առողջապահության ծառայությունների առումով հիմա թերևս նման վիճակ է՝ կորոնավիրոսուվ վարակվածների և բուժում անցնողների կամ անցածների թիվը մոտենում է 40 հազարի, աճելով և ընդգրկելով ավելի ու ավելի շատ մարդկանց։ Մյուս կողմից էլ, մեր երկրում իշխանության խայտառակ կառավարման հետևանքով և նրա մեղքով կորոնավիրուսի տարածման պատճառով մահացածների թիվը մոտենում է 1000-ի։ Սա էլ վերոնշյալ պատգամավորի տրամաբանությամբ սգո ծառայություններում մարդկանց ընդգրկվածությունն է ավելացնում։ Երևի հենց այսպիսի ներառական աճը նկատի ունեն ցինիզմի մեջ թաթախված հեղափոխական իշխանությունները ․․․
Տնտեսական անկման իրականին մոտ ցուցանիշը երևում է արտաքին առևտրի՝ արտահանման և ներմուծման ցուցանիշներից, որտեղ թվեր նկարելը բարդ է, քանի որ դրանք համադրել են այլ երկրների ցուցանիշների հետ։ Եվ ահա արտաքին առևտրում անկումը կազմել է 10,7 տոկոս, պատկերացում տալով իրական տնտեսական անկման ցուցանիշի մասին։ Արտահանումը նվազել է 6,5 տոկոսով, ներմուծումը՝ 12,9 տոկոսով։
Ըստ յուրաքանչյուր ամսվա ցուցանիշների, վիճկոմի ներկայացրած պատկերով, այս տարվա հունիս ամսին նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսության առանց բացառության բոլոր ճյուղերում անկում է գրանցվել։ Այս տարվա մայիսի համեմատ հունիսին աճ է գրանցվել։ Դա բնական է, քանի որ մայիսի 18-ից է տնտեսության ճյուղերին թույլ տրվել դուրս գալ կարանտինից և սկսել գործել, իսկ հունիսին ամբողջապես են գործել։
Հիշեցնենք, որ կառավարությունը կանխատեսել է, որ այս տարվա տնտեսական անկումը կլինի 2 տոկոս, սակայն արդեն իսկ ունենք 4,7 տոկոս անկում։ Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսը համարում էր տնտեսական հեղափոխության իրականացնելու և Հայաստանից 30 մլրդ դոլարի արտահանման հասնելու հնարավորություն։ Հետևաբար, փող չփորձի ներկա անմխիթար վիճակը բարդել կորոնավիրոսւի վրա։ Մյուս կողմից էլ, եթե փորձի, ապա կհիշեցնենք, որ հենց նա էր մարդաշատ հանրահավաքներ անում, առանց դիմակների փողոցներ դուրս գալիս, բուկլետներ բաժանում և այլն՝ նպաստելով վիրուսի տարածմանը։
Եվ խորացող տնտեսական անկման, մարդկանց եկամուտների նվազման և սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման համատեքստում պետական աշխատավարձերը ․․․ բարձրացել են 8,3 տոկոսով։ Դրա մեջ ընդգրկված են նաև բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարները, որոնց վրա ոչ մի կորոնավիրուս և տնտեսական ճգնաժամ չեն ազդում՝ դրանք անսասան են և երաշխավորված Նիկոլ Փաշինյանի կողմից։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը