Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։
Վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների և մահերի քանակը պարտավոր ենք վերլուծել և հասկանալ։ Շատ պարզ պատճառահետևանքային շղթա է, որը պետք է ուսումնասիրել՝ սկսելով վերջին հնարավոր հետևանքից՝ մահից։ Ստորև՝ շատ պարզ, շատ պայմանական օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր մոդելներով.
Հարց - Ո՞վ է մահանում կորոնավիրուսի հետևանքով։
Պատասխան – Նա, ով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և որին վերակենդանացման միջոցառումները ի վիճակի չեն լինում փրկել։
Հարց – Ո՞վ է հասնում այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ նրան հնարավոր չի լինում փրկել։
Պատասխան – Հիմնականում այն հիվանդը, որը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն և հասնում է հիվանդանոց՝ արդեն ծանր վիճակում։
Հարց – Ինչո՞ւ հիվանդը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն։
Պատասխան – Որովհետև ժամանակին չի ախտորոշվում և ժամանակին չի սկսում բուժումը։
Հարց – Ինչո՞ւ ժամանակին չի ախտորոշվում։
Պատասխան – Որովհետև, ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած ցուցումների, տեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է, և մեծ հաշվով մահաբեր սխալների սկզբնաղբյուրներից է։ Բացի այդ, տեստը հանձնելուց մինչև պատասխանի ստացումը կարող է անցնել 3 օր (այդպես է հաճախ նաև մասնավոր լաբորատորիաներում): Երկար ժամանակ (հաճախ՝ 5-10 օր) հիվանդը մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։
Հարց – Ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ԲՈԼՈՐ կասկածելի վարակակիրների օպերատիվ տեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը, ինչը թույլ կտար՝ առաջնային օղակում սկսել նրանց արագ ամբուլատոր բուժումը՝ խուսափելով հոսպիտալիզացիայից, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց և այլն։
Պատասխան - .... Պատասխան չկա։ Իշխանությունը լռում է։
Նույնատիպ հարցուպատասխաններ կարելի է անցկացնել ամեն սպեցիֆիկ «մահվան խմբերի» հետքերով՝ այդպիսով ստուգելով և հայտնաբերելով «քովիդ ծրագրում» ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի և թերապևտիկ բլոկի մասնագիտական հագեցվածությունը, և վստահաբար, ամեն հարցուպատասխանի պարագայում շատ կարևոր հետևություններ կարվեն, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել աշխատանքը, վերջապես իջնել «մենք ամեն ինչ գիտենք, դուք մեզ մի ասեք, թե ինչ անենք» պատվանդանից և սկսել արագ փոփոխություններ։ Այդպես կփրկեինք այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։
3․ Պետությունը պարտավոր է հայտարարել covid 19 մահերի հիշատակի օր։ Սրա համար կա առնվազն երկու հիմնավորում.
ա/ Մահացողները մեր քաղաքացիներն են, անանուն վիճակագրական տվյալներ չեն, ամեն մահ անձնական և ընտանեկան ողբերգություն է, և մենք պարտավոր ենք հարգել նրանց,
բ/ դա կլինի համաճարակային վիճակին ավելի լուրջ վերաբերվելու խթան, զգաստացնող կոչ, փոխադարձ պատասխանատվության զգացման և փոխադարձ հարգանքի կարևորում։
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը