Քաղաքական հետապնդումից ու վրեժխնդրությունից բացի, որևէ հիմնավորում չունեցող կալանավորումից դատարանի նշանակած աննախադեպ գրավի դիմաց ազատվելուց հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս հանդիպեց աջակիցների հետ: Չնայած «հեռավար» ձևաչափին, դա, իհարկե, կարևոր հանդիպում էր:
Հարկավ, ի լրումն ամենի, քաղաքացիական արիություն և անհատի նկարագիրը բնորոշող կարևոր որակներ են պահանջվում, որպեսզի մարդը հրապարակավ, անթաքույց հանդես գա Արցախի հերոս, ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ՝ նրա դեմ օրվա իշխանության կողմից իրականացվող քաղաքական հետապնդման, նախկինում շրջանառած զանազան քորազչական միֆերի ակտիվ վերարծարծման ու իրավական բեսպրեդելի պայմաններում: Ավելին, մի իրավիճակում, երբ իշխանական քարոզչությունը և իշխանական «ֆեյք-հայհոյանք-անեծք» բրիգադները ատելության խոսքի, վիրավորանքի, «տրավլյայի» թիրախ են դարձնում նաև Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին: Իզուր չէ ասվում, որ փորձությունների ժամանակ է երևում, թե ով՝ ով է:
Մյուս կողմից, թերևս արժե մեկ անգամ ևս ընդգծել. արդեն երկու տարի շարունակվող քաղաքական հետապնդման պայմաններում, իր վարքով, կեցվածքով, վճռականությամբ, իր գնահատականներով ու հայտարարություններով ավելի շուտ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է քաջալերում և ոգևորում իր համախոհներին, կողմնակիցներին, պետության, Արցախի հետագա ճակատագրով լրջորեն անհանգստացած համակիրներին:
Աջակիցների հետ նախագահ Քոչարյանի հանդիպումը սահմանին լարվածության աճի ու մարտական գործողություններից առաջ էր: Բայց հատկապես այդ խորապատկերում շատ ավելի պարզորոշ է ընդգծվում պետության ղեկի մոտ կարողունակ, պատասխանատու, խնդիրներ լուծելու պատրաստ, կամային և փորձառու, նաև միջազգային գործընկերների շրջանում հարգանք վայելող գործչի առկայության անհրաժեշտությունը: Հատկապես մեր վիճակում ու դեպքում շատ մեծ ճոխություն են արկածախնդրությունն ու արկածախնդրական շեղումը, որի համար, առհասարակ, բոլորն էլ թանկ են վճարում, բայց մենք կարող ենք շատ ավելի թանկ գին վճարել:
Վերադառնալով բուն հանդիպմանը, կարծում եմ կարիք կա թարմացնել ու ընդգծել մի քանի հատկանշական դրվագ:
Առաջինը, հանդիպումից այն դրական տպավորությունն է, որ չնայած կալանավորմանը, նաև այդ ընթացքում ծագած վիրահատության անհրաժեշությանը, նախագահ Քոչարյանը, եթե կարելի է այդպես ասել՝ վերականգնել է իրեն բնորոշ «մարզավիճակը»: Զգացվեց նաև, որ նա այս ընթացքում շարունակել է ուշադիր հետևել իրադարձություններին և հրաշալի տիրապետում է ընթացիկ զարգացումներին:
Երկրորդը, որ կարևոր ընդգծում է. աջակիցներ կամ համակիրներ բնորոշումից գործնականում թիմակիցներ հասկացությանն ու գործնական երևույթին անցնելու մասին պարզորոշ նկատառումն է, որն արտահայտեց Ռոբերտ Քոչարյանը: Այդ արտահայտությունը կարելի է մեկնաբանել որպես քաղաքական շարժման տարբերակով միավորվելու առաջարկություն կամ մտադրություն: Դա կլինի միանգամայն ողջունելի քայլ:
Առանձնապես հետաքրքիր էր լսել «ճգնաժամային կառավարիչ» ընկալվելու մասին Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը:
Ինչ-որ տեղ ցավալի է դա ասել, բայց եթե խոսքը որևէ այլ երկրում որևէ այլ ժողովրդի որևէ պատմական կերպարի մասին լիներ, այսօր միգուցե տարբեր մեկնաբաններ նրան մեզ օրինակ բերեին: Բայց երբ խոսքը մեր ազգի ներկայացուցչի ու անմիջականորեն մեր պետության ու ժողովրդի ճակատագրին վերաբերող երևույթների, իրողությունների և գործչի մասին է, պարզվում է, որ առավելագույնը, ինչ կարող ես ակնկալել, հանիրավի չանվանարկվելն է: Սակայն նույնիսկ այդ ակնկալիքը չի իրականանում:
Մինչդեռ, արժե հիշեցնել, որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց Արցախի պաշտպանության և ընդհանուր ղեկավարման պատասխանատվույթունը, երբ արդեն ունեցել էինք տարածքային լուրջ կորուստներ, երբ թշնամական հորդաները մղվում էին դեպի Ստեփանակերտ: Եվ մի իրավիճակում, երբ ձախողումն ավելի հավանական էր թվում, հաջողվեց բեկել դեպքերի ընթացքը և հասնել հաղթանակի: Դա, անկասկած, մեր ողջ ժողովրդի հավաքական նվիրման ու զոհողությունների շնորհիվ: Բայց ճակատագրական պահին պատասխանատվություն ստանձնելուց չխուսափած գործչի դերակատարումը ևս անուրանալի է:
Հետագայում, երբ 1997-ի վաղ գարնանը Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց թողնել Արցախի նախագահի պաշտոնն ու ստանձնեց Հայաստանի վարչապետի պատասխանատվությունը, էլի շատ ավելի հավանական էր թվում ձախողումն ու իշխող վարչակազմի հերթական քավության նոխազ-վարչապետ դառնալու հեռանկարը: Բայց Ռոբերտ Քոչարյանը այստեղ էլ խառնեց բոլոր այդ «հավանականությունները» ու կարճ ժամանակում կարողացավ հասնել կառավարման որակի նշանակալի բարելավման, պետական պարտավորությունների կանոնավորման, ամիսներով ուշացված աշխատավարձերի ու թոշակների խնդրի լուծմանը: Հետագայում, արդեն, որպես Հայաստանի նախագահ նա կարողացավ իրականացնել այն հանդուգն մտահղացումը, որ «տնտեսական շոշափելի վերելք կարելի է ունենալ նույնիսկ շրջափակման պայմաններում», որ մեր տնտեսական աճի ու ժողովրդի բարեկեցության համար Արցախը ոչ թե խոչընդոտ է, այլ հնարավորություն:
Բայց բովանդակային առումով ավելի կարևոր է թվում «կազմակերպված պետության» վերաբերյալ հանդիպման ընթացքում նախագահի հիշեցում-դիտարկումը: Դա այն գաղափարական մոտեցումն էր, որը և իր պաշտոնավարման շրջանում Ռոբերտ Քոչարյանը շատ ու շատ առումներով կարողացավ կյանքի կոչել:
Այժմ, մանավանդ, երբ կորոնավիրուսի վարակի ընթացքում ի հայտ եկան կառավարման համակարգում ստեղծված լրջագույն խնդիրներ, առանձնահատուկ նշանակություն են ստանում կազմակերպված պետության թե՛ գաղափարը, թե՛ այդ հենքին վերադառնալու կարևորությունը: Ու այդ տեսանկյունից, իհարկե, տեղին և հիմնավորված է Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, որ կազմակերպվածության շնորհիվ մենք կարող ենք լինել ուժեղ ու մենք ունենք այդ պոտենցիալը:
Դե ինչ, ի գործ, ինչպես ասվում է:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը