06 07 2020

Տնտեսական ճգնաժամի շեմին, այս տարի նվազագույնը 1,5 մլրդ դոլար ենք կորցնելու

Տնտեսական ճգնաժամի շեմին, այս տարի նվազագույնը 1,5 մլրդ դոլար ենք կորցնելու

Հայաստանը մտնում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի փուլ։ Այդ գործընթացը սկսվեց 2018 թ․-ից՝ երկրի քաղաքական և տնտեսական կյանքի անընդհատ ցնցումների պատճառով, որը հրահրում էին իշխանությունը զավթածների խումբն ու նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Դրա հետևանքով, նույն տարվա ընթացքում մենք կրեցինք առաջին ահռելի կորուստը՝ տարվա առաջին երեք ամիսների 10,3 տոկոս տնտեսական ակտիվության աճը տարվա վերջում նվազեց, հասնելով 5,2 տոկոսի։ Դրա հետևանքով մեր տնտեսությունը, այսինքն մենք բոլորս չստացանք մոտ 300 մլրդ դրամ։ Այս տարվա կորուստներն անհամեմատ ավելին են լինելու։  Չկարողանալով կանխել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում և անգամ նպաստելով դրա տարածմանը սկզբնական շրջանում հանհրավաքների շքերթով, Նիկոլ Փաշինյանի կառավարումը այսօր մեզ կանգեցրել է 90-ականներից ի վեր, ամենածանր կացության առջև։ Չխոսելով մեր կրած բարոյահոգեբանական և առողջական վնասներից, ներկայացնենք, թե ո՞ր ոլորտներում և եկամուտների ի՞նչ կորուստներ ենք ունենալու։

Ծառայությունների ոլորտում։ Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր՝ ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար: Սա նշանակում է, որ 2019 թ․-ին Հայաստան այցելած մոտ 1,9 մլն զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են գրեթե 1,5 մլրդ դոլար։ Եթե տարվա առաջին ամսիներին Հայաստան այցելած մոտ 311 հազար զբոսաշրջիկների թիվը և համապատասխանաբար նրանց ծախսած մոտ 250 մլն դոլար գումարը հանենք, ապա կստացվի, որ այս ճյուղից միայն Հայաստանը չի ստանա մոտ 1,2 մլրդ դոլար։  Այս կորուստը, բացի բուն զբոսաշրջային գործունեության մեջ ընդգրկվածներից, բաշխվելու է նաև առևռտրի և ծառայություններին, ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության վրա։ Օբյեկտիվ գործոնն, անշուշտ, առկա է զբոսաշրջության դեպքում՝ պայմանավորված ճյուղի համաշխարհային անկմամբ։ Սակայն, Հայաստանում կորոնավիրուսի տարածման և այլ երկրների համեմատ վարակից ուշ դուրս գալու հետևանքով մեր կորուստներն ավելի մեծ են լինելու և ավելի երկար ենք տուժելու։

Ծառայությունների ոլորտում անկումը այս տարվա հինգ ամիսներին 4,2 տոկոս է կազմել։ Տարեկան ցուցանիշն ավելի վատթար կլինի, քանի որ այստեղ են ընդգրկված նաև զբոսաշրջության ծառայությունները, որոնց չստացած եկամուտների մասին արդեն նշվեց։ Ծառայությունների մյուս ոլորտներից հավանական է, որ աճ գրանցվի միայն առողջապահական ծառայություններում՝ պայմանավորված համավարակով։ Այդուհանդերձ, անկումն ամբողջ ճյուղում ավելի խորը կլինի և կընդգրկի զբոսաշրջության 1,2 մլրդ դոլարի կորուստի զգալի մասը՝ առնվազն 300 մլն դոլարը։ 

Շինարարությունում անկումն այս պահի՝ տարվա առաջին հինգ ամիսներին դրությամբ 26 տոկոս է։ Եթե տարեկան ցուցանիշն անգամ ավելի վատը չլինի, ապա շինարարության տարեկան ծավալն ավելի պակաս կլինի մոտ 113 մլրդ դրամով կամ մոտ 235 մլն դոլարով։

Մեր տնտեսության ամենամեծ ոլորտում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են զբաղված առևտրում, այս պահի դրությամբ անկումն ավելի քան 10 տոկոս է։ Դարձյալ եթե անկումն ավելի խորը չլինի, ապա մեր կորուստը առևտրի նճյուղում կկազմի մոտ 325 մլրդ դրամ կամ 676 մլն դոլար։

Արդյունաբերությունում այս պահին աճ է՝ 2,4 տոկոս։ Դա բացառապես հանքրադյունաբերության շնորհիվ է, իսկ արդյունաբերության մյուս ճյուղերը անկման մեջ են։ Այդուհանդերձ, ենթադրենք քիչ հավանական սցենարը՝ հանքարդյունաբերության շնորհիվ արդյունաբերությունում պահպանվում է այս աճը։ Այդ դեպքում, մենք հավելյալ կստանանք մոտ 50 մլրդ դրամ կամ մոտ 105 մլն դոլար։ Ակնհայտ է, որ անգամ այս դեպքում սա ընդհանուր կորուստների չնչին մասն է սա ծածկելու։

Գյուղատնտեսությունում անցյալ տարի անկում էր։ Այս տարվա առաջին եռամսյակում վիճկոմն այստեղ աճ պատկերեց։ Հավանական է, որ իշխանությունը փորձի մշտապես վիճելի գյուղատնտեսության վիճակագրական ցուցանիշների հաշվին աճ պատկերել և ավելի մեղմ տնտեսական անկում ցույց տալ։ Սակայն, թղթի վրա նկարված աճը մեր իրական եկամուտները չեն ավելացնելու, հետևաբար գյուղատնտեսության ենթադրվող կորուստների վերաբերյալ որևէ ցուցանիշ չներկայացնենք։

Մեր բնակչության եկամուտների կարևոր աղբյուր է արտերկրից՝ հիմնականում Ռուսաստանից փոխանցվող գումարները։ Այս տարի մեր հայրենակիցներից շատերը չեն մեկնալ արտագնա աշխատանքի և միանշանակ է, որ փոխանցվող գումարները նվազելու են։ Տարվա առաջին հինգ ամսիներին դրանք արդեն նվազել են մոտ 150 մլն դոլարով։ Փոխանցումների նվազման այս համամասնության պահպանման դեպքում տարեկան Հայաստան կմտնի մոտ 400 մլն դոլարով ավելի պակաս մասնավոր փոխանցումներ։

Այսպիսով, միայն վերոնշյալ գործոնների հանրագումարով, Հայաստանի տնտեսության ճյուղերի անկման ներկա տեմպի և արտերկրից ստացվող գումարների նվազման հետևանքով այս տարի մենք բոլորս կկորցնենք նվազագույնը 1,5 մլրդ դոլարի մոտ գումար։ Սակայն, մեր տնտեսական անկման կանխատեսվող ցուցանիշը ավելի ու ավելի հոռետեսական է դառնում։ Մասնավորապես, ներկայիս 4 տոկոսի փոխարեն, կանխատեսվող տարեկան անկումը 8-10 տոկոս է։ Այդպիսի տնտեսական անկման, ինչպես նաև մասնավոր փոխանցումների ծավալների խորացող նվազման դեպքում, մեր կորուստները կարող են ավելանալ՝ հասնելով 2-2,5 մլրդ դոլարի։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ