02 07 2020

Աշխա՞րհն է մեղավոր, թե՞ Նիկոլ Փաշինյանը

Աշխա՞րհն է մեղավոր, թե՞ Նիկոլ Փաշինյանը

«Ենթադրենք 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է», սա ասել է Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին՝ փորձելով հերթական անգամ իր ապիկարության հետեւանքները բարդել ուրիշի, այս անգամ, արդեն, ամբողջ աշխարհի վրա։ Սա շատ զավեշտալի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Մենք երկրի ղեկավար ենք դարձրել մի մարդու, որը երբեք համարձակություն չի ունեցել պատասխանատվություն ստանձնել իր արածի կամ ասածի համար և ամեն անգամ փախել է։ Սակայն վերադառնանք նրա տվյալ հայտարարությանը։

Նախ՝ ոչ թե ենթադրենք, այլ իսկապես Հայաստանում կորոնավիրուսի՝ իր սիրելի բառով ասած աննախադեպ տարածման հիմնական մեղավոր եղել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Բազմիցս ասել ենք համաճարակի նկատմամբ անլուրջ մոտեցման, համակարգված և նախապես մշակված քայլերի բացակայության, ՍԴ հարցով հանրաքվեի ժամանակ մարդաշատ և վիրուսի փոխանցման համար նպաստավոր հանրահավաքների, իշխանության ներկակայացուցիչների կողմից մեկը մյուսի հակասող հայտարարությունների և քայլերի մասին։ Աշխարհի այլ երկրներում էլ են եղել անլուրջ մոտեցումներ, բայց դրանք շտկվել են գոնե համավարակի ընթացքում և ոչ մի երկրում չի եղել այնպիսի երևույթ, ինչպիսին մեր իշխանությունն է։

Երկրորդ՝ հուլիսի 1-ին ունեինք ոչ թե 20 հազար կորոնավիրուսով վարակման դեպք, այլ 26 հազարը գերազանցող։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն պաթոլոգիկ ստախոսությունը՝ անգամ պաշտոնապես հայտարարված թվերին հակասելով։ 26 հազար հայտնաբերված վարակակիրը Հայաստանի 3 մլն մշտական բնակչության 0,87 տոկոսն է։  Հիմա տեսնենք, թե աշխարհում վարակակիր 10 մլն-ը ամբողջ բնակչության քանի տոկոսն է։ Այս տարվա հունիսի դրությամբ աշխարհի բնակչությունը 7,8 մլրդ է։ Հետևաբար, 10 մլնը աշխարհի բնակչության 0,13 տոկոսն է։ Այժմ էլ աշխարհին մեղադրելու միջոցով «պլստալ» ցանկացող Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է այս վիճակագրությանը։ Այն փաստում է, որ եթե ամբողջ աշխարհում իր պես «կառավարեին», ապա վարակակիրների թիվը ոչ թե 10 մլն, այլ ․․․ 68 մլն կլիներ։ Եվ հակառակ վիճակագրությունը՝ եթե Հայաստանում վարակված լիներ բնակչության 0,13 տոկոսը, ապա վարակակիրների թիվը կկազմեր ոչ թե 26 հազար, այլ ․․․ 3900։ Հիմա ի՞նչ, աշխա՞րհն է մեղավոր, որ մենք 3900-ի փոխարեն ունենք ավելի քան 26 հազար վարակակիր ․․․ Չխոսենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության խղճին են նաեւ հինգ հարյուրի հասնող մահերը։

Երրորդը՝ Հայաստանում գրագետ կառավարություն ունենալու դեպքում, կորոնավիրուսը կարող էր շատ ավելի փոքր տարածում ունենար, քան աշխարհում տարածման միջին ցուցանիշն է։ Մեր աշխարհագրական դիրքի թերությունը՝ երկու հարևանների կողմից շրջափակված լինելը և միայն երկու բաց սահման ունենալը, այս առումով առավելություն էր։ Մնում էր ժամանակին փակել Իրանի հետ սահմանը, թույլ չտալ ավիաչվերթները Իտալիայից, իսկ այլ երկրներից բոլոր ժամանողներին ուղարկել երկշաբաթյա կարանտինի։ Բոլոր այն արդարացումները, թե չգիտեին ի՞նչ ծավալի մասին է խոսքը, անփորձ էին եւ այլն, ոչ միայն չեն արդարացնում կամ մեղմացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության մեղքը, այլ ավելացնում են։ Ի վերջո, եթե չգիտեին, թող հեռանային և ասպարեզը թողնեին նրանց ովքեր գիտեին և ովքեր այդ օրերին գիշեր-ցերեկ առաջարկում, հորդորում, պահանջում էին անել այդ ամենը։

Ի դեպ, իշխանության հեռանալու առումով երբեք էլ ուշ չէ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ