Մինչ շատերը կենտրոնացած էին ներքաղաքական վերջին ու դեռ ընթացող զարգացումների վրա, որքանով կարելի է մեկ անձի կամայականության ու կապրիզի հետևանքով ստեղծված շփոթը քաղաքական համարել, արտաքին ճակատում էլ արձանագրվեցին դեպքեր ու երևույթներ, որոնք կարծես այնքան էլ ուշադրության չարժանացան: Չնկատված չմնացին, իհարկե:
Առաջինը, բնականաբար, Մոսկվային «Հաղթանակի շքերթին» ներկա լինել-չլինելու հետ կապված տարօրինակ վիճակն էր: Նիկոլ Փաշինյանի՝ այդ միջոցառմանը մեկնել չկարողանալու վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինին ուղղված նամակը, մեղմ ասած՝ անհամոզիչ էր:
Հիշեցնենք, Մոսկվա չմեկնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հիմնական պատճառաբանությունը համաճարակային վիճակն էր: Հարցն այն է, որ երբ ստացվել էր Պուտինի հրավերը՝ ներկա լինել «Հաղթանակի շքերթին», ավելին, երբ համաձայնեցման ընթացքում է եղել այդ հնարավոր այցը, Հայաստանում համաճարակային վիճակը գրեթե նույնն էր, այսինքն՝ կայուն ծանր: Հենց միայն այդ պահով արդեն համոզիչ չէր բերված պատճառաբանությունը, թե ինչո՛ւ է Փաշինյանը հրաժարվում արդեն աշխատակազմերի կողմից համաձայնեցված այցից: Առավել ևս, որ շքերթները, ինչպես նույն Պուտինի հետ առաջին հանդիպմանն էր կիսատ-պռատ ռուսերենով ասել՝ սիրված իրադարձություն են:
Բնականաբար, ամենատարբեր ենթադրություններ են ծագել և ծագում, թե ո՞րն էր չմեկնելու իրական պատճառը: Եվ այդ հարցը զանազան, անգամ՝ թեստավորման ենթատեքստերով արծարծվել է թե՛ սոցցանցերում, թե՛ տարբեր մեկնաբանների անդրադարձերում:
Բայց ամեն դեպքում, նախապես համաձայնելը, հրավերն ընդունելը, ապա՝ չմեկնելը, նույնիսկ գերքաղաքավարի նամակով դա բացատրելու դեպքում, երկկողմ հարաբերությունների վիճակի առումով լավ նշան չէ:
Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններում այժմ եղած վիճակի վերաբերյալ դա միակ կամ եզակի վատ նշանը չէ: Անգամ հընթացս կարելի է նշել նման «նշաններ», լինի գազի գինը, թե մաքսանենգ ծխախոտի անդուր պատմությունը: Առավել ևս, չի կարելի բացառել և այն վարկածը, որ պարզապես ռուսական կողմից անուղղակիորեն հասկացրել են՝ հրավերին չխաբվեք, ձեզ Մոսկվայի շքերթում տեսնելու ցանկություն առանձնապես չկա:
Ցանկացած պարագայում, հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը առնվազն մտահոգիչ է: Առավել ևս, որ այդ իրավիճակից չեն հապաղի օգտվել Բաքուն կամ իր ռուսական աջակիցները:
Բայց հարցը միայն Ռուսաստանը չէ:
Թվում է, թե «ժողովրդավարական հովերով» իշխանության հասած Փաշինյանի կառավարությունը պետք է որ խնդիրներ չունենար Արևմուտքի հետ հարաբերություններում: Եթե Ռուսաստանի և ԱՊՀ, անգամ՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները ոչ մեկ անգամ են գրեթե բացահայտ ցույց տվել, որ Փաշինյանին որպես յուրային չեն ընկալում և ընդունում, ապա Եվրոպան կարծես թե նրան պետք է գրկաբաց վերաբերվեր:
Սակայն Փաշինյանը երևի հատուկ տաղանդ ունի փչացնել նույնիսկ ինքնին նպաստավոր թվացող դիրքը: Ճի՛շտ է, Եվրոպան ու ԱՄՆ-ը դեռ կարծես թե հանդուրժում ու ծպտուն չեն հանում Փաշինյանի՝ ակնհայտորեն հակավողովրդավարական, մարդու իրավունքներն ու ազատությունները հարցականի տակ դնող դրսևորումների վերաբերյալ: Համենայն դեպս, ԱՄՆ դեսպանի, դիվանագիտական շրջանակների կողմից չի նկատվում այն կատաղի էնտուզիազմը, որ նրանք դրսևորում էին անցած տասնամյակներում, եթե հանկարծ որևէ ընդդիմադիր ակտիվիստի որևէ ոստիկան կսմթում կամ ավելի նկատելի բռնություն էր գործադրում: Անմիջապես այնպիսի աղմուկ-աղաղակ էին դնում, որ թվում էր, թե հաջորդ քայլը լինելու է ամերիկյան զինված ներխուժումը: Հիմա, իհարկե, նրանք լռությամբ խրախուսում են փաշինյանական բոլոր բռնություններն ու հակաժողովրդավարական դրսևորումները:
Դրանում էլ գաղտնիք չկա: Ինչպես ամերիկյան հանրահայտ նախագահներից մեկը ժամանակաին արտահայտվել էր լատինամերիկյան բանանային երկրներից մեկի բռնապետի մասին՝ «նա, հնարավոր է, շան տղա է, բայց դա մե՛ր շան տղան է» (Ռուզվելտը՝ Սամոսայի մասին է ասել, եթե մեկնումեկին հետաքրքիր է): Գուցե ոչ այդքան կոպիտ ձևակերպումներով, բայց հնարավոր է, նույն մոտեցումը գործում է նաև այս դեպքում: Այսինքն, նրանք այնտեղ հավանաբար կարծում են, թե՝ ոչինչ, կարևորը, որ մեր գծին ավելի մոտիկ մեկն է իշխանության ղեկին:
Հնարավոր է, նույն անհարկի ներողամիտ վերաբերմունքն է նաև Եվրոպայի կողմից:
Բայց հետաքրքիր է, որ նման՝ ենթադրելի վերաբերմունքի պայմաններում անգամ, Փաշինյանը կարողացավ հասնել այն բանին, որ եվրոպական կառույցները այլևս չկարողացան զսպել իրենց, ու թեպետ «դիվանագիտական լեզվով», բայց արտահայտվեցին, ինչպես օրինակ ԵԽ գլխավոր քարտուղարը, նույն Վենետիկի հանձնաժողովը: Դնվանագիտականից նորմալ խոսակցականի վերածելու դեպքում նրանց արձագանքը այն էր, թե՝ «էս ի՞նչ եք անում...»:
Համարենք, որ գլխավոր կուրսի շրջանակներում Արևմուտքը պատրաստ է չնկատելու տալ, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը հրամայի, օրինակ, բացահայտ գնդակահարել ընդդիմադիրներին (նմա՞ն բաներ է չնկատելու տվել Եվրոպան), բայց միևնույն է, նման «դիվանագիտական ակնարկներն» էլ են հուշում, որ Հայաստան-Արևմուտք կամ Եվրոպա հարաբերությունների վիճակն էլ այն չէ: Ասենք, ինչո՞ւ միայն նման ակնարկները: Բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում արտացոլող հակաճանապարհաշինարարական հայտարարությունն էլ նույնն է վկայում:
Եվ ինչո՞ւ պիտի այդ հարաբերությունները չվատանան, եթե Հայաստանի բախտաբեր իշխանիկները առանձնապես իրենց նեղություն չեն պատճառում՝ այդ ֆրոնտում աշխատելու առումով:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը