26 06 2020

Խորհրդարանը վարակի օջախ էր, բայց հրահանգով քվեարկում էր Սահմանադրության փոփոխմանը

Խորհրդարանը վարակի օջախ էր, բայց հրահանգով քվեարկում էր Սահմանադրության փոփոխմանը

Մի քանի օր է արդեն, որ խորհրդարանը դարձել է կորոնավիրուսով վարակի օջախ։ Տասնյակ պատգամավորների վարակման լուրեր են տարածվում։ Նրանց թվում են Քրիստինա Պողոսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Ծովինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Գևորգյանը, Արման Աբովյանը։ Ալեն Սիմոնյանի տիկնոջ կայքը հայտնել է նաև Հակոբ Սիմիդյանի, Մխիթար Հայրապետյանի, Հայկ Սարգսյանի ու Արեն Մկրտչյանի մասին։ Խորհրդարանի՝ հունիսի 24-ի նիստի սկզբում վատացավ Գայանե Աբրահամյանը, լուրեր տարածվեցին, որ նա ևս վարակված է։

Բանն այն է, որ պատգամավորները պատշաճ չեն պահպանում անվտանգության կանոնները։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հայտարարում է դիմակի, սոցիալական հեռավորության, ձեռքերն ախտահանելու մասին, իսկ պատգամավորները կիրառում են միայն դիմակի պահանջը, այն էլ՝ երբ տեսախցիկներ կան մոտակայքում։

Սակայն կորոնավիրուսով վարակվելու բումը դարձել է հունիսի 22-ի արտահերթ նիստը։ Իմքայլակյան պատգամավորները «բերման են ենթարկվել» նիստերի դահլիճ՝ ՍԴ մի քանի դատավորների աշխատանքից ազատելու հապշտապ քվեարկության համար։ Անհրաժեշտ էր հենց այնքան ձայն, որքան իմքայլական պատգամավորների թիվը, և վարչապետը ստիպել է կենդանի-մեռած նիստի գալ, ու եկել են։

Դրանից մեկ օր անց՝ հունիսի 23-ին, Քրիստինա Պողոսյանը ստանում է թեստի դրական պատասխանը։ Թեստերի պատասխանը տրվում է դրանք հանձնելուց մեկ օր անց, այսինքն՝ հնարավոր է՝ պատգամավորը թեստ է հանձնել և մասնակցել ԱԺ նիստի։ Բայց եթե անգամ այդպես չէ, միևնույն է՝ խորհրդարանում վիրուսը տարածվել է «դիտավորյալ անփութության» արդյունքում։

Կորոնավիրուսը մեկ օրում չի երևում, 14 օրում է այն զարգանում։ Մարդուն թեստավորելու համար պետք է նախանշաններ լինեն ու այնպես չէ՝ ջերմություն ունես, ուրեմն թեստավորում են, ո՛չ, առնվազն մի քանի օր եթե պահպանվում են նախանշանները, նոր միայն թեստ են հանձնում։ Ստացվում է՝ պատգամավորները, որոնք կորոնավիրուսով վարակվել են, դրանից առնվազն 3-4 օր առաջ արդեն ունեցել են նախանշաններ, բայց մասնակցել են նիստի, քանի որ հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը «կփռեր ասֆալտին»։ Ու ստացվում է՝ պատգամավորները վարակվել ու միմյանց են փոխանցել վիրուսը նաև այդ չարաբաստիկ քվեարկության օրը, որով հետո կհպարտանար Փաշինյանը։

Նրանք նախ եկել են շենք, շփվել են միմյանց հետ, տարբեր սենյակներ են ելումուտ արել, բավականաչափ երկար նիստ են արել՝ նստած իրար կողք-կողքի, դուրս եկել-ճեպազրույց են տվել, ու հնարավոր է՝ վարակել են նաև լրագրողների, աշխատակազմից աշխատակիցների։

Սա անպատասխանատու ու հանցագործ մոտեցում է։

Նիկոլ Փաշինյանը գերնպատակ է դարձրել ՍԴ կազմը փոխելը, ու հանուն դրա վարի է տալիս ամեն ինչ, այդ թվում՝ թիմակիցներին։ Հիմա խորհրդարանում իմքայլականները ևս վրդովված են։ Շատերը տանն ունեն թիրախային խմբում գտնվող անձինք, որոնց կյանքը, ստացվում է, վտանգել են հանուն Նիկոլ Փաշինյանի նպատակի իրագործման։

Ի դեպ, այստեղ նաև պետք է դրվի պատասխանատվության հարցը․ խորհրդարանը օրենք է ընդունել կորոնավիրուսով վարակը փոխանցելու մասին․ եթե անձը, լինելով կորոնավիրուսով վարակված, խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները և պատճառ է դարձել վիրուսի փոխանցման, նա քրեական ու վարչական պատասխանատվություն է կրում։

Եթե այս մարդիկ, որոնք ունեցել են այդ կասկածները կամ նախանշանները, հայտնել են խմբակցության ղեկավարին, բայց միևնույն է՝ հրահանգավորվել են ներկայանալ առանց բացառության, հետո վարակել են, ուրեմն պետք է ենթարկվեն պատասխանատվության այդ բոլորը, առանց բացառության՝ ըստ օրենքի։ Եթե Նիկոլ Փաշինյանի հրահանգով ու նաև վարակակիրների դեպքերի մասին իմանալով է այդ ամենն արվել՝ պատճառ դարձել վարակի տարածման, բնականաբար, պետք է նրա նկատմամբ ևս գործադրվի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը։

Նշենք, որ ընդամենը այսօր քրեական գործ հարուցվեց աբովյանցի 68-ամյա պապիկի նկատմամբ, որը լինելով վարակված՝ տաքսի է շարունակել վարել։ Քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) 1-ին մասով է:

 Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ