25 06 2020

Տնտեսական անկումը խորանում է անկասելի ընթացքով

Տնտեսական անկումը խորանում է անկասելի ընթացքով

Տնտեսության իրական վիճակը հանրությունից թաքցնելու կայուն ավանդույթ ձեռք բերած վիճակագրական կոմիտեի հրապարակեց այս տարվա հունվար-մայիս ամսվա տվյալները։ Համաձայն դրանց, հինգ ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը կազմել է 3,9 տոկոս։ Կասկած չկա, որ այս անգամ ևս հրապարակված ցուցանիշը իրականությանը չի համապատասխանում։ Եվ հարցն այն չէ, որ ցուցանիշները հրապարակվեցին սահմանված ժամից ուշ՝ հավանաբար սպասում էին կառավարության նիստի ավարտին, որպեսզի ստանան Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»։ Բանն այն  է, որ ավելի քան երկու ամսվա համընդհանուր տնտեսական գործունեության սահմանափակումից հետո, պարզապես անհնար է, որ տնտեսական անկումը լինի միանիշ թիվ։ Եթե սրան էլ ավելացնենք կորոնավիրուսին նախորդող ժամանակահատվածում տնտեսական կացության վատթարացման չնվազող տեմպը, որը վիճկոմը դարձյալ չէր «նկատում», ապա ակնհայտ կլինի, որ մեր տնտեսությունը պարզապես գլորվում է դեպի անդունդ։

Մայիսին ապրիլ ամսվա նկատմամբ աճ կա բոլոր ցուցանիշներում, ինչը բնական է, քանի որ մայիսի երկրորդ կեսից տնտեսական գործունեության սահմանափակումներն աստիճանաբար վերացվեցին։ Սակայն նախորդ տարվա մայիսի համեմատ տնտեսության բոլոր ճյուղերում համատարած անկումն անգամ վիճկոմը չի կարողացել թաքցնել։ Այս տարվա մայիսին 2019 թ-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 12,8 տոկոս։ Առանձին-առանձին տնտեսության ճյուղերից արդյունաբերությունում մայիսին անկումը կազմել է 3,9 տոկոս, շինարարությունում՝ 27 տոկոս, առևտրում՝ 18,4 տոկոս, ծառայություններում՝ 19,4 տոկոս, գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ։

Պատկերը համանման է նաև հինգ ամիսների՝ հունվար-մայիսի ցուցանիշներում։ Միայն արդյունաբերությունում է որոշ՝ 2,4 տոկոս աճ ներկայացվել, հիմնականում հանքարդյունաբերության շնորհիվ։ Շինարարության ծավալները կրճատվել են 24,4 տոկոսով։ Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները լայնածավալ ճանապարհաշինության, կապիտալ ծախսերի ծավալների կտրուկ ավելացնելու մասին և փաստենք, որ դա տեղի չի ունենում։ Մինդեռ տնտեսական ճգնաժամը չի սպասում՝ խորանում է, խորացնելով նաև մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը։ Առևտրում անկումը 10,8 տոկոս է, թեև այստեղ գործունեություն ծավալողները գրեթե երկու տարի է ինչ արձանագրում են իրենց շրջանառության և եկամուտների նվազում։ Ծառայություններում նույնպես անկում կա՝ 14,2 տոկոս։ Գյուղատնտեսության մասին արդեն նշեցինք։

Արտաքին առևտրաշրջանառությունը ևս մայիսին շարունակել է նվազել։ Արդյունքում, հունվար-մայիսին երկնիշ նվազում է արձանագրվել՝ 11,2 տոկոսով։ Արտահանումը նվազել է 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 12,8 տոկոսով։

Ի դեպ, երբ նշում ենք տնտեսական ակտիվության անկման ոչ հավաստի և մեղմացրած լինելու մասին, հաշվի ենք առնում նաև արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշը, որտեղ կեղծելը դժվար է։ Եթե այստեղ անկումը երկնիշ է, ապա տնտեսական անկումը չի կարող դրանից անգամներով ավելի փոքր լինել։ Տնտեսական ակտիվության ավելի մեծ անկման մեկ այլ անուղղակի փաստ կարող է լինել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը։ Մայիսին տնտեսական ակտիվության 12,8 տոկոս է ներկայացված, բայց 21 տոկոսով ավելի քիչ հարկեր են հավաքվել։

Այսինքն, իրական տնտեսական անկումը այս տարվա հինգ ամիսներին ընթացքում  ոչ թե 3,9 տոկոս է, այլ՝ առնվազն 8-10 տոկոս։ Չխոսենք այն մասին, որ տարվա կտրվածքով կառավարությունը կանխատեսում էր 2 տոկոս տնտեսական անկում՝ այսօր արդեն այդ ցուցանիշը գերազանցվել է։

Արա Մարտիրոսյան   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ