Հունիսի 22-ից, ավելի ճիշտ, «ՀՀ նախագահի» կեսգիշերային ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ուզուրպատոր է: Թող ներեն մեզ Նապոլեոն Բոնապարտն ու նրա պատմական կերպարի երկրպագուները, բայց այս օրերին Հայաստանում տեղի ունեցածը հենց ուզուրպացում է: Այդ եզրույթը «բացվում» է նաև հետևյալ սահմանմամբ. «անձնական դիկտատուրա հաստատելու նպատակով իշխանության հակաիրավական զավթումը»: Պետական հեղաշրջման միջոցով պետության ղեկավարի (գլխի) լիազորությունները յուրացնելը նույնպես կոչվում է ուզուրպացում: Սա, եթե դեռ կան ոչ միայն իրենց շուրջը կատարվողին անհաղորդ, այլև տվյալ եզրույթից ու դրա սահմանումից անտեղյակ հայրենակիցներ:
Նիկոլ Փաշինյանը, գրեթե «Ոսկե ձկնիկի» հանրահայտ հակահերոսուհու տարբերակով, որոշեց, որ ինքը պիտի հռչակվի Հայաստանի միանձնյա ղեկավար, միապետ, իսկ մեր տարածաշրջանային իրողություններն ու հանրության որոշ մասի մենթալային ընկալումները հաշվի առնելով՝ Հայաստանի փաշա, կամ ասենք՝ խան: Նիկոլ Փաշա, օրինակ: Անկիրք և օտար հետազոտողի համար միգուցեև հետաքրքիր ու էկզոտիկ լինի. ժողովրդավարական շպարով ու ամբոխահաճ հռետորաբանությամբ Հայաստանի բռնակալական փաշայություն: Ըստ որում՝ ամենահետադիմական, ասիական սոուսով բնապետություն կամ անձնիշխանություն:
Հունիսի 22-ից հետո, բովանդակային առումով, իմաստազուրկ և ավելորդ են ոչ միայն ՀՀ նախագահի ինստիտուտը, այլև ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ-ն, ՀՀ Սահմանադրական դատարանը: Ավելորդ են ԿԲ-ն ու նաև ԿԸՀ-ն: Բացարձակապես անիմաստ ու անտեղի կառույցներ են ԲԴԽ-ն ու առհասարակ ցանկացած ատյանի դատարանները: Առավել ևս, անհասականալի է, ասենք ՏՄՊՊՀ-ի կամ ՀԾԿՀ-ի անհրաժեշտությունը՝ որպես պետական կառույցներ: Հիմա արդեն այդ ամենը մեկ մարդ է, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Նա է Հայաստանի գլխավոր դատախազն ու ՍԴ նախագահը: Փաշինյանն է Հայաստանի ԿԲ նախագահն ու վարչապետը, սպարապետն ու միլպետը, օրենսգիրն ու դիվանապետը ու մնացած ամեն ինչը: Ի լրումն, օրվա իրողություններից ելնելով, նաև՝ Նիկոլ Փաշինյանն է ՀՀ գլխավոր համաճարակաբանն ու վիրուսոլոգը: Լրիվ ի՛նքն է:
Մի խոսքով, ներկայումս Հայաստանում առկա է գերլծակավորված, մեկ անձի ձեռքում կենտրոնացած իշխանություն, լինի՝ օրենսդիր, գործադիր, թե դատական:
Որքան էլ տարփողվի «ժողովրդի իշխանության» մասին քարոզչական տրաֆարետը, քաղաքական իրականությունը այն է, որ բոլոր հնարավոր ու նաև՝ օրենքի, օրինականության հետ խնդիր հարուցող քայլերով Նիկոլ Փաշինյանը «փաստաթղթավորեց» իր միանձնյա անձնիշխանությունը: Թե որքա՞ն կտևի այդ ամենը, իհարկե, կախված է ընդդիմադիր ուժերից, այն մարդակնցից ու շրջանակներից, որոնք ոչ միայն հասկանում են, թե ինչ է կատարվել և ինչու, այլև պատրաստ են իրական պայքար ծավալել՝ թույլ չտալու համար Հայաստանի ադրբեջանականացումն ու, այո, պետականության տապալումը:
Մյուս կողմից, հարց է ծագում, թե հենց Փաշինյանին որքանո՞վ կհաջողվի ոչ միայն ձևակերպել իր կողմից պետական իշխանության ամբողջական ուզուրպացիան, այլև պահպանել իր ձեռքում կուտակված, գերլծակավորված իշխանությունը:
Զավեշտն այն է, որ «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ ինքնամոռաց նետվելով գերիշխանության իր սևեռումը գլուխ բերելու ետևից, Նիկոլ Փաշինյանը բավականին ուշ նկատեց (եթե նկատել է), որ կորցնում է իրական իշխանությունը:
Տվյալ դեպքում, կորցնում է հանրության վստահությունը: Ավելին, կորոնավարակով բարդացած իրավիճակում անելով հակասական հայտարարություններ ու նաև քայլեր, նա էլ ավելի արագացրեց իր ու իր գլխավորած կառավարության նկատմամբ հանրության վստահության կորստի ընթացքը: Ու խոսքը, հասկանալի է, հանրության այն շերտերի վստահությունը կորցնելու մասին է, որոնց ներգրավման հետևանքով Նիկոլ Փաշինյանին հաջողվել էր երկու տարի առաջ գրավել իշխանությունը:
Ողջ հարցն այն է, որ ստանալով առանց այդ էլ գերլիազորություններ ունեցող իշխանություն (հայտնի «կոստյումը»), Նիկոլ Փաշինյանը ասես տասնապատկված եռանդով սկսեց պայքարել... իշխանության համար: Երևի նրա համար դա ադրենալինի պես մի բան է: Ովքեր, օրինակ թեկուզ մեկ անգամ պարաշյուտով ցատկել են, կհասկանան: Ինչևէ:
Այս երկու տարի ու մեկ ամսվա ընթացքում, պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախ՝ խորացրեց մի շարք գործիչների և ուժերի նկատմամբ մինչ այդ էլ ունեցած թշնամանքը: Եվ դա, իհարկե, փոխադարձ է: Բայց դա դեռ ոչինչ: Վատն այն է, որ նա հաջողացրեց այս կարճ ժամանակահատվածում թշնամանալ գործիչների և ուժերի հետ, կամ, առնվազն փչացնել հարաբերությունները նրանց հետ, ովքեր բավականին լոյալ էին իր նկատմամբ, իսկ մի մասն անգամ՝ խրախուսական վերաբերմունք ուներ: Ավելին, այս երկու տարվա ընթացքում Փաշինյանից հեռացան նաև անձիք, որոնք նրա հետ էին եկել իշխանության կամ, առնվազն, սատարել էին նրան: Դա խայտառակ պատկեր է քաղաքական գործչի համար:
Հանրագումարում, տեսնում ենք, որ այսօր փաշինյանական իշխանության կողքին մնացել են հիմնականում «սորոսականները», որոնք արդեն չոր-հրամայական տոնով են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ: Կա նաև «թիմը», որին հիմնականում միավորում է այն բացահայտ իրողությունը, որ իրենք առանց Փաշինյանի ընդհանրապես ոչինչ են՝ քաղաքական ոչինչ: Նրանց միավորում են նաև... պրեմիաները և իշխանություն լինելու հետ կապված նյութական կամ այլ հետաքրքրությունները: Կան նաև մեկ-երկու «հաճախորդներ», բայց բովանդակային առումով դա երկրորդական է:
Մյուս կողմից, ուզուրպացնելով պետական իշխանության բոլոր լիազորությունները, Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն խթանում և արագացնում է իր քաղաքական հակառակորդների հնարավոր համախմբումը: Նրանք, որ թվում էր, թե երեկ դեռ տարբեր պայմանականություններ էին առաջադրում՝ համագործակցության համար, գնալով ավելի ու ավելի են հակվում ու հակվելու այն պարզ մտքին, որ միայն համատեղ ուժերով կարող են արդյունավետ պայքար տանել և ձերբազատվել այս ռեժիմից:
Այնպես որ, իրադարձությունների նման ընթացքի դեպքում չի բացառվում, որ գերլծակավորված իշխանության համար պայքարելով և, թվում է թե՝ հաղթանակի հասնելով, Նիկոլ Փաշինյանն իրականում կարող է ուղղակիորեն կորցնել իշխանությունը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը