23 06 2020

Օտարերկրացիները վաճառում են իրենց գույքը, իսկ հիփոթեքային վարկերն աղետալիորեն նվազել են

Օտարերկրացիները վաճառում են իրենց գույքը, իսկ հիփոթեքային վարկերն աղետալիորեն նվազել են

Մայիս ամսվա անշարժ գույքի շուկայի ցուցանիշները փաստում են այն անառարկելի իրողությունը, որ Հայաստանում տնտեսական խորը անկում է սկսվել։ Նման դեպքերում առաջինն արձագանքում է անշարժ գույքի շուկան։ Նշենք, որ զերծ ենք մնացել ապրիլ ամսվա ցուցանիշները ներկայացնելուց, քանի որ կարանտինով պայմանավորված այդ ամսին անշարժ գույքի գործարքները չափազանց կտրուկ էին  նվազել և օբյեկտիվորեն չէին արտացոլում շուկայում տեղի ունեցող գործընթացները։

Նախ՝ տեղեկացնենք, որ ապրիլին անգամներով նվազած ցուցանիշները մայիսին որոշակիորեն վերակագնվել են։ Ինչը բնական է, քանի որ ապրիլին նախատեսված, բայց կյանքի չկոչված գործարքները իրականացվել են մայիսին։ Սակայն, բոլոր տեսակի գործարքների քանակը զգալիորեն ցածր է եղել անցած տարվա մայիսի համեմատ, ինչն էլ արտացոլում է իրական կացությունը։

Այսպիսով, այս տարվա մայիսին Հայաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 11507 գործարք, որն անցյալ տարվա մայիսի համեմատ պակաս է 27,9 տոկոսով։ Ընդ որում օտարման գործարքներն ավելի մեծ չափով են նվազել՝ 33,1 տոկոսով։

Հիշեցնենք, որ օտարման գործարքների մեծ մասը առքուվաճառքի գործարքներն են, իսկ մնացածը՝ նվիրատվությունը, փոխանակումը և այլ տեսակները։ Եվ ահա, այս տարվա մայիսին իրականացվել է 2925 առքուվաճառքի գործարք, ինչը 28,7 տոկոսով պակաս է անցած տարվա մայիսի համեմատ։ Պատկերն ավելի վատթար է Երևանում, որտեղ առքուվաճառքի գործարքները նվազել են 49 տոկոսով և կազմել ընդամենը 733 գործարք։ Սովորաբար մայրաքաղաքում էին կատարվում Հայաստանում կատարվող առքուվաճառքի գործարքների մոտ մեկ երրրոդը։ Հիմա արդեն մեկ քառորդն է։ Մարզերում առքուվաճառքի գործարքների նվազումն ավելի քիչ է եղել՝ 17,7 տոկոսով անցած տարվա մայիսի համեմատ։

Բավականին  ուշագրավ է օտարերկրացիների կողմից Հայաստանում անշարժ գույք գնելու և վաճառելու ցուցանիշները։ Չենք մոռացել հեղափոխության մունետիկների՝ զանգվածային  ներգաղթի, ամերիկահայ 100 ընտանքների հետ վերադառնալու ցանկության և տհասների համար նախատեսված այլ հայտարարությունները։ Ի՞նչ են փաստում անշարժ գույքի կոմիտեի ցուցանիշները մայիս ամսին՝ 2020 թվականի մայիսին օտարերկրյա քաղաքացիները գնել են 59 անշարժ գույք Հայաստանում և վաճառել 130-ը։ Այնպես չէ, որ անցյալ տարվա մայիսին այլ պատկեր էր՝ այն ժամանակ էլ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել էին 165 անշարժ գույք և վաճառել 341-ը։ Սա լավագույնս արտացոլում է «թավշյա» հեղափոխություն կոչվածի ողջ դատարկությունն ու կեղծիքը, դրա նկատմամբ մասնավորապես արտերկրում ձևավորված մոտեցումը։

Շարունակենք ներկայացնել մայիս ամսվա ցուցանիշները և անցնենք շուկայի ամենամեծ հատվածին՝ բնակարանների առքուվաճառքի գործարքներին։ Այստեղ անկումը աղետալի է՝ 56,6 տոկոսով, Երևանում ավելի վատ՝ 61,2 տոկոսով։

Գների մասին։ Նախորդ ամսվա համեմատ Երևանում բնակարանների գները նվազել են 1 տոկոսով, մարզերում՝ 0,7 տոկոսով։ Միանշանակ է, որ գների նվազման միտումը շարունակվելու է, քանի որ անցած երկու տարվա ընթացքում արհեստականորեն «տաքացվող» (շինարարական և հիպոթեկային «բումերի», տնտեսական հեղափոխության և նմանատիպ հայտարարություններով) անշարժ գույքի շուկան հայտնվել է իրականության մեջ։ Դա ավելի վաղ տեղի ունեցավ կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով։ Սակայն, մյուս կողմից էլ որքան շուտ շուկան վերադառնա իրականություն, այնքան պակաս ցավալի կլինեն անկման հետևանքները։

Եվ վերջում, հիպոթեկային վարկավորման ցուցանիշների մասին։ Այստեղ արձանագրվածը փաստում է Նիկոլ Փաշինյանի կառավարության մեծագույն ձախողումներից մեկը։ Մայիսին արձանագրվել է հիպոթեկային գրավադրման գործարքների նվազագույն ցուցանիշը, որ եղել է վերջին 10 տարվա մայիս ամիսների ընթացքում՝ ընդամենը 132 գործարք։ Դա ոչ միայն անցյալ տարվա մայիսի համեմատ է նվազել՝ 71,1 տոկոսով, այլ անգամ այս տարվա կարանտինային ապրիլի համեմատ՝ 19 տոկոսով։ Ընդ որում, Երևանում հիպոթեկային գրավադրման քանակն անցյալ տարվա մայիսի համեմատ նվազել է ավելի քան 4 անգամ։ Սա վկայությունն է մարդկանց եկամուտների նվազման և համապատասխանաբար՝ հիպոթեկային վարկերի պահանջարկի նվազման, իսկ ապագայում պետք է սպասել շինարարության վրա բացասական ազդեցության։ Այստեղ արժե հիշեցնել հիպոթեկային վարկավորման ծավալների և պայմանների բարելավման մասին Նիկոլ Փաշինյանի «հրապարակած» հեքիաթների ծավալուն ժողովածուի մասին։ Մեկ ամսում այդ ամենը պարզապես հօդս ցնդեց։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ