18 06 2020

Ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

Ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

 

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, փոխեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ սահմանելով 2 մլրդ դրամ գրավ:

Նախ անդրադառնանք խնդրի ամենակարևոր կողմին․ Գրավը՝ որպես խափանման միջոց․

Դատավոր Արսեն Նիկողոսյանն արեց բան, որն այդպես էլ համառորեն չէր անում դատավոր Աննա Դանիբեկյանը`շարունակ համաձայնելով գործով մեղադրող դատախազների հետ:

Եթե խոչընդոտելու ռիսկերը չնչին են, ուրեմն ստորագրությունն իսկ բավարար է, իսկ գրավը, արդեն, լիովին զսպիչ միջոց է․ այսինքն՝ անազատության մեջ պահելու կարիք չկար, այս ամբողջ ընթացքում։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը ֆիքսվեց՝ անազատության մեջ պահելու կարիք չկա։

Գումարի չափի մասին․

Թիվը բավականին մեծ է․ 2 մլրդ դրամն աննախադեպ թիվ է, ու անհասկանալի է, թե ինչու է այսքան մեծ գումար սահմանել դատարանը, մանավանդ եթե Ռոբերտ Քոչարյանի զավակները ներկայացրել էին իրենց հնարավորությունները, այն է՝ երկու բնակարան և մանավանդ որ Ռոբերտ Քոչարյանի հաշիվները կալանքի տակ են։ Իհարկե՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահայտնի ու հեղինակություն ունեցող մարդկանցից է, հատկապես՝ գործարարների շրջանում, որոնք բազմիցս են նշել՝ իրենց գործերը լավ է եղել հատկապես 2000-ականներին։ Ռոբերտ Քոչարյանը բավականին հարգված անձանցից է նաև սփյուռքահայ ազդեցիկների շրջանում։ Ռոբերտ Քոչարյանը մեծ հարգանք ունի ոչ միայն հայերի շրջանում, այլ նաև արտերկրի հեղինակավոր ու ազդեցիկ դեմքերի շրջանում, ու չնայած, որ 4 միլիոն դոլարը մեծ թիվ է, բայց, կարծում եմ, պետք է որ հնարավոր լինի հավաքել՝ օգտագործելով կապերը։ Բայց այստեղ կան մի քանի խնդիրներ․ նախ՝ երկրորդ նախագահն ինքը 2019թ․ սեպտեմբերին դատական նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցը գրավով փոխելու հարցը, ասաց․ «Փաստն այն է, որ և իմ և իմ ընտանիքի հաշիվները սառեցված են։ Ակնհայտ է, որ այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, մեկից վերցնեմ։ Ես կյանքում պարտքեր չեմ արել»։

Այստեղ կան նաև մի շարք այլ ռիսկեր ու խնդիրներ ևս։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, թե ինչպես կարող են մեր երկրում շինծու գործեր հարուցվել։ Օրինակ՝ Արմեն Թավադյանի գործը, երբ բեմադրվեց ինչ-որ ռեպորտաժ, թե մեկը ինչ-որ վկայի փորձում է «գնել», հետո հայտարարվեց, թե դա պատվիրել էր Արմեն Թավադյանը, և մարդուն կալանավորեցին։ Հիմա միանգամայն հնարավոր է, որ նման անգրագետ ձևով մի բան բեմադրվի, թե, ասենք, Ռոբերտ Քոչարյանի ցուցումով որոշել են այսինչ վկայի վրա ազդել, ու մարդուն նորից կալանավորեն, գրավն էլ պետականացնեն, մանավանդ հիմա, երբ պետությունը փողի լուրջ կարիք ունի։

Հնարավո՞ր է․ միանգամայն։ Եղած բոլոր 850 վկաներից միայն 3-4 հոգի են, որ շփում են ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Բացի այդ, եղած ցուցմունքներից չկա որևէ մեկը, որ նա կցանկանար ազդելու միջոցով փոխել տալ, ու այդ մասին երկրորդ նախագահը բազմիցս հայտարարել է։ Բայց դե Նիկոլ Փաշինյանի էժանագին տրյուկները շատերին են հայտնի։

Այնպես որ, դեռ պարզ չէ՝ արդյո՞ք երկրորդ նախագահն ունի գրավը վճարելու ոչ միայն հնարավորություն, այլև՝ ցանկություն՝ հաշվի առնելով, որ խնդիրը բազմակողմանի է։ Դա, միանշանակ, իր որոշելիքն է։

Մի բան էլ․ Երկորդ նախագահի կողմնակիցները կամ հակառակը՝ իշխանականները պետք է կարողանան հասարակությանը հասկացնել, որ խոսքը չի գնում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման քրեական գործը կարճելու մասին, չնայած որ դրա հերթն էլ կգա։ Դատական գործընթացը շարունակվելու է, պարզապես հիմա, արդեն, կանցնեն բուն դատաքննությանը, և դա լավ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին կմասնակցի ոչ թե ԱԱԾ մեկուսարանից գալով, այլ տնից։ Երեքշաբթի հերթական դատական նիստն է, դրանից հետո էլի ամենշաբաթյա ռեժիմով Աննա Դանիբեկյանը նիստեր կնշանակի․ եթե օրինակ, բժշկական միջամտության կարիք չունենա և այդ ու այլ պատճառներով երկու ամիս չգնա արձակուրդ։ Պատկերացրեք, որ շաբաթը մեկ անգամ են նիստեր լինում, իսկ դատարանը պետք է լսի 800-ից ավելի վկաների, որոնցից ոչ մեկի ցուցմունքը Ռոբերտ Քոչարյանի դեմ չէ․ ստացվում է, որ այս տեմպերով 7 տարի և ավելի պետք է դատական նիստ ընթանա։ Իսկ ոչ մի բանով մեղքը չապացուցված մարդը չպետք է նստի մեկուսարանում ու հետո կամ արդարացվի կամ՝ կարճվի գործը։

Անիմաստ է, չէ՞։

Ինչո՞ւ դատավորը կայացրեց նման որոշում․

Սա շատ կարևոր է, ի դեպ։ Դատավորի վարկանիշը բավականին բարձր է՝ 56, ինչը ի սկզբանե շատ բան էր ասում։ Արսեն Նիկողոսյանի վարած նիստերը ձանձրալի չեն անցնում․ նա կարողանում է լսել բոլոր կողմերին, իր մյուս կոլեգայի պես չէ, որ կողմերից մեկին չլսած՝ գնա ու որոշում կայացնի։ Արսեն Նիկողոսյանը հնարավորինս հարցախեղդ արեց բոլոր կողմերին, բայց նաև չթողեց, որ, օրինակ, տուժող կողմի՝ 30 մլն դրամ ստացած ներկայացուցիչները սրտի ուզած ցնդաբանությունն ասեն, ինչը կապ չունի քննարկվող թեմայի հետ, և որը անում են Աննա Դանիբեկյանի պարագայում՝ առանց ընդհատվելու։ Ու դատավորն այդ հարազատներից մեկին, որն իրեն հատկացված ժամանակը տրամադրում էր անկապ ելույթի համար, ասաց, որ այդ ելույթը կունենաս Դանիբեկյանի մոտ, բայց՝ կոռեկտ, այստեղ ես եմ որոշում կայացնում, խոսեք հարգանքով։

Եվ ուրեմն, կամ դատավորին զանգ չի գնացել, նա շարժվել է օրենքի և խղճի մտոք, կամ զանգ է գնացել, բայց նա չի ենթարկվել, կամ էլ զանգ է գնացել և նա ենթարկվել է, ու սա մեկ այլ սցենարի տաբերակ է։

Այսօր համացանցում հանդիպեցի մի քանի գրառում, որոնց միտքն այն էր, որ օրեր անց Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ՌԴ՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին։ Նիկոլ Փաշինյանն այնքան է լարել հարաբերությունները ՌԴ-ի ու նրա նախագահի հետ, որ անգամ հարցականի տակ է երկու ղեկավարների առանձնազրույցը։ Բոլորովին գաղտնիք չէ ՌԴ նախագահի վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ընկերական-մտերմիկ հարաբերությունները, և Նիկոլ Փաշինյանը ՌԴ մեկնելուց առաջ ժեստ է անում, թե բա, տեսնում ե՞ք, ես կապ չունեմ, անկախ դատական համակարգ է և այլն։

Այս տարբերակին հակված չեմ հավատալու․ կարծում եմ՝ դատավորը կայացրել է ինքնուրույն որոշում, որը նաև տեղավորվում է իր արած դատավարության տրամաբանության մեջ՝ երևի թե չհաշված գրավի գումարի չափը։

Ամեն դեպքում, արձանագրենք, որ Հայաստանում սա այն քիչ դեպքերից է, երբ Ռոբերտ Քոչարյանի գործի իրավական առումով ընթացքը արդարադատություն իրականացնելու մեջ է տեղավորվում։ Իրոք, փորձը ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորները, որոնք կայացնում են նրան ազատազրկելու որոշում, սովորաբար ցածր վարկանիշ ունեցող են, իսկ մեղադրողների փաստարկները՝ անհամոզիչ։ Այս, որոշումը խոսում է արդարադատության փոքր քայլերով կայնանալու մասին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ