18 06 2020

Նա զբաղվում է պետական սպեկուլյացիայով

Նա զբաղվում է պետական սպեկուլյացիայով

Արտակարգ դրությունը արտակարգ որոշումներ ընդունելու միջոցով պետության ու ժողովրդի անվտանգությունը արտակարգ կերպով ապահովելու ժամանակն է։ Արտակարգ դրությունը սպեկուլյացիայի ցանկացած դրսևորում արտակարգ կերպով բացառելու ժամանակն է։ Մինչդեռ արտակարգ դրության այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասում է. ով պետք է մահանա` մահանալու է։ Այսինքն. կարող եք` մի մահացեք, իսկ ինձ հանգիստ թողեք։ Այսինքն. պետությունն ու ժողովրդին թողել է ինքնահոսի, ոչնչացրել է առողջապահական, էներգետիկ, հաղորդակցային, ֆինանսական, պարենային, սոցիալական, ազգային անվտանգության բոլոր հնարավորությունները և զբաղվում է պետական սպեկուլյացիայով։

Մի՞թե սպեկուլյացիա չէ, երբ աշխարհում միակը մեր երկիրն է, որտեղ իշխանությունը արտակարգ դրության պայմաններում քաղաքացուն պաշտպանելու բոլոր պարտավորություններից ու պատասխանատվությունից հրաժարվում է և ժողովրդին դարձնում է տուգանվելու մատերիալ` տուգանք նշանակելով դիմակ չկրելու, դիմակը սխալ կրելու կամ առանց անձնագրի փողոց դուրս գալու համար։ Մի՞թե սպեկուլյացիա չէ, երբ մարդուն տուգանում են իր մեքենայում առանց դիմակ նստելու, բակում կանգնելու կամ ամայի այգում զբոսնելու համար, բայց ֆուտբոլի ազգային առաջնությունը վերսկսում է։

Իսկ երբ իշխանությունը սպեկուլյացիային տալիս է պետական կարգավիճակ, ապա նույն այս իշխանության «բարձր» հովանու ներքո գործող օլիգարխները չեն կարող, իրավունք չունեն արտակարգ դրույթունը չվերածել լայն սպառման ապրանքների ու հանրային ծառայությունների գները արտակարգ թանկացնելու սպեկուլյատիվ միջոցառման։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար արտակարգ դրությունը նախ և առաջ ընտանեկան հիմնադրամները արտակարգ ծավալներով համալրելու արտակարգ հնարավորություն է։ Մինչդեռ աշխարհի բոլոր խելամիտ երկրները արել են ճիշտ հակառակը. կարանտինի պայմաններում նախ և առաջ ցանկացած տեսակի ու մակարդակի սպեկուլացիաները կանխելու որոշումներ են ընդունել, չեն սահմանել ժողովրդի սոցիալական բեռը ծանրացնող տուգանքներ։ Ահա թե ինչն եք սխալ արել։  

Մեծ կոմբինատոր Բենդերը նման դրսևորումներ տեսնելիս` ճշգրիտ նշում էր պատճառը. ալպիական մուրացկանություն, ծանր մանկություն, վիտամինների պակաս։ Մեր երկրի վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանն ինքն է հաստատում, որ իր խոսքը գրոշի արժեք չունի, իր կոչերին ականջ դնող չկա։ Ինքն է ապացուցում, որ կարանտինի պահանջները միայն ու միայն ժողովրդին տուգանքի մատերիալ դարձնելու նկրտումով են հնարված։ Մինչդեռ երեկ նա կուռք էր, ու ոմանք նրա հրամանով պատրաստ էին մեռնել։

Անիրագործելի խոստումներ շռայլելու միջոցով ժողովրդին, քաղաքացիներին խաբելու, շարունակաբար ստելու ու զոռբայության ճանապարհով Նիկոլ Փաշինյանը զավթեց մեր երկրի վարչապետի պաշտոնը։ Գործադիր իշխանությունը յուրացնելուց հետո իր վաղեմի պատվիրատուների պահանջով ու սորոսական վերահսկողությամբ պարտադրեց պառլամենտական ընտրություններ և սեփական «Քաղաքացիական պայմագիր» կոչված տարատեսակ փոքրամասնական ակտիվիստների հավաքածուին նշանակեց խորհրդարանական մածամասնություն։ Նույն այս թավշյա հավաքածուն նրան «ընտրեց» վարչապետ։

Թեև սրանք իրենց հռչակեցին «ժողովրդի ծառաներ» բայց ո՛չ վարչապետ դարձած Փաշինյանը, ո՛չ ինֆանտների կառավարությունը, ո՛չ կամակատարների 89 հոգիանոց խմբակցությունը ժողովրդի հետ քաղաքացիական պայմանագիր չկնքեց։ Այսինքն՝ օդ կրակած խոստումներից ու բանավոր հորջորջանքներից ոչ մեկը գոնե ձևական արձանագրում չստացան։ Խաբեություններն ու ստերը առավել արտառոց, անիրական ու զավեշտական դրսևորումներ ստացան։ Այսինքն. Փաշինյանն ու ՔՊ-ն ժողովրդի, քաղաքացիների հետ ոչ մի քաղաքացիական պայմանագիր չունի և ազատ է անել խելքին փչածը, քանի որ չունի ոչ մի պարտավորություն, քանի որ ունի անպատիժ խաբելու արտակարգ, բացառիկ ու աննախադեպ մենաշնորհ։  

Այս մենաշնորհի շահադիտական կիրառումներից է Ծառուկյանի նկատմամբ իրագործված ԲՀԿ- շոուն, որի նպատակը, գուցե, Ծառուկյանից գումար շորթելն է։

 Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ