18 06 2020

Փաստեր՝ արդարադատության համակարգի երկակիության մասին

Փաստեր՝ արդարադատության համակարգի երկակիության մասին

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը քննում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթը: Նշենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Ըստ մամուլում շրջանառվող տարբեր լուրերի՝ կարգապահական վարույթ հարուցելու պատճառը Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում ՀՔԾ հասցեին հնչեցրած որոշ արտահայտություններն են եղել:

Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորը, իսկ  2020 թվականի հունիսի 18-ի դրությամբ՝  դատավորների վարկանիշավորման helpcourt.am հարթակում  նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 88 միավոր:

Պետք է նշել, որ հերթական անգամ ականատես ենք լինում երկակի ստանդարտների կիրառմանը: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով քննության ժամանակ, դատավոր Արմեն Դանիելյանը թույլ չտվեց պաշտպանական կողմին խոսել և առարկություններ ներկայացնել: Սա իր տեսակով աննախադեպ էր հայաստանյան իրավական պրակտիկայում:

Այդ ժամանակ դատավորի նկատմամբ որևէ վարույթ չհարուցվեց, ավելին՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ հիմք չի տեսնում կարգապահական վարույթ սկսելու համար:

Երբ առաջին ատյանի Աննա Դանիբեկյանը անձի ազատության հարցի քննությունը վիրահատության, հետո էլ արձակուրդ գնալու պատճառով հետաձգում էր մոտավորապես երեք ամիս, ո՛չ ԲԴԽ-ն, ո՛չ էլ նախարարը հիմք չտեսան կարգապահական վարույթ հարուցելու:

Իսկ քննիչների մասով պատկերն իսկապես զավեշտալի է: Այս երկու տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերում իրավաչափ գործելու և շահարկումների առիթ շտալու փոխարեն, քննիչները գործում են փնթի և բազմաթիվ սխալներով:

Դատարանը Դավիթ Գրիգորյանի գործը վերջին դեպքն էր: Դատարանի որոշումով արձանագրվեց, որ խախտվել են  Դավիթ Գրիգորյանի իրավունքները և աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրգործ է հարուցվելու:

Դեռ անցած տարի դատարանը արձանագրել էր, որ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, երբ քննիչի կողմից կալանք էր դրվել նրա ամբողջ գույքի վրա: Սակայն դատարանի որոշումից հետո քննիչի նկատմամբ որևէ պատժամիջոց չկիրառվեց:

Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գործի նախաքննությունից հետո արդեն բացահայտեցին, որ ամեն անգամ կալանքի միջնորդություն ներկայացնելիս քննիչը թաքցրել է 12 անձի ցուցմունք՝ դատարանին ներկայացնելով միայն մեկը:

Իսկ ՀՔԾ պետի հայտարարությունների մասին բավական է միայն նշել, որ հրապարակային հայտարարություններով դատավորին ուղղորդում էր կալանք տալ-չտալու մասով, իսկ գաղտնալսումենրի դեպքում կոնկրետ որոշում ում կալանավորել և ինչպես ցուցմունք կորզել: Նախաքննական  մարմնի պատասխանատուն հակասական հայտարարություններ էր անում, մեկ ասում էր Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքներից առգրաված զենքը կապ ունի Մարտի մեկի հետ, օրեր անց ասում, որ՝ չէ, չունի:

Մեկ այլ գործով, որով անցնում էր նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, արգելանք էր դրվել Բաբայանի տեսակցությունների վրա: Երբ փաստաբաններն ասել էին այս մասին, ՀՔԾ-ն շտապել էր հերքել, որից հետո փաստաբանների խումբը ՀՔԾ որոշումն էին հրապարկել, դրանից հետո միայն ՀՔԾ պետը խոստովանեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել:

Այս բոլոր դեպքերում էլ որևէ արձագանք չտեսանք պատկան մարմինների կողմից, նրանց լուռ համաձայնությամբ շարունակվում էին ոչ իրավաչափ գործողությունները: Իսկ այսօր այդ նույն ՀՔԾ-ն հաղորդում է ներկայացնում, որովհետև դատավորը ինչ-որ հայտարարություններ էր արել, որը, պարզվում է Սասուն Խաչատրյանի սրտով չէ:

Վերջում պարզապես ներկայացնենք մի հատված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցից. «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման»։

 Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ