15 06 2020

Ատոմակայանը՝ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության հերթական օջախ

Ատոմակայանը՝ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության հերթական օջախ

Հայկական ատոմակայանի դերի ու նշանակության մասին կարիք չկա ավելորդ անգամ խոսել։ Չգործի այն, կկանգնենք 90-ականներին հիշեցնող աղետի առջև։ Սակայն, ինչպես երևում է, իշխանության ղեկին գտնվող մի խումբ տգետներ չեն գիտակցում դա։ Նրանց արկածախնդրություններից զերծ չմնաց նաև ԱԷԿ-ի պես կարևորագույն օբյեկտը։ Անցած շաբաթ կառավարության նիստում հաստատվեց Հայկական ԱԷԿ-ի վերանորոգման նպատակով հատկացված ռուսական վարկից հրաժավելու և «սեփական միջոցներից» բյուջետային  վարկ տրամադրելու որոշումը։

Նախ՝ տեղեկացնենք, որ Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը մինչև 2027 թվականը երկարացնելու նպատալով Ռուսաստանի Դաշնության կողմից 2015 թվականից Հայաստանի Հանրապետությանն է տրամադրվել 270 մլն դոլար վարկ և 30 մլն դոլար անհատույց՝ տեխնիկական աջակցություն։ Վարկը տրամադրվել է ցածր՝ 3 տոկոսով։ Այդուհանդերձ, Հայաստանի կառավարությունը որոշել է հրաժարվել վարկի մնացած գումարից և հետագա վերանորոգումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ Սա բազամաթիվ հարցականներ է առաջացրել, որոնց պատասխանները ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ կառավարության մյուս ներկայացուցիչները պարզապես չեն տալիս։

Առաջին հերթին անհասկանալի է, թե վարկի ո՞ր մասն է մնացեծ չծախսված։ Ըստ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, մնացորդը 107 մլն դոլար է, ըստ Հայաստանում ՌԴ դեսպանի՝ 70 մլն դոլար։ Այնուհետև, ըստ Հայաստանի կառավարության՝ հայկական կողմը հրաժարվել է վարկից, ըստ Հայաստանում ՌԴ դեսպանի՝ կոռեկտ չէ ասել, որ հայկական կողմը հրաժարվել է վարկից։

Երկրորդը, անհասկանալի է, թե ներկայիս բյուջեի եկամուտների անկման պարագայում ի՞նչ գումարներով է հայկական կողմը շարունակելու ատոմակայանի վերանորոգումը։ Փաստորեն, գումարների ավելցուկ է՞լ ունենքբայց բյուջեի դեֆիցիտ ենք ավելացնում և նոր արտաքին պարտքեր վերցնում։

ԱԷԿ-ի դեպքում խոսվում է պետական պարտատոսմեր թողարկելու մասին։ Եթե խոսքը միջազգային պարտատոմսերի՝ եվրաբոնդերի մասին է, ապա դրանք ավելի բարձր տոկսադրույք ունեն, քան ռուսական վարկի 3 տոկոսը։ Եթե ներքին պարտատոմսերի, ապա հարց է առաջանում նաև, թե ինչպե՞ս դրանք կսպառվեն՝ դարձյալ նույն ճգնաժամի պատճառով։ Մարդիկ և կազմակերպությունները ավելորդ գումար չունեն ակտիվներ ձեռք բերելու և մի կողմ դնելու համար։

Հայկական կողմը ռուսական վարկի մնացորդից հրաժարվելու պատճառ է բերում անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերումն ավելի էժան գնով կատարելու համար։ Բանն այն է, որ Հայկական ԱԷԿ-ի նորոգումն իրականացնող «Ռոսատոմը» դա անում է ռուսական ընկերությունների արտադրության սարքավորումներով։ Այդ գնումների համար, ըստ որոշ տվյալների, լրացուցիչ մոտ 20 մլն դոլարի անհրաժեշտություն է առաջացել, ինչն պատճառ է դարձել, որ հայկական կողմը հրաժարվի վարկից։ Դատելով այն փաստից, որ Հայաստանում սորոսական լրատվամիջոցները սորոսական «փորձագետների» միջոցով սկսեցին գովերգել Հայաստանի կառավարության իրենց բնորոշմամբ «ինքնիշխան» քայլը, կարելի է ենթադրել, որ վերոնշյալ քայլը առանց վերջիններիս կազմակերպության քաջալերանքի չի եղել։

Փաստորեն ԱԷԿ-ի շուրջ այսօր ունենք մի իրավիճակ, որն առաջացել է մի քանի գործոնների համատեղմամբ։

Առաջին և հիմնական գործոնը արտաքին ճնշումն է։ Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից հայկական ատոմակայանը փակելու պահանջը պահպանվում է։ Ի դեպ, ատոմային էներգետիկայի միջազգային կաղմակերպությունը՝ ՄԱԳԱՏԵ-ն մշտական հսկողության տակ է պահում Հայկական ԱԷԿ-ի գործունեությունն և նորոգման աշխատանքները և համարում է, որ անվտանգության բոլոր չափանիշները պահպանովւոմ են։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած քաղաքական հալածանքները «չտեսնելու» դիմաց եվրոպական կառույցները ուժեղացնում են ԱԷԿ-ը փակելու ճնշումը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հայտարարել, որ դադարեցնում է ատոմակայանի գործունեությունը, ապա դա անում է աստիճանաբար։ Սկզբնական շրջանում հրաժարվելով ռուսական գումարից, հետո ԱԷԿ-ը նորոգող ռուս մասնագետներից, ապա ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարացումից՝ հայտարարելով, որ այն անվտանգ չէ և պետք է փակվի։ Սրանով նա ցույց է տալիս, որ գնում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունից Հայաստանի հրաժարվելու՝ արևմտյան ուղղորդողների ուրվագծած ճանապարհով։

Երկրորդ պահը Նիկոլ Փաշինյանի՝ իբր խնայողություններ անելու հերթական բեմադրությունն է։ Ըստ այդ սցենարի, ասվում է, որ մենք շուկայից ավելի էժան կգնենք այն սարքերը, որ առաջարկում են մեզ ռուսները և կասենք, որ այսքան գումար խնայեցինք։ Սակայն նա մոռանում է, որ ատոմակայանը Ենոքավանի գյուղական խանութը չէ, այլ ռազմավարական նշանակության և խիստ մասնագիտացված օբյեկտ։ Եթե ռուսական ընկերությունների նորոգման աշխատանքները կատարում են իրենց սարքավորումներով, ապա պատասխանատու են դրանց համար։ Եթե նրանք դա անեն այլ սարքավորումներով, ապա ինչպե՞ս են ստանձնելու պատասխանատվությունը դրանց անխափան և անվտանգ գործելու համար։ Հետևաբար, ատոմակայանի հաշվին ինքնագովազդ անելը վտանգավոր արկածախնդրություն է։ Կարիք կա՞ ասելու, թե հնարավոր վթարն այստեղ ինչի կարող է բերել և հիշեցնելու Չեռնոբիլի օրինակը։ Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքը պարզապես կոչնչանա նման դեպքում՝ հարյուր հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալով և ռադիացված անօգուտ տարածքի վերածվելով։ Սա՞ է Նիկոլ Փաշինյանի խնայողության և ինքնագովազդի գինը։    

Մենք այստեղ չենք խոսում, թե ի՞նչ խնդիրներ կարող են լինել Ռուսաստանի կողմից Հայաստանին միջուկային  վառելիքի տրամադրման, դրա համար տրվող զեղչերի, էլեկտրաէներգիայի սակագների, մեր երկրի վարկային պատմության և բազմաթիվ այլ հարցերի հետ, չենք խոսում այն մասին, որ մեր ատոմակայանը կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ և նրա նորմատիվներով, հետևաբար միայն Ռուսաստանը կարող է իրականցնել դրա համար վառելիքի մատակարարումը, կայանի սպասարկման և վերանագորման աշխատանքները։  Այս ամենի մասին մասնագիտական պարզաբանումներ և հիմնավորումներ բազմիցս տրվել են։ Դրանք թեև կարեոր, բայց ածանցյալ հարցեր են, իսկ գլխավորն այս պահին դարձել է քաղաքական և մանիպուլյատիվ նպատակներով ատոմակայանի շուրջ Նիկոլ Փաշինյանը սկսած վտանգավոր արկածախնդրությունը։ Այդ վտանգը կանխելը մեր բոլորիս պարտավորությունն է։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ