Տհաճ է, ինչ խոսք, երբ մարդն ասում է, որ հիվանդ է, իր ընտանիքի անդամները վարակվել են, և արձագանքը չարախնդությունն է լինում: Դա ոչ միայն տհաճ է: Դա սխալ է, մերժելի, անընդունելի: Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե ինքը կորոնավիրուսով է վարակվել ու նաև վարակել է տնեցիներին, և գտնվեցին չարախնդությամբ արձագանքող մարդիկ: Դա հատկապես նկատելի էր սոցցանցերում:
Շատերը պարզապես չհավատացին Փաշինյանի հայտնած այդ տեղեկությանը: Նորմալ, ողջամիտ ընկալման տիրույթում նման բաների հետ «խաղալը» ոչ մի կերպ չի տեղավորվում: Բայց դա, այնուամենայնիվ, այլ խնդիր է, և հիմնականում՝ տեղեկությունը հայտնողի խնդիրն է, ինչը պայմանավորված է, իհարկե, հանրության վստահությունը չարաշահելու և դրան զուգահեռ՝ նույն այդ վստահությունը կորցնելու հետ:
Առավել մտահոգողը չարության դրսևորումներն են: Ամենից տխրեցնողը այն բանի պարզ գիտակցումն է, որ դա որքան ցավալի, նույնքան էլ անխուսափելի երևույթ է: Մի բան, որի մասին, ի թիվս այլոց, զգուշացնում ու զգուշացնում էիր, բայց լսելու ցանկություն ունեցող չկար: Ամենևին պայտծառատես կամ մարգարեական հակումներ ունենալու կարիք չկար՝ հասկանալու համար, որ նույն Փաշինյանի ու իր «քայլակիցների» կողմից արդեն երկու տարի (դեռ դրա նախորդող շրջանը չհաշված) առատորեն ցանվող չարության, ատելության, ներքին թշնամանքի, այլ կարծիք ունեցողներին, քաղաքական հակառակորդներին վիրավորելու, հայհոյանքի, անեծքի քամիները աճելու են, ինչից հետո, մի օր գալու է աճած փոթորիկները հնձելու դաժան ժամանակը:
Ու ի՜նչ «քամիներ» էին: Բաներ, որ երբեք ու ոչ մեկին չեն ներվում, եթե նույնիսկ մարդիկ ներեն: Չի ներվում մարդուն իր հայացքների ու կարծիքի համար հալածելը, ըստ որում, նրա տան, բնակարանի պատերի ու լուսամուտների տակ, նրա զավակների ու ծնողների աչքի առաջ ամբոխային վայնասունով վիրավորելը:
Չի ներվում ողջ մարդկանց տան շեմին դագաղի կափարիչ, սգո պսակ ու ժապավեն դնելը, երեխաներին անիծելը: Չի ներվում երեխաներին քաղաքական պայքարի թիրախ ու առարկա դարձնելը: Ու էլի շատ բաներ չեն ներվում:
Ու չներվեցին, ու ցավոք, դեռ երկար շարունակվելու է չներման այդ ընթացքը:
Երկրում, որտեղ նյութապես շոշափելի էր դարձել չարությունն ու ատելությունը, չէր կարող նման մի կատակլիզմ չլինել, ինչպիսին տանում ենք այսօր:
Մոտավորապես երկու տարի առաջ, նման մի առիթով, Փաշինյանի ու իր «քայլակիցների»՝ չարություն գեներացնող հռետորաբանության հետ կապված, նկատել էի՝ տղերք, որ տեսնում եմ, թե ինչ եք ցանում, վախենում եմ պատկերացնել, թե ինչ եք հնձելու: Ցավում եմ, բայց «հունձքը» իմ վախեցած-պատկերացրածից էլ ավելի ահավոր կարող է լինել:
Սթափությա՞ն կոչել: Ուշ է: Ինչպես արդեն բաց են թողնված այս չարաբաստիկ վարակի դեմն առնելու հետ կապված մի շարք պահեր ու գործեր:
Հիմա, երբ սկզբում նշված չարության դրսևորումներից Փաշինյանի կողմնակիցները սրտնեղում կամ վրդովվում են, դա որքան էլ մարդկայնորեն հասկանալի է, չի դադարում օրինաչափ ու անխուսափելի լինելուց: Իսկ երբ վրդովմունքի ռեակցիան մի փոքր թուլանա, կարող են հիշել, թե իրենք ինչ չգրված օրենքներ ոտնատակեցին:
Բնականաբար, չեմ չարախնդում: Պարզապես արձանագրում եմ: Ասենք, չէ, պարզապես չէ՝ ցավով: Ոչ թե «քայլականների» կամ, թեկուզ Փաշինյանի համար՝ ցավով: Այլ իմ երկրի ու հասարակության համար: Որովհետև չարացածների բազմությունը դադարում է հասարակություն լինելուց: Որովհետև չարությամբ կարելի է քանդել: Կառուցել՝ ոչ:
Հիմա, իհարկե, այլ իրավիճակ է: Էլ «կախարդական փայտիկի» մասին համարյա հիշող չկա: Հիմա «կախարդական փայտիկը» մահակ է դարձել, թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական իմաստով:
Փաշինյանի «կախարդական փայտիկը» հանրության մի նկատելի մասի, փողոց ելած ու ակտիվ ինքնադրսևորվող մասի վստահությունն էր: Չափազանցված, էյֆորիկ տրամադրություններով պայմանավորված վստահությունը, հուսավառությունը, որ անձի պաշտամունքի հիվանդագին դրսևորումների էլ էր հասնում: Անցած երկու տարիներին բազում ու անողոք հարվածներ եղան այդ վստահությանը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կորոնավարակի փորձությունը բացահայտ ի ցույց դրեց «կախարդական փայտիկով» ձևավորված «թավշյա« իշխանության մերկությունն ու սնանկությունը: Եվ հիմա այդ «կախարդական փայտիկը» ակնհայտորեն վերափոխվում է «հուսախաբության մահակի», եթե կուզեք՝ դագանակի, և բաց մնացած գլխավոր հարցն այն է, թե ով կկարողանա դա տեղին, ժամանակին ու ճիշտ գործածել:
Ի լրումն, «թավշյա» իշխանությունն էլ, թերևս սպառելով արդեն լրիվ մեխանիկորեն հնչող «սիրում եմ, հպարտանում եմ, խոնարհվում եմ»-ի պաշարը, ոստիկանական մահակից ու բիրտ ուժից բացի, այլ բան չի կարողանում առաջարկել իր «ծագումնաբանության» սուբյեկտին կամ ինչպես այդքան սիրում են ասել՝ ժողովրդին:
Կորոնավարակը, իհարկե, մի օր կմարի: Հարցն այն է, թե մեր հասարակությունն ու մեր երկիրը ինչ կորուստներով դուրս կգան այս վիճակից:
Բուն հարցն այն է, թե հաջորդ իշխանությանը որքանո՞վ կհաջողվի վերակազմակերպել հասարակությանը՝ ինչպես կորոնավարակի, այնպես էլ պոլիտիկանության արդեն երկամյա համաճարակի ավերիչ հետևանքները հաղթահարելու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը