Նորմալ հասարակության մեջ բռնությունն անընդունելի է: Նորմալ հասարակությունները, նորմալ պետություններում ունենում են գրված ու չգրված կանոններ, որոնցով կարգավորվում են նման դեպքերը, երբ արձանագրվում է բռնության դրսևորում: Գրվածը՝ քրեական օրենսգիրքն է: Չգրվածից եկող, բայց նաև հիշյալ օրենսգրքում ամրագրված կանոններից է այն, որ կանանց, երեխաների, տարեցների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է: Գրվածով դրա համար ավելի խիստ պատիժ է սահմանված: Իսկ չգրվածով նման արարք թույլ տրված անձինք դուրս են մղվում հասարակությունից, արհամարհանքի են արժանանում:
Բայց բռնության դրսևորումներից վատ բան էլ կա: Այն, որ բռնության դրսևորումը դառնում է առօրեական, սովորական մի բան: Դա ամենից ահավորն է, ու միաժամանակ, որևէ հանրույթի կազմալուծման նախակարապետը: Քանդման սկիզբը:
Ցավալի է նկատել, որ մեր իրականության մեջ բռնության դրսևորումները դառնում են առօրեական: Լինի՝ վերբալ բռնություն, թե ֆիզիկական ուժի գործադրում:
Վերջին դատապարտելի օրինակը հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի՝ անչափահաս երեխաների և կնոջ վրա կատարված հարձակումն է:
Կատարվածը, ու առհասարակ, վերջին շրջանում հաճախակի դարձած նմանօրինակ դրսևորումները, հատկապես իշխանության տարբեր կողմնակիցների ու նաև ներկայացուցիչների կողմից գեներացվող ագրեսիվ խոսելակերպը, սպառնալիքները, անձնական վիրավորանքը հասարակության տարբեր ներկայացուցիչների մղում են ինքնապաշտպանության մասին մտածելու անխուսափելի մտքին: Շատերը դրա մասին արդեն միանգամայն բարձրաձայն են արտահայտվում:
Սա հստակ ազդանշան է, որը սակայն, ամենայն հավանականությամբ, չնկատելու կտան օրվա իշխանավորները: Այդպիսի՞ ազդանշաններ են անտեսել:
Այո, ագրեսիվ խոսքով միայն իշխանության կողմնակիցները չէ, որ աչքի են ընկնում: Անհեթեթություն կլինի ժխտել այն, ինչը գրավոր արձանագրվում է տարբեր կայքերի, սոցցանցերի մեկնաբանությունների հատվածում:
Բայց մեծ հաշվով, այս՝ այլևս անտանելի դարձող ագրեսիվ մթնոլորտի հիմնական պատասխանատուն հենց իշխանությունն է: Մեր դեպքում՝ կրկնապատիկ, եթե ոչ՝ եռակի չափով է իշխանությունը դրա պատասխանատուն:
Բանն այն է, որ կառավարության ղեկավարի մակարդակով հրապարակայնորեն արվում են երբեմն՝ քողարկված, իսկ առանձին դեպքերում ոչ էլ քողարկված ագրեսիա պարունակող հայտարարություններ:
Մյուս կողմից, ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունենում քաշքշուկով և հարվածներով ուղեկցվող խուլիգանություն, իսկ իշխանությունը երեսանց դատապարտելով հանդերձ, ձեռքի հետ «տակից» արդարացնում է տեղի ունեցածը: Ավելին, քրեական գործի հարուցումը մերժվում է:
Դա էլ է ազդանշան, բայց արդեն՝ իշխանությունից հանրությանն ուղղված:
Ավելին, իշխանությունը բռնության դրսևորումների հանդեպ իր վերաբերմունքը պայմանավորում է «յուրային-օտար» տարբերակով: Պարզ ասած, իշխանության կողմնակիցները բռնության դրսևորումներով, նաև հայտարարություններով աչքի ընկնելու համար պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ այ, եթե հանկարծ իշխանության քննադատողներից մեկն է թույլատրելիի սահմանն անցել, ապա նրա նկատմամբ կիրառվում են պետական պատժիչ մարմինների հնարավորությունները՝ ամբողջ ծավալով ու խստությամբ:
Եթե իշխանության կողմնակիցները մարդուն իր կամքին հակառակ, բռնած քարշ են տալիս՝ ոչի՜նչ: Բայց այ, եթե իշխանական խմբակցության պատգամավորի մի հեծանվորդ բան է ասել, ուրեմն՝ ձերբակալում-կալանավորում, քրեական գործ: Երկերեսանի կամ երկակի ստանդարտների այդ մոտեցումը նորություն չէ, առհասարակ, բայց «նոր Հայաստանում» այնքան ընդգծված ու ցցուն է, որ էլ ասելու չէ:
Այս ամենի համար իր անմիջական պատասխանատվությունը չընկալող կամ դա չկարևորող, ավելին՝ «ընտրովի արդարադատություն» խրախուսող փաշինյանական իշխանությունը, նման գործելակերպ ունեցած այլ իշխանությունների նման, խորին մոլորության մեջ է, եթե կարծում է, թե հասարակության կողմից դա չի նկատվում, մարդիկ հետևություններ չեն անում: Էլ ավելի մեծ մոլորություն է կարծել, թե այդ ամենի համար պատասխան չի տրվելու, թե այդ ամենը անհետևանք է մնալու:
Գալու է, իհարկե, նաև պատասխան տալու օրն ու ժամը:
Անհանգստացնողը սակայն այն է, թե որքան ծանր կարող են լինել հետևանքները, և դեռ որքան ջանք ու ժամանակ կպահանջվի հասարակությունն ատելության ու մաղձի երկրակուլ ճահճից դուրս բերելու և նորմալ հասարակության վիճակին վերադարձնելու համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը