Իշխանության կողմից Սահմանադրական դատարանի դեմ սկսված գրոհը դեռ հանգուցալուծված չէ և կարծես թե երկար է տևելու։ ՍԴ դատավորներին օրինական կաշառք առաջարկելուց, քրեական գործեր հարուցելուց հետո հանրաքվեով հարցը լուծելը ևս չի հաջողվում։ Վերջին շրջանում էլ իշխանական պատգամավորները, նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարում են, որ հարցն ամենայն հավանականությամբ կլուծվի ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարանում:
Օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ ուղղելով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր:
Հարցերի նպատակն է՝ հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաև առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը:
Դեռև պարզ չէ, թե ինչ ժամկետում կտրվեն պատասխաններ, բայց Վենետիկի հանձնաժողով դիմելու հանգամանքն ինքնին հետաքրքիր է։ Իշխանությունը, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական շատ հարցեր ներկայացնում է ըստ իր պատեհության։ Ամիսներ առաջ, երբ հանրաքվեի նախագիծը դրվում էր ԱԺ քվեարկության, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ էին անում նախագիծը կարծիք ստանալու համար ուղարկել Վենետիկի հանձնաժողով, խորհրդարանական մեծամասնությունը այս կոչը շրջանցեց։
Հիմա, պարզվում է, երբ հանրաքվեն ցանկալի ժամկետներում չի լուծելու ՍԴ դատավորներից ազատվելու խնդիրը, իշխանությունը հիշել է Վենետիկի հանձնաժողովին։
Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելը, բնականաբար, հակապետական ու հակաօրինական բան չէ։ Հավանաբար, հենց այդ կառույցը ինչոր ուղղություն կառաջարկի, որը կօգնի իշխանությանը գտնել իր համար առավել ձեռնտու լուծում։ Իհարկե դժվար կլինի, գտնել այնպիսի լուծում որը, հնարավորություն կտա առավել արագ ազատվել Հրայր Թովմասյանից, մեկ անգամ, արդեն, նրանք կարծիք հայտնել են գործընթացի հակաօրինականության մասին:
Արդեն շրջանառվում է այն նախագիծը, որով իշխանությունը պատրաստվում է հանգուցալուծել իր համար այդքան ցանկալի ՍԴ հարցը: Ըստ դրա, Սահմանադրական դատարանի շուրջ առկա վիճակը կարող է լուծվել հետևյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ:
Նշենք, որ ՍԴ կայքից տեղեկանում ենք, որ եթե այդ օրենքը ուժի մեջ մտնի, այն տարածվելու է ՍԴ դատավորներից ընդամենը երկուսի վրա: Հրանտ Նազարյանը ՍԴ դատավոր է նշանակվել 1996թ. փետրվարի 5-ին, և Ֆելիքս Թոխյանը՝ 1997 թ. սեպտեմբերի 23-ից:
Այսինքն, ստացվում է որ էլի Հրայր Թովմասյանին ձեռք տալ չի լինում, գործից կազատեն և թոշակի կուղարկեն 90-ականներին նշանակված դատավորներին և նորից կսկսեն ներքին խառնակչություններով, հոգեբանական և այլ ճնշումներով փոփոխեն կազմը, եթե ստացվի։
Եթե ՍԴ թեմայով հանրաքվե անցկացնելու համար նախատեսվում էր բյուջեից ծախսել շուրջ 7 մլն դոլար, ավելի կոնկրետ՝ այդքան գումար ծախսել ՍԴ դատավորներից ազատվելու համար, ապա հիմա ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ խնդիր է լուծելու այս նախագիծը: Երկրում կորոնավիրուսի օրական աճի պայմաններում, երբ երկրի առողջապահության թիվ մեկ պատասխանատուն ամեն օր ավելի հոռետեսական գնահատականներ է տալիս, խոսում է հիվանդներին սորտավորելու մասին, տնտեսությունը անդառնալի գահավիժում է, երբ սոցիալական խնդիրները գնալով ավելի ու ավելի օրհասական են դառնում, խորհրդարանական երկրի պառլամենտը «շատ կարևոր» հարցով է զբաղված:
ԱԺ պատգամավորները, ավելի կոնկրետ նրանց իմքայլական հատվածը, լուծումներ գտնելու, նախագծեր մշակելու փոխարեն, զբաղված են ՍԴ երկու դատավորի թոշակի ուղարկելու հարցո՞վ: Չնայած ստացվում է, որ ՍԴ մտացածին ճգնաժամը լուծելու իշխանության ամեն հաջորդ քայլն ավելի վատն է, անտրամաբանական ու կործանիչ, պետության համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը