Զբոսաշրջությունն այն ոլորտն է, որն ամենաշատն է տուժել և դեռ տուժելու կորոնավիրուսից թե Հայաստանում, թե ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Քանի դեռ անհայտ է, թե երբ կվերանա կորոնավիրուսի վտանգը, անհայտ է նաև, թե երբ կսկսի զբոսաշրջությունը «շնչել»։ Վստահաբար կարելի է ասել մեկ բան՝ զբոսաշրջային այս սեզոնը՝ ամառ և աշուն, այլևս կորսված է։
Հակառակ այն փաստին, որ կառավարությունը զբոսաշրջությունը ճանաչել է գերակա ճյուղ, ճգնաժամային այս վիճակում ոլորտին ուղղված աջակցության առանձին ծրագիր չունի։ Առավելագույնը, ինչին ձգտում են հասնել զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, այն է, որ իրենց տրամադրվեն ոչ թե 24, այլ 36 ամիս ժամկետով արտոնյալ վարկեր։ Այժմ ներկայացնենք, թե ի՞նչ մասնաբաժին ունի այս ճյուղը երկրի ընդհանուր տնտեսության մեջ և ի՞նչ կորուստներ ենք ունենում։
Նախ հիշեցնենք, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը սկսվել է 2017 թ․-ին, երբ մեր երկիր եկած զբոսաշրջիկների թիվն նախորդող տարվա համեմատ ավելացել էր 18,7 տոկոսով կամ 235 հազարով և կազմել 1 մլն 495 հազար։ Հայտնի իրադարձությունների պատճառով 2018 թ․-ի ապրիլ-հունիս ամիսներին զբոսաշրջիկների թվի անկում արձանագրվեց, իսկ տարեկան աճի տեմպը նվազեց։ Մասնավորապես, Հայաստան այցելեցին շուրջ 1 մլն 651 հազար զբոսաշրջիկ, որը 10,5 տոկոսով կամ շուրջ 156 հազարով էր ավելի, քան 2017 թ․-ին։ Անցյալ տարի՝ 2019 թ․-ին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն, ըստ վիճակագրական կոմիտեի, կազմեց 1 միլիոն 894 հազար՝ 2018 թ․-ի համեմատ աճելով 14,7 տոկոսով կամ 242 հազարով։
Ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների` մեկ զբոսաշրջիկը Հայաստանում անց է կացնում միջինը 17 օր՝ ծախսելով շուրջ 770 ԱՄՆ դոլար: Սա նշանակում է, որ 2019 թ․-ին Հայաստան այցելած մոտ 1,9 մլն զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են գրեթե 1,5 մլրդ դոլար։ Հասկանալու համար, որ դա բավականին լուրջ գումար է, տեղեկացնենք, որ նույն՝ 2019 թ․-ին Հայաստանից արտահանվել է մոտ 2,6 մլրդ դոլարի արտադրանք։ Այսինքն, զբոսաշրջությունից Հայաստան է մտել մեր արտահանման 57 տոկոսի չափ գումար։ Այն բաշխվել է ինչպես անմիջապես զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների միջև, այնպես էլ ծառայությունների և առևտրի, ավելի պակաս չափով՝ նաև արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում։
Զբոսաշրջության ոլորտում 2017 թ․-ի պաշտոնական տվյալներով ընդգրկված է եղել 44500 աշխատող։ 2019 թ․-ին, այդ թիվը ոլորտի զարգացումներին համընթաց ավելացած կլինի մինչև 50 հազարի։ Այսինքն, ակնհայտ է, որ այսօր այդքան մարդ զրկված է իր եկամուտներից և ընտանիքի անդամների թիվն էլ ներառելով, կարող ենք խոսել մոտ 200 հազար մարդու սոցիալական կացության կտրուկ վատթարացման մասին։
Բացի դրանից, այն 1,5 մլրդ դոլարը, որը զբոսաշրջիկները ծախսում էին Հայաստանում և որն այժմ այլևս չի մտնում մեր երկիր, նվազեցնելու է նաև առևտրի և ծառայությունների ոլորտների շրջանառությունները և դրանցում ընդգրկված մարդկանց եկամուտները։
Կորոնավիրուսի դեմ կառավարության անարդյունավետ և տապալված պայքարն էլ ավելի է բարդացնում իրավիճակը տնտեսության այս ճյուղում։ Որքան ուշ հաղթահարենք մեր երկրում համավարակը, այնքան հետ կմնանք զբոսաշրջության համաշխարհային վերականգնումից և կկորցնենք թե մեր երկրին արդեն ծանոթացած այցելուներին, թե պոտենացիալ այցելուներին։ Հանճար պետք չի լինել հասկանալու համար, որ կորոնավիրուսի հաղթահարումից հետո զբոսաշրջության պահանջարկը սկզբնական շրջանում արագ է վերակագնվելու և դա հնարավորություն է կորցրածը մասամբ և արագ հետ բերելու։ Այն երկրները, ինչպես օրինակ մեր հարևան Վրաստանը, որոնք արագ կհաղթահարեն համավարակը, նրանք էլ առավելագույնը կշահեն զբոսաշրջության պահանջարկի վերակագնումից։
Այս իրավիճակը պետք է համապատասխան եզրակացությունների պատճառ դառնար կառավարության համար։ Սակայն դա չկա։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հայաստանից արտերկիր զբոսաշրջության մեկնողներն այս տարի կմնան և կհանգստանան Հայաստանում՝ փաստացի փոխհատուցելով դրսից եկողների պատճառով առաջացող կորուստները։ Սակայն նա չի հասկանում, որ տնտեսական ճգնաժամը բացասաբար է ազդել նաև այդ մարդկանց եկամուտների վրա և նրանց մեծ մասը չի մեկնելու հանգստի նաև Հայաստանի ներսում։ Դա հասկանալու համար տարրական գիտելիքներ են պետք տնտեսության և զբոսաշրջության մասին, որը, ցավոք, վարչապետ դարձած անձը չունի։
Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը բացահայտեց նաև զբոսաշրջության ռիսկայնությունը նմանատիպ ճգնաժամերի դեպքում։ Հետևաբար, զբոսաշրջությունը չի կարելի դիտարկել որպես մեր տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղ։ Այն պետք է խրախուսել, խթանել, զարգացնել, բայց Հայաստանը չունի այլընտրանք քան վերստին արդյունաբերական երկիր դառնալը, ինչի դեմ կատաղորեն պայքարում են արտերկրից ուղղորդվող տարբեր ուժեր։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը