Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական «Ստի վերջը» լայվի ժամանակ խոսեց մաքսանենգ եղանակով ՌԴ արտահանված ծխախոտի մասին:
Նա, մասնավորապես նշեց, որ մայիսի 9-ին Հայաստանից մաքսանենգ հերթական ինքնաթիռն է կալանվել, այս անգամ էլ Վորոնեժի օդանավակայանում։ Մինասյանը նշում է որ ինքնաթիռում եղել է 18,5 տոննա մաքսանենգ ծխախոտ։
Flightradar կայքից տեղեկանում ենք որ ինքնաթիռը չվերթը իրականացրել է մայիսի 9-ին 19։52, ինքնաթիռը պատկանում է SmartAvia ընկերությանը որը չնայած որ ռուսական օպերատորի է պատկանում, գրանցվել է Բրիտանական Բերմուդյան կղզիներ պետությունում։
eadaily.com կայքն էլ հայտնում է, որ Վորոնեժի օդանավակայանի մերձակայքում երեք բեռնատար մեքենաներ են եղել, որոնցով պետք է մի քանի տասնյակ տոննա ծխախոտը հետագայում տեղափոխվեր Ստավրոպոլ:
Մենք փորձեցինք կապ հաստատել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի հետ՝ այս լուրերի իսկությունը ճշտելու և մանրամասներ իմանալու նպատակով, սակայն պարզվեց, որ գերատեսչությունը անգամ մամուլի հարցերով պատասխանատու չունի: Ինչպես նաև հայտնի է՝ նման կարևոր կառույցը արդեն մի քանի ամիս է, մնացել է առանց ղեկավարի: Տաթեիկ Ռևազյանը մարտից մեկնել է Դանիա՝ գտնվում է ֆիզարձակուրդում:
Քաղավիացիա մի քանի անգամ զանգահարելուց հետո սակայն, այլ պաշտոնյա, որը կոմպետենտ կլիներ տեղեկություն տրամադրելու, ցավոք չգտնվեց։ Առաջարկեցին պաշտոնական նամակով դիմել և անհայտ ժամանակով սպասել պատասխանի, այն դեպքում, երբ այս ընթացքում Քաղավիացիան ապահովում է ընդամենը 1-2 թռիչք և տեղեկություն տրամադրելը կտևեր մի քանի րոպե:
Նշենք, որ լուրը տարածվելուց հետո մամուլում նույնիսկ մանրամասներ հայտնվեցին մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ, մասնավորապես «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ այս անգամ մաքսանենգ ճանապարհով արտահանվել է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերության արտադրած ծխախոտը։ Սեփական աղբյուրին հղում տալով՝ թերթը նաև նշել էր, որ այս անգամ ևս արտադրող ընկերությունը կապ չունի արտահանման հետ, գործարքը կազմակերպել և համակարգել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավորները, ավելին, ՊԵԿ-ում էլ հրահանգել են աշխատանքից ազատել մաքսայինի այդ օրվա հերթապահներին:
Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որ առնվազն մի քանի գերատեսչությունների մասին հայտնվում է աղմկահարույց ինֆորմացիա, ԶԼՄ-երը փորձում են մանրամասներ ճշտել, այս կամ այն կառույցում իրենց աղբյուրներին ապավինել, իսկ այդ կառույցները քար լռություն են պահպանում: Անգամ հերքման մասին հաղորդագրություն չեն տարածում, մինչդեռ այդ կառույցներում տասնյակ աշխատակիցներ կան, ովքեր ամեն ամիս բացի աշխատավարձից ստանում են նաև պարգևավճարներ և պարտավոր են թափանցիկ և հաշվետու լինել հասարակությանը:
Ի դեպ, իշխանափոխությունից հետո մինչև այս տարվա հունվար ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 116.765.358 դրամ կամ շուրջ 245․000 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում 2019 թվականի պարգևավճարները կազմել են 5 մլրդ 598 մլն 364 հազար դրամ, որը համարժեք է մոտ 11,8 միլիոն դոլարի։ Այս դեպքում, ստացվում է, պարգևատրվում են, որ լռե՞ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը